Դրամական փոխանցումների հոսքերն աճում են ամբողջ աշխարհում եւ Հայաստանում
«Դրամական փոխանցումներ» երկրորդ միջազգային միջբանկային բաց կոնֆերանսը երեկ իր աշխատանքը սկսեց Երեւանում: Այն նախաձեռնել էր «Պլանետա դիասպոր» ընկերությունը «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ: Կազմակերպիչներին հաջողվել էր ներկայացուցչական հավաք կազմակերպել, որին մասնակցում էին Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ բնականաբար Հայաստանի բանկերի եւ դրամական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Կոնֆերանսը բացեց «Անելիք բանկի» եւ Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, իսկ վարչապետի ուղերձն ընթերցեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը:
Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն իր ելույթում այժմեական համարեց փոխանցումների խնդիրը Հայաստանի համար: Նա միաժամանակ նշեց, որ դա միայն հայկական ֆենոմեն չէ եւ աշխարհում դրամական փոխանցումների մեծ հոսքեր կան: ԿԲ նախագահը դա պայմանավորեց միգրացիոն մեծ հոսքերով:
Անդրադառնալով Հայաստան եկող դրամական մեծ հոսքերին, Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ անցյալ տարի մասնավոր փոխանցումները աճել էին 50 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում եւս 25 տոկոսով: Այս միտումը, նրա կարծիքով, կշարունակվի նաեւ եկող տարի: Սակայն դրան զուգահեռ Կենտրոնական բանկը հետեւելու է, որ դրամական փոխանցումների համակարգերը ունենան անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններ: Այս համակարգը նույնպես կարող է օգտագործվել փողերի լվացման համար, բայց Հայաստանն առայժմ նման խնդրի չի բախվել: ԿԲ նախագահը կոնֆերանսի մասնակիցների առջեւ բարձրացրեց փոխանցումներն ազգային արժույթներով կատարելու հնարավորության հարցը: Այսինքն, որպեսզի, օրինակ, հնարավոր լինի ռուսական ռուբլին փոխանցել Հայաստան եւ այստեղ ստանալ հայկական դրամ:
Ռուսաստանյան բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանը ընդգծեց, որ Ռուսաստանում աճում է բանկերով դրամական փոխանցումներ կատարողների թիվը: Նա հայտնեց, որ բանկերի ծառայություններից օգտվողների 35 տոկոսը դա կատարում է դրամական փոխանցումների միջոցով, ինչը երկրորդ ցուցանիշն է կոմունալ վճարումներից հետո: Իսկ ընդհանուր դրամական փոխանցումների 35 տոկոսն իրականացվում է բանկերի, 20 տոկոսը փոխանցումներ իրականացնող համակարգերիՙ «Անելիքի», «Յունիստրիմի», «Կոնտակտի» եւ «Վեստերն յունիոնի» կողմից: Ռուսաստանյան բանկերի միության նախագահն ընդգծեց, որ «Վեստերն յունիոնի» ոչ ճկուն քաղաքականության պատճառով մյուս վճարային համակարգերն իրենց կողմն են գրավում շուկայի պահանջարկը: Նման մրցակցությունն այս շուկայում նա ողջունելի համարեց: Կոշտ մրցակցության առկայությունը ողջունելի համարեց նաեւ Սամվել Ճզմաչյանը, հայտնելով, որ այստեղ առաջատարներն են «Վեստերն յունիոնը», «Յունիստրիմը» եւ «Անելիքը»: Նա տեղեկացրեց, որ անցյալ տարի միայն բանկերով փոխանցումներն ավելացել են 86 տոկոսով եւ կազմել 620 մլն դոլար:
Ռուսաստանում գործող «Անելիք բանկի» դուստր ձեռնարկության տնօրեն Արմեն Ղազարյանն անդրադարձավ համակարգի ստեղծման եւ անցած 9 տարիների գործունեությանը: Իսկ Մոսկվայի միջազգային արտարժութային ընկերակցության նախագահ Ա. Մամոնտովի ելույթում լուրջ մտահոգություն հայտնվեց փողերի լվացման դեմ պայքարող պետական կառույցներիՙ դրամական փոխանցումներ կատարող համակարգերում իրականացվող գործողությունների կապակցությամբ: Նման, նրա բնորոշմամբ, կոպիտ գործողությունների պատճառով դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերի հետագա գործունեության համար լուրջ վտանգներ են առաջանում: Արտարժութային ընկերակցության նախագահը նշեց, որ այն առաջընթացը, որ արձանագրվել է այստեղ, բացառված չէ, որ վերոնշյալ պատճառով վերանա, եւ մարդիկ նախընտրեն փոխանցումներ կատարել նախկին ձեւերով:
Կոնֆերանսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 9-ը, իսկ նրա մասնակիցները ներկա կլինեն այսօր եւ վաղը նշվող Երեւանի օրվա տոնակատարությանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ