Նոր տարածքներում ծածկույթի ապահովումն ուղեկցվում է բարեգործական ձեռնարկումներով
Բջջային կապի երկրորդ օպերատոր «Վիվասել» ընկերությունը երեկ պաշտոնապես հայտարարեց Հայաստանի եւս երկուՙ Լոռու եւ Շիրակի մարզերում իր գործունեությունը սկսելու մասին: Այդ իրադարձությունն ընկերությունը զուգակցեց բարեգործական ձեռնարկումներով:
Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտարարելով Լոռու մարզում բջջային ծածկույթն ապահովելու մասին, նշեց, որ «Վիվասելն» արդեն ծածկույթ է ապահովում Հայաստանի 8 մարզերում եւ Երեւանում: 280 հազար բնակչություն ունեցող մարզում ընկերության գործունեությունն, ըստ գլխավոր տնօրենի, ուղեկցվելու է Վանաձորում մշտական սպասարկման կենտրոնի ստեղծմամբ, ինչը հնարավորություն կտա ունենալու սպասարկման այն որակը, որը գոյություն ունի Երեւանում:
Իսկ Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր այցելելու նպատակը առողջապահական այս հիմնարկին մոտ 2,5 մլն դրամի աջակցության տրամադրումն էր: Ինչպես հայտնեց հիվանդանոցի տնօրեն Յուրի Բաբլոյանը, «Վիվասելի» ղեկավարությունը նախապես հետաքրքրվել էր, թե ինչ սարքեր են առավել անհրաժեշտ հիվանդանոցին, որից հետո միայն դրանք ձեռք է բերել եւ տրամադրել: Մասնավորապես հիվանդանոցի համար ձեռք են բերվել էեկտրական կոագուլյատոր, պուլսո-օքսիմետր, համակարգիչներ եւ այլն:
Արարողությանը ներկա Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը եւ Լոռու փոխմարզպետ Զոհրաբ Թորոսյանը իրենց երախտագիտությունը հայտնելով հիվանդանոցին աջակցելու համար, միաժամանակ կարեւորեցին ընկերության գործունեության սկիզբը մարզում: Դա, ըստ նրանց, հնարավորություն է տալիս մրցակցային մթնոլորտ ստեղծելու, ինչը բարձրորակ բջջային կապ ունենալու երաշխիքն է:
Գյումրու մարզային հիվանդանոցին նույնպես «Վիվասելը» տրամադրել էր այն սարքավորումները, որոնց անհրաժեշտության մասին ընկերության ղեկավարությունը նախապես էր իմացել: Դրանց թվում էին օպերացիոն լուսատու սարքը, էլեկտրակարդիոգրաֆը, նեգոտոսկոպը եւ այլ սարքավորումներՙ 3,5 մլն դրամ արժողությամբ: Անդրադառնալով մարզում ընկերության գործունեությանը, Ռալֆ Յիրիկյանը շեշտեց, որ մարզի 360 հազար բնակչության որակյալ սպասարկման համար Գյումրիում նույնպես կստեղծվի մշտական սպասարկման կենտրոն: Նա նաեւ այն համոզմունքը հայտնեց, որ որակյալ կապը բնակչության բարեկեցիկ կյանքի բաղադրիչներից մեկը պետք է լինի:
Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը բջջային երկրորդ օպերատորի գործունեությունը հատկապես կարեւոր համարեց մարզի ավելի քան 70 համայնքների համար, որոնք չունեն որեւէ տեսակի հեռախոսակապ:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ «Վիվասելի» գլխավոր տնօրենը հայտնեց, որ առանց իրենց ընկերության բջջային ծածկույթի են մնացել միայն երկու մարզՙ Տավուշն ու Սյունիքը: Մի քանի օրից կսկսվեն Գորիսի եւ Սիսիանի ծածկույթի ապահովման աշխատանքները, իսկ մինչեւ հոկտեմբերի վերջ նույն աշխատանքները կսկսվեն նաեւ Տավուշի մարզի եւ Լոռու մարզերի ծածկույթից դուրս մնացած բնակավայրերում:
Ընկերության սակագնային քաղաքականության մասին «Ազգի» տված հարցին Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց, որ սակագնային փոփոխություններ չեն նախատեսվում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Վանաձոր-Գյումրի-Երեւան