1990-ականներին հիմնադրված «Հայ բիզնես» հյուրանոցը հյուրընկալում էր միջազգային պատվիրակությունների, նաեւ գործարար հանդիպումների եւ ընդունելությունների վայր էր: Երեկվանից արդեն հյուրանոցը Վարդգես եւ Հասմիկ Բարսամների նորանվանակոչությամբ ծառայելու է միանգամայն այլ նպատակի: Ամերիկահայ Վարդգես Բարսամը «Հայ բիզնես» հյուրանոցային համալիրը հանձնեց Հայաստանի ամերիկյան համալսարանի տնօրենությանըՙ տարածաշրջանային եւ արտասահմանցի ուսանողների համալրման ծրագրին օժանդակելու համար, որը կապահովի Հայաստան այցելած դասախոսական կազմի եւ օտարերկրյա ուսանողների կեցությունը: Հիմնադրումից սկսած Վարդգես Բարսամը մշտապես աջակցել է համալսարանին: Այս նոր նվիրատվության շնորհիվ Հայաստանի ամերիկյան համալսարանը 4 մասնաշենք է ունենում, որով կապահովի արտասահմանյան ուսանողների էլ ավելի մեծաքանակ հոսք: Դրանից մեկըՙ ամերիկահայ բարերար Ավստիյանի նվիրատվության միջոցներով շինարարական ընթացքի մեջ է:
Հյուրանոցային համալիրը վերանորոգելու եւ տեխնիկապես վերազինելու համար ՀԱՀ-ն այս նպատակի համար շուրջ 300.000 ԱՄՆ դոլար է հատկացնելուՙ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Արտասահմանում ամերիկյան դպրոցներ եւ հիվանդանոցներ» կազմակերպությունից ստացած ֆինանսական աջակցության շնորհիվ:
Մ. Բ.