Գերմանիայի արտգործնախարարը նրան Մուստաֆա Օղլի Ռեն է անվանում
Եվրոմիության հետ անդամակցության բանակցությունների շրջանակներում Եվրոպայից սկսել են Թուրքիա այցելել տարբեր պատվիրակություններ: Այցելուների թվում է նաեւ ԵՄ-ի ընդարձակման գծով Եվրոհանձնաժողովի հանձնակատար, ֆինն խորհրդարանական Օլի Ռենը: Նրա նկատմամբ Անկարայում, ինչպես նշում է «Զաման» թերթը հոկտեմբերի 7-ի համարում, հետաքրքրությունը մեծ է: Իզուր չէ, որ նրան անձամբ ուղեկցում է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը:
Թուրք լրագրողները հետաքրքրվել են նաեւ, թե ճի՞շտ է, որ թուրքանպաստ գործունեության համար Գերմանիայի արտգործնախարար Յոշկա Ֆիշերը նրան Մուստաֆա է անվանում: Նա պատասխանել է. «Ֆիշերն ինձ Մուստաֆա Օղլի (Olli) Ռեն է անվանում, դրա համար ես հպարտ եմ»:
Ռենն այցելել է Թուրքիայի ազգային մեծ ժողովՙ Մեջլիս, որտեղ էլ հանդիպել է արտաքին հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը նա մեկ անգամ եւս հաստատել է, որ բանակցությունների նպատակը ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք անդամակցությունն է, եւ հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրել է երկրում ազգային փոքրամասնությունների բարելավման, Կ. Պոլսո հույն հոգեւոր ճեմարանի բացման, ինչպես նաեւ քրդաբնակ հարավարեւելյան շրջաններում բարեփոխումների անցկացման անհրաժեշտության վրա:
Ի պատասխան հանձնաժողովի անդամների հարցին ԵՄ-ի հանձնակատար Ռենն ասել է. «ԵՄ-ի երկրներում թուրքերի ազատ տեղաշարժը նախատեսվում է ոչ շուտ, քան 2020 թ., սակայն դա նույնպես երաշխավորված չէ»: Ինչ վերաբերում է առանց վիզայի ԵՄ-ի երկրներ այցելելու համար բանակցող երկրի քաղաքացիներին տրամադրվող իրավունքի հարցին, ապա նա դրան խուսափողական պատասխան է տվել, թե այդ հարցը կառավարությունների իրավասության տակ է:
Հ. ՉԱՔՐՅԱՆ