«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2005-10-05 | #179, 2005-10-06 | #180, 2005-10-07


ՕՏԱՐԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սփյուռքահայ իրականության օրինաչափ ծնունդ է հայազգի գրողների օտարագիր գրականությունը: Երեւույթ, որն ունի իր հիմնապատճառներըՙ աշխարհագրական, միջավայրային, ընկերային: Դրանց մեջ կան ինչպես հայկական թեմաներով, հայկական ոգով գործեր, նաեւ այնպիսիք, որոնցում իսպառ բացակայում է հայկական մթնոլորտը, եւ հեղինակները շատ դեպքերում տեղյակ էլ չեն իրենց հայկական ինքնությանը: Հայաստանում օտարագիր մեր հայրենակիցներից շատերին միայն վերջին տարիներին սկսեցինք ճանաչել: 1989 թ. Ալ. Թոփչյանի կազմած «Օտարալեզու հայ գրողներ» հատորը նրանց հայաստանցի ընթերցողին ճանաչելի դարձնելու առաջին քայլը եղավ: Այժմ հրատարակության է պատրաստվում «Ժամանակակից ամերիկահայ պատմվածք» ժողովածունՙ Արամ Արսենյանի թարգմանությամբ: Օտարագիր հայ գրողներից շատերն իրենց երկրներում վաղուց ձեռք են բերել ճանաչում, գնահատվել տեղի ընթերցողի եւ մամուլի կողմից: Նաեւ արտերկրյա նման իրողություններն են անհրաժեշտություն առաջացրել օտարագիր հայ գրողների առաջին համաժողովի կազմակերպմանը Երեւանումՙ հոկտեմբերի 7-12-ը:

Օտարագիր հայ գրողների թիվը միայն Ամերիկայում անցնում է 4 տասնյակից (ընդհանուրՙ շուրջ հարյուր), բայց հրավիրված են 20-ը 15 երկրներից, որովհետեւ մեր կառավարության տրամադրած սուղ միջոցներով հնարավոր էր բավարարել միայն 12 հրավիրյալի ծախսերը: Համաժողովի մասնակիցների մեջ են Ռուբեն Մելիքը (Ֆրանսիա), Վահե Գոդելը (Շվեյցարիա), Ժան-Բատիստ Բարոնյանը (Բելգիա), Ալիսիա Կիրակոսյանը (ԱՄՆ), Սեւդա Սեւանը (Բուլղարիա), Հակոբ Խաչիկյանը (Կանադա), Անտոնիա Արսլանը (Իտալիա), Մկրտիչ Մարկոսյանը (Թուրքիա), Գիվի Շահնազարը (Վրաստան) եւ այլք:

Համաժողովի 6-օրյա կարճ ժամկետում նախատեսված են ընդունելություն Ամենայն հայոց վեհափառի մոտ, Թարգմանչաց օրվա առիթով այցելություն Օշականՙ հայոց գրերի 1600-ամյակի արարողության մասնակցությամբ, այցելություն Մուղնու վանք, նաեւՙ Գառնի-Գեղարդ: Հոկտեմբերի 10-ին Ազգային ակադեմիայում տեղի կունենա գիտաժողով «Ազգային ճակատագիրը եւ օտարագիր հայ գրականությունը»ՙ Ալ. Թոփչյանի, Ռուբինա Փիրումյանի, Հ. Հարություն Պզտիկյանի, Օշին Քեշիշյանի, Վարդան Մաթեոսյանի, Հ. Լեւոն Զեքիյանի եւ այլոց ելույթներով:

Նույն օրը Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում տեղի կունենա Հակոբ Խաչիկյանի «Ամառն առանց այգաբացների» գրքի շնորհանդեսը (անգլերեն տարբերակ): Համաժողովը կշարունակվի եւ կեզրափակվի Ծաղկաձորում, որտեղից այցելություն կկազմակերպվի Սեւանա լիճ եւ Հաղարծին վանական համալիր:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4