Նման կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի նախագահը
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե իրական փոխարժեքն ինչպիսի՞ն կլինի առաջիկա ամիսներին, նկատի ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի ուսումնասիրության արդյունքում արված այն կանխատեսումը, որ պետք է սպասել ազգային արժույթի հետագա արժեւորում, երեկ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ասաց, որ Կենտրոնական բանկի հիմնական ծրագրային խնդիրըՙ գնաճը 3 տոկոսի սահմաններում պահպանել, կհաջողվի ապահովել: Ավելին, այն կարող է լինել 1-2 տոկոսի շրջանակներում: Ինչ վերաբերում է փոխարժեքին, ապա, ըստ ԿԲ նախագահի, չափազանց դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի տարեվերջին, քանի որ բյուջետային էական ծախսեր են սպասվում: Բյուջեն ծախսային մասով առաջին կիսամյակում ունեցել է տնտեսում, իսկ մուտքերի մասով գերակատարում, որը զսպողական ազդեցություն է թողել ընդհանուր ֆինանսական ոլորտի վրա: Տարեվերջի եռամսյակում այդ չկատարված ծախսերն ամբողջությամբ իրականացվելու են, ինչը նշանակում է դրամական բազայի, այդ թվում կանխիկի աճ, ինչը չի կարող չազդել փոխարժեքի վրա: Այս եւ մյուս գործոնների ազդեցության հետեւանքներն ինչպիսի՞ն կլինեն, Տիգրան Սարգսյանի կարծիքովՙ գրեթե անհնար է գնահատել, քանի որ կարող են ունենալ հակադարձ ազդեցություններ:
Ինչ վերաբերում է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչի գնահատականներին, ապա, ըստ ԿԲ նախագահի, այդ գնահատականն ընդհանրական էր տարածաշրջանի մեր հարեւան երկրների (Վրաստան եւ Ադրբեջան) փոխարժեքի արհեստականորեն զսպող քաղաքականության վերաբերյալ, ինչի արդյունքում նրանք ունեցան բարձր գնաճ: Մինչդեռ Հայաստանը չի գնացել այդ քաղաքականությամբ եւ արհեստականորեն չի զսպել արժեւորման կամ արժեզրկման գործընթացները, այդ պատճառով էլ Հայաստանում իրական փոխարժեքի տատանումները լինելու են ավելի մեղմ:
Ա. Մ.