Բուհերի կառավարման նոր կարգի դեմ դժգոհության ալիքը դեռ չի մարում, ու եթե ռեկտորներից շատերը նախընտրում են լռել, ուսանողներն արդեն ստեղծել են բուհերի ինքնուրույնության պաշտպանության խորհուրդ, որը մտավորականներին եւ ուսանողներին երեկ կոչ արեց հարցը լրջորեն քննարկելու համար առաջիկա օրերին գումարել համաժողով: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում հավաքված բուհերի ներկայացուցիչները համոզված են, որ իրենց ճնշմամբ հնարավոր կլինի կասեցնել որոշումը: Երեւանի պետական համալսարանը առայժմ միակն է, որ հրաժարվել է ընդունել կառավարության «ի կատարումն» ուղարկած որոշումը: «Այսօր կառավարությունը փորձում է ինչ-որ զիջումների գնալ, սակայն մեզ պետք չեն լղոզված որոշումներ, որոնք էական փոփոխություն չեն կրելու: Մենք առաջարկում ենք կասեցնել այդ որոշումը եւ նոր կարգը հաստատել միայն պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ քննարկելուց հետո», ասաց քաղաքագետների եւ միջազգայնագետների հայկական ընկերակցության ներկայացուցիչ Գոհար Վեզիրյանը:
Պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը նշեց, որ կառավարության որոշումը իրավաբանների օգնությամբ ուսումնասիրելուց հետո իրենց հասկանալի են դարձել դրանում առկա տասնյակ կետեր, որոնք հակասում են գործող օրենքներին եւ բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:
«Այս ամենից բացի բուհը ենթարկվում է քաղաքական վերաձեւման, այսինքն ամեն մի նոր կառավարության հետ կլինեն նոր բեկումներ: Մեր կարեւորագույն խնդիրը բուհերին վնաս չհասցնելն է, մեզ համար դա այն արժեքն է, որի վրա միշտ պետք է դողանք: Բուհերը կորցնելու դեպքում մեզ այլեւս ոչինչ չի մնա, նույնիսկ կարիք չի լինի դպրոցի մասին մտածելու, որովհետեւ շրջանավարտներն այլեւս տեղ չեն ունենա գնալու», ասաց նա:
Ուսանողների կողքին էր ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, որին նույնպես մտահոգում է բուհերը քաղաքականացնելու եւ հսկողության ենթարկելու կառավարության որոշման վտանգավորությունը: «Ուսանողությունն ամենավտանգավոր խավն է իշխանությունների համար, դրա համար էլ վախենալով ըմբոստություններից նրանք փորձում են ուսանողներին պահել իրենց ձեռքի տակ: Կառավարական ոչ մի որոշում առ այսօր ի նպաստ չի գործել մեր իրավիճակի բարելավմանը, այլ միայն խորացրել է ճգնաժամը, կոռուպցիան, ինչը կործանարար է մեր ապագայի համար: Ես ոչ մի անձնական նպատակ չեմ հետապնդում, բացի իմ երեխաներին այս իրավիճակում ազատելուց: Ես ուզում եմ, որ իմ երեխաներն ու թոռներն ապրեն քաղաքակիրթ երկրում, այլ ոչ թե այս անբարոյական ու օլիգարխիկ միջավայրում»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ