«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2005-10-05 | #179, 2005-10-06 | #180, 2005-10-07


ՀԱՆՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԳԼԻԱՆ ՇԱՆՏԱԺԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Թերեւս դրանով էլ նպաստել է ԵՄ-Թուրքիա բանակցությունների սկզբնավորմանը

Հոկտեմբերի 3-ին Լյուքսեմբուրգում Եվրոմիության երկրների արտգործնախարարների արտակարգ հանդիպումը հանգեցրեց Թուրքիայի անդամակցության բանակցությունների պաշտոնապես սկզբնավորմանը: Դրա համար անհրաժեշտ եղավ կոտրել Ավստրիայի համառությունը եւ համոզել Կիպրոսի Հանրապետությանը: Ինչպես հայտնի է, բանակցային փաստաթղթերի վերջնական տեքստի առաջին հոդվածում նշված «բանակցություններում ԵՄ-ի երկրների ընդհանուր նպատակը Թուրքիայի լիարժեք անդամակցությունն է» ձեւակերպմանը բուռն հակազդեցություն է ցուցաբերել Ավստրիան: Այս պետությունը պահանջում էր, որ անդամակցության փոխարեն Թուրքիային առաջադրվի «արտոնյալ գործակցություն»:

Թուրքիան կտրականապես մերժում էր առաջարկը: Նրա հետ մերժել է ԵՄ-ի նախագահող երկիր Մեծ Բրիտանիան, եւ հանդիպման մասնակիցներին հաջողվել է համոզել Ավստրիային: Թուրքիան մերժել է նաեւ «ՆԱՏՕ-ին Կիպրոսի Հանրապետության հնարավոր անդամակցության դեպքում վետոյի իրավունքը չօգտագործելու» առաջարկը: Նրան այդ հարցում պաշտոնապես աջակցել էր պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսըՙ նախազգուշացնելով ԵՄ-ի երկրներին, որ ԱՄՆ-ը դեմ է ՆԱՏՕ-ի ընդարձակմանը: Ավստրիայից հետո տեղի է տվել նաեւ Կիպրոսի Հանրապետությունը, եւ ԵՄ-ը դրա համար ողջունել է կիպրական իշխանություններին:

Ըստ երեւույթին Թուրքիան էլ պետք է ողջունի բրիտանական իշխանություններին, որովհետեւ նրանք Ավստրիային համոզելու համար նախ սկզբունքային զիջում էին արել Խորվաթիայի հարցում, ապաՙ Կիպրոսի Հանրապետությանն առանց զիջման համոզելու համար ենթարկել են շանտաժի: Ինչպե՞ս: Մինչ հարցին պատասխանելը հիշեցնենք, որ լիարժեք անդամակցության ձգտող Թուրքիան ի սկզբանե հրաժարվել էր ճանաչել ԵՄ-ի անդամ Կիպրոսի Հանրապետությունը: Սակայն դա չէր խանգարել, որ ԵՄ-ն անդամակցության բանակցություններ սկսի Թուրքիայի հետ:

Այլ կերպՙ ԵՄ-ը նաեւ ճանաչման հարցում ստիպել է Կիպրոսի Հանրապետությանը, որ տեղի տա Թուրքիային: Երբ խոսքը ստիպելու մասին է, ապա ճնշումներն անխուսափելի են դառնում: Իսկ Լյուքսեմբուրգում ԵՄ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը Կիպրոսի Հանրապետությունը, բացի ճնշումներից, ենթարկվում է նաեւ շանտաժի: Այս մասին հոկտեմբերի 6-ին, վկայակոչելով Կիպրոսի «Ֆիլեֆտերոս» թերթը, նշում է թուրքական մամուլը, մասնավորապես «Ենի շաֆաքն» ու «Զամանը»: Թուրքական մամուլի վկայությամբ, կիպրական թերթը գրել է, որ հոկտեմբերի 3-ին Լյուքսեմբուրգում ԵՄ-ի նախագահող երկիր Մեծ Բրիտանիան Կիպրոսի Հանրապետության նկատմամբ դիմել է «քաղաքական շանտաժի»ՙ սպառնալով ճանաչել Հյուսիսային Կիպրոսի ինքնակոչ թուրքական հանրապետությունը:

«Ֆիլեֆտերոսը» միաժամանակ ընդգծել է, որ հույների նկատմամբ ճնշումները սաստկացան այն պահին, երբ համաձայնություն ձեռք բերվեց Ավստրիայի ու Անգլիայի միջեւ, շանտաժի եւ սաստիկ ճնշումների առկայությամբ Կիպրոսի Հանրապետությունը տեղի տվեց, որպեսզի միայնակ չմնա: Ըստ «Ֆիլեֆտերոսի», Անգլիան սոսկ ճնշումներով եւ շանտաժով չի բավարարվել, այլեւ հետեւյալ նախազգուշացումներն է արել Կիպրոսի Հանրապետությանը.

1. Կիպրոսի հիմնահարցը չի լուծվելու, այլ ստեղծվելու են կղզու մասնատվածությունը հարատեւ դարձնելու անհրաժեշտ նախապայմանները,

2. Կիպրոսից թուրքական զորքերի դուրսբերման հարց երբեւէ չի դրվելու,

3. ստեղծվելու են «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչման նախադրյալները,

4. բանակցությունների ավարտին եթե մերժվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը, ապա դրա պատասխանատվությունն անմիջականորեն ընկնելու է Կիպրոսի Հանրապետության վրա, եւ Կիպրոսի Հանրապետությունը մերժման համար թանկ գին է վճարելու:

Նախազգուշացման պարագայում Անգլիայի խնդիրը ոչ այնքան Կիպրոսի Հանրապետությունն է, որքան Կիպրոսի միջոցով Արեւելյան Միջերկրականը վերահսկելու ԵՄ-ի քաղաքական հաշվարկները: Ակնհայտ է, որ վերամիավորված Կիպրոսը վերահսկողության անհամեմատ մեծ հնարավորություններ է տալիս ԵՄ-ին, իսկ դա բախվում է ԱՄՆ-ի բուռն հակազդեցությանը: Արեւելյան Միջերկրականում վերահսկողության հավանականությունը չեզոքացնելու հրամայականով ԱՄՆ-ն ամեն կերպ ձգտում է սահմանափակել ԵՄ-ի հնարավորությունները, իսկ դա ենթադրում է Կիպրոսի մասնատվածության պահպանում: Այսինքնՙ Կիպրոսի հիմնահարցի կարգավորումը հակասում է ԱՄՆ-ի շահերին, իսկ Անգլիան ԵՄ-ում այդ շահերի արտահայտիչն է: Հետեւաբար կարելի է միանգամայն հավաստի համարել անգլիական շանտաժի եւ չարամիտ նախազգուշացումների մասին կիպրական «Ֆիլեֆտերոս» թերթի տեղեկությունը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4