Երեւանում ծառեր կան, որ հողի վրա դեռ տեղ ունեն: Բայց այգիներում սրճարաններին են խանգարում, մայթերինՙ նորակառույց կրպակներին: Թամանյանի արձանի դիմացի այգու սրճարանի վրա աշխատող մի շինարար հպարտանում էր, թե ոչ մի ծառ չի կտրվել, նույնըՙ Հակոբյան փողոցի կրպակաշինարարներն են ասում: Երեւանում այս փողոցի կրպակաշարն առաջիններից է երեւի. տարաչափ, տարաձեւ նախկին տձեւ կրպակների փոխարեն այս բաց մոխրագույն պատերով, ապակե դռներով նորերն անհամեմատելիորեն հաճելի են: Եվ բացի այդ, այստեղ կուտակված մեծաքանակ աղբը վերջերս պարբերաբար նույնիսկ տեղափոխվում է: Սակայն այս կրպակաշարը կառուցված է առանց միջնատարածքների, բացառությամբ վերեւի անցումի, որի մոտ հաճախ հերթեր են գոյանում, որովհետեւ միակ «անցուղին» է:
Կրպակատերերը, անցորդները եւ փողոցի բնակիչները բողոքում են, որովհետեւ մայթից մայթ տեղափոխվելու համար ստիպված են շրջանցել ողջ տարածքը, մթերք տեղափոխող վարորդները նույնպես անհարմարություն են ունենալու: Փողոցի մի խումբ բնակիչներ գտնում են, որ փողոցից օգտվելու իրենց տարրական իրավունքը ոտնահարված է, եւ բողոքի դիմում են ուղղել թաղապետարանին, քաղաքապետարանի ճարտարապետական վարչությանն ու պատասխան չեն ստացել: Հերթականն ուղղվել է նախագահի վերահսկողության ծառայության պետին: (Զավեշտական չէ՞, երբ 1 մետր անցուղու թույլտվություն ստանալու համար անգամ դիմում են նախագահական կառույցներին):
Ցավոք, կրպակներին սերտաճած ծառերն այդ բողոքի հնարավորությունն էլ չունեն: Նրանք լուռ դիմանում են ու մարդու հերթական ագահությունից այլեւս չեն զարմանում:
Ասում ենՙ ծառեր չենք կտրում, ու հետաքրքրական է, եթե օրենքով սահմանված տուգանքները չլինեին, արդյոք մեր գաղջ գիտակցությունը դրան կհանգե՞ր: Հազիվ թե: Այ, այս փողոցի մայթի 17 ծառերը տեղում են, սակայն գերեվարված են. խեղդվում են եւ խնամքի հնարավորությունից էլ զրկված են: Նրանց մի մասն էլ կրպակների մեջ է հայտնվել, զրկված անգամ բնական սնունդիցՙ անձրեւաջրից: Մարդկային որպիսի անգթություն ու արհամարհանք: Տեսնեսՙ այս կրպակաշարի նախագծողն ինչ խղճով է անցնելու նրանց կողքով, ոչինչ չի՞ զգալու... հետո ինչ, որ ծառերը բարձրաձայն չեն խոսում: Ձեւապաշտությամբ մարդն անգերազանցելի է աշխարհում: Այս նոր քաղաքականությունը, որ մշակվել է ծառերի հանդեպՙ չոչնչացնել, բայց դանդաղ սպանել, վաղուց մարդը մարդու դեմ է կիրառում: Հիմա արդեն ախորժակն ավելի է բացվել, տիրույթներն ընդարձակվում են, ընդգրկում քաղաքային ծառերը, քաղաքային շներին...
Չգիտեմՙ արժանի՞ ենք ծառերի շուքին ու նրանց տված կանաչ շնչառությանը... Չգիտեմ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ