Թուրքական «Ռադիկալ» թերթը հոկտեմբերի 7-ի համարում տեղեկացնում է, որ Եվրոխորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակությունը, ժամանելով Անկարա, Թուրքիայից պահանջել է Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ առաջընթաց քայլեր, ազգային փոքրամասնությունների կալվածքների ձեռքբերման իրավունքի եւ հոգեւոր ուսուցման հարցերում: Ըստ թերթի, ցեղասպանության ճանաչման պահանջը լարվածություն է առաջ բերել Եվրոխորհրդարանի պատվիրակության եւ Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամների միջեւ:
ԵԽ-ի պատվիրակությունը Մեջլիս է այցելել հոկտեմբերի 6-ին: Հանդիպմանը, երբ Մեջլիսի հանձնաժողովի անդամները քննադատել են «Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես ԵՄ-ին անդամակցության նախապայման Թուրքիային առաջադրելու» Եվրոխորհրդարանի որոշումը, թե ցեղասպանություն չի եղել, պատվիրակության ղեկավար Հելեն Ֆլոտրը նշել է, որ նախապայմանի հարցն էությամբ չափազանց նուրբ է: Եվրոխորհրդարանի պատվիրակության հանդիպումը Մեջլիսի անդամների հետ եղել է դռնփակ:
Հ. Չ.