«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2005-10-07 | #181, 2005-10-08 | #182, 2005-10-11


ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏՐԱԳԻԿՈՄԻԿ» Է

Հայտարարում է «Ենի շաֆաքի» հեղինակ Քյուրշաթ Բումինը

Հոկտեմբերի 7-ին Ստամբուլի երկրորդ ատյանի դատարանը 6-ամսյա պայմանական ազատազրկման էր դատապարտել «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքինՙ «Թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով: Դատավճռին արձագանքել էին ինչպես Թուրքիայում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:

Նախորդ համարում «Ազգն» անդրադարձել էր դրան, վկայակոչելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանն ու «Ազատությանը»: Միաժամանակ նշել էր, որ «Ակօսի» աշխատակիցներից Կարին Կարաքաշլին, անընդունելի համարելով դատարանի որոշումը, դա պայմանավորել է Դինքի «Հրաժարվել թուրքերի նկատմամբ թշնամությունից, որը թունավորում է ձեր արյունը» խոսքերի սխալ մեկնաբանությամբ, թե այս խոսքերով թունավոր է համարվել թուրքական արյունը:

Տվյալ դեպքում խնդրո առարկան 2004 թ. սկզբներին «Ակօսում» Դինքի հրապարակած հոդվածաշարն է, որոնցից մեկում նա «Հայկական ինքնությունը թուրքերից ձերբազատելու ուղին» մատնացույց անելու մղումով կոչ էր արել հայությանըՙ հանգիստ թողնել թուրքերին եւ զբաղվել Հայաստանով, որպեսզի թունավոր արյան փոխարեն երակներում մաքուր արյուն հոսի: Միաժամանակ Դինքը թունավոր այդ արյան համար պատասխանատու էր նկատել «ոչ այնքան աշխարհով մեկ սփռված հայությանը, որքան հայաստանյան իշխանություններին»:

Ավելին, Հրանտ Դինքը դատավճռի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ եւ պարզաբանել հոդվածաշարում արտահայտած մտքերը հետեւյալ խոսքերով. «Ես թունավոր արյուն ասելով նկատի եմ ունեցել թուրքերի նկատմամբ թշնամանքը: Գտնում եմ, որ այդ թունավոր արյունը թուրքի նկատմամբ թշնամանքով թունավորված հայի արյունն է հենց, որը պետք է մաքրվի»:

Այլ կերպ, «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մասին խոսք լինել չի կարող: Թերեւս դա է պատճառը, որ «Ենի շաֆաքի» հեղինակ Քյուրշաթ Բումինը նույն թերթի հոկտեմբերի 9-ի համարում, Դինքի պայմանական ազատազրկման դատավճիռը «տրագիկոմիկ» է համարում եւ դատարանից պահանջում «մի քիչ լրջություն»:

Բումինի կարծիքով, Դինքի պես «մարդասերին» ոչ թե դատապարտել էր պետք, այլ Էթիեն Մահճուպյանի հետ պարգեւատրել «Պատվո լեգեոնի» նման շքանշանով, որովհետեւ նա անգնահատելի ծառայություններ է մատուցել հայկական սփյուռքում: Ակամա հարց է ծագում. ի՞նչ ծառայություն: Բումինը պատասխանում է. «Աշխարհում (այդ թվում նաեւ հայկական սփյուռքում) ուզում եմ կլիշեներից դուրս բաներ լսել, իսկ Դինքն այդ գործն ինքնակամ կատարում է»:

«Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքի նկատմամբ դատավճռի թուրքական արձագանքներն, ինչ խոսք, «Ենի շաֆաքի» հեղինակ Քյուրշաթ Բումինի հոդվածով չեն սահմանափակվում: Պարզապես նրա հոդվածն արձագանքների համար բնորոշ է: Օգտվելով առիթից նշենք, որ թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն Դինքին 6-ամսյա ազատազրկման դատապարտելու դատավճիռը «զարմանալի եւ զգացմունքային» է համարել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը: Նա, պատասխանելով դատավճռի առնչությամբ թուրք լրագրողների հարցերին, ասել է. «Խնդրո առարկա հոդվածն ամբողջությամբ ընթերցելու դեպքում պարզորոշ կերեւա, որ հոդվածագիրը (Դինքը) սփյուռքի ծայրահեղ ազգայնամոլ տարրերին զգուշացնելու նպատակ է հետապնդում: Հետեւաբար նրա հոդվածում չկա մեղադրանքի տեղիք տվող որեւէ հանգամանք: Եվրոմիության հետ բանակցությունների սկզբնավորման ներկա փուլում այս դատավճիռը կարող է պատճառ դառնալ, որ վերստին վիճարկվի Թուրքիայում մտքի եւ մամուլի ազատության հարցը»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4