Ալժիրից ժամանած Գնավա Սիդի Միմոուն խմբի անդամները Հայաստանում զգում են այնպես, ինչպես տանը: Հայկական կենցաղի, կյանքի ու մշակույթի հետ ինչ ընդհանրություններ են տեսնում, դժվար է ասել: Մալիից Ալի Քեյթանը 2-րդ անգամ է Հայաստանում եւ լավ պահեր է ապրել մեր երկրում: Ավանգարդ ֆոլկ երաժշտական ակումբում նրանց հետ հանդիպումը ոչ զրույց էր, ոչ ասուլիս: Նրանք երաժիշտներ են, որոնց համար երգը սրտի, զգացմունքի, կյանքի հետ կապված արվեստ է ու իրենց միտքը բաց էՙ ասել է թեՙ ներքնապես ազատ են: Հագուկապն ու մաշկի գույնը նշանակություն չունի որեւէ տեղում հարազատ զգալու համար, որովհետեւ խոսում է սիրտը կամ երգը: Այդ պատճառով էլ նրանք գրեթե չխոսեցին, անցան անծանոթ նվագարանի մոտ եւ հնչեցրին մի մեղեդի, որ հիշեցնում էր բնական ու անաղարտ նախնական մեր էության մասին: Իսկ «Հայկական նավատորմ» նվագախմբի ղեկավար եւ փառատոնի նախաձեռնող Արտո Թունջբոյաջյանը դժգոհում էր, թե չկա այնպիսի տեղ, որտեղ նրանք բուն հայկական երաժշտություն լսեն:
ԱՄՆ-ից եւ Աֆրիկայից (Մարոկկո) ժամանած երաժիշտները մասնակցելու են Երեւանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվող միջազգային Ավանգարդ ֆոլկ երաժշտության փառատոնին, որը նվիրված է նոր համերգասրահի բացմանը (ժուռնալիստների միությանը կից գմբեթավոր, ապակեպատ սրահը):
Ալի Քեյթան, Գնավա Սիդի Միմոուն խումբը, Ազիզ Սահմաոուին, Քարիմ Զիադը ներկայացնում են աֆրիկյան ավանդական երաժշտությունը, որի որոշ դրսեւորումներ Աֆրիկայի ժողովուրդները կիրառում են նաեւ կրոնական արարողությունների ժամանակ:
ԱՄՆ-ից Մեթյու Հարիսոնը եւ Ակոթ Քենզին հանդես կգան նաեւ ջազ երաժշտության կատարմամբ: «Այս երաժիշտները բավականին հայտնի են, եւ իրենց ասպարեզում հեղափոխություն են արել», այսպես ներկայացրեց նրանց Արտոն:
Փառատոնին մասնակցելու են նաեւ հայ ավանգարդիստներըՙ Վահագն Հայրապետյան եւ «Կատուներ» խումբը, Վարդան Գրիգորյանը, «Հայկական նավատորմի» նվագախումբը: Արտո Թունջբոյաջյանը փառատոնի 3 անդամների հետ ներկայանալու է նոր ինքնատիպ երաժշտական նախագծով:
Մ. Բ.