Օտարագիր հայ գրողների հավաքում
Հետեղեռնյան հետեւանք սփյուռքահայ իրականության օրինաչափ արդյունք է օտարագիր հայ գրողների ստեղծագործությունը: Հայաստանում առաջին անգամ օտարագիր հայ գրողների այս օրերի հավաքն ունի նաեւ խորհրդանշական բնույթ: Երեկ ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցած գիտաժողովի ելույթների էությունըՙ հայ եւ օտար մշակույթների փոխներթափանցումներին վերաբերող, բնութագրվեց իբրեւ արտերկրում ապրած հայ կյանքի բնական եւ օրգանական շարունակություն, որովհետեւ իրականության օբյեկտիվիզմն է եղել թելադրողը: Հետեղեռնյան 2-րդ, արդեն 3-րդ սերունդը կամ հայերեն չգիտի, երբեմն էլ անտեղյակ է իր հայկական ինքնությանը:
Արտերկրում ստեղծված հայ արվեստը անխուսափելիորեն կրում է օտար մշակույթի կնիքըՙ լինի ամերիկյան, ֆրանսիական, իսպանական, թե արաբական: Բայց եւ ճիշտ էր Զորի Բալայանը, երբ նկատեց, որ Հայոց մեծ եղեռնի արդյունք սփյուռքահայ իրականությունը ողբերգություն չէ միայն, այլեւ երջանկություն է. «Դուք կաքՙ կա հայությունը մոլորակի մասշտաբով, դուք եք տարածում մեր մշակույթը, մեր պրոբլեմները դարձնում համաշխարհային»:
Հայոց ցեղասպանության ազդեցությունն ամերիկահայ անգլիագիր, նմանապես արաբագիր հեղինակների ստեղծագործությունների վրա, «Հայկական ողբերգությունը եւ սիրիական գրականությունը» թեմաներով ելույթներ ունեցան Ռուբինա Փիրումյանը, Սարգիս Կիրակոսյանը, Թորոս Թորանյանը:
Ամերիկահայ գրականագետ, «Արմինյն օբզերվեր» շաբաթաթերթի խմբագիր Օշին Քեշիշյանի ելույթը վերաբերում էր ամերիկահայ անգլիագիր գրականության ենթահողին, երբ սկզբնական շրջանի ամերիկյան ցեղապաշտական մտայնություններն աստիճանաբար տեղի տվեցին մշակութային համահարթեցման քաղաքականության, ապա վերջապես հանգեցին մշակութային բազմազանությանը: Ազգային ինքնաճանաչման որոնումների գրականության անգլիագիր հայ առաջին հեղինակը Խաչատուր Ոսկանյանն է, ապա 1965-իցՙ Եղեռնի 50-ամյակից հետո ԱՄՆ-իՙ այս հարցի նկատմամբ ունեցած կեցվածքի փոփոխությունն էր, որ առաջացրեց որոշակի վստահություն: Իսկ այսօրվա գրական սերունդը ընտանեկան առօրյան, կյանքը «ընդելուզում է» հայկականության հետ: Շուրջ 100 անգլիագիր հայ գրողների որոշ մասըՙ արձակագիր կամ թատերագիր, «հասած են ամերիկյան գրականության դարպասին եւ կամ մտած են ներս, բանաստեղծներըՙ ոչ»:
Նոր եւ ինքնատիպ մոտեցումներով ներկայացրեց հայազգի ֆրանսիացի հեղինակներին գրականագետ Ալ. Թոփչյանըՙ այդ համատեքստում քննելով մշակույթների միաձուլման բարդ ու հակասական երեւույթը:
Հետաքրքրական էին նաեւ հայր Հարություն Պզտիկյանի դիտարկումներն իտալագիր հայ գրողների ստեղծագործությունների վերաբերյալ: Իտալական հողում հայ մշակույթը ծաղկման գագաթնակետին է հասել շնորհիվ Մխիթարյան միաբանության սուրբ հայրերի ահռելի ջանքերի: Իտալագիր, հատկապես գեղարվեստական արձակն աշխուժացավ Հռոմի պապիՙ Հայաստան կատարած այցելությունից հետո, երբ իտալացիները սկսեցին ավելի հետաքրքրվել Հայաստանով եւ նրա մշակույթով: Ծնվեցին հայազգի իտալագիր գրողներիՙ Հայոց ցեղասպանության թեմայով գործեր, ինչպես Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպը եւ ուրիշներ:
Հայր Լեւոն Զեքիյանի ելույթն իր երկարամյա հանգամանալի եւ խորքային ուսումնասիրությունների արդյունք էր, որով ներկայացվեցին օտարագիր հայ գրողների ազգային ինքնության փնտրտուքների աշխարհագրությունն ու հոգեբանությունըՙ եվրոպական քաղաքակրթության եւ մտածողության XX դարի էվոլյուցիոն բարդ ընթացքների ֆոնին:
Լեւոն Խեչոյանի ելույթը 1922-ի մարտի 4-ի ուղղագրության վերափոխման դեկրետի շուրջն էր, որով հոգեւոր կապը խզվեց ինչպես անցյալի մեր մշակութային ժառանգության, այնպես էլ սփյուռքի հետ, որով նաեւ աղճատվեց «հայ դարավոր ինքնատիպ ոգին»: Նա առաջարկեց դիմել հայոց խորհրդարանինՙ ուղղելու 1922-ին կատարված սխալը:
Ելույթներ ունեցան Սեդա Վերմիշեւան, Հրանտ Մարգարյանը, Ժորժ Աբրահամյանը, Ալֆրեդ Գ. Մյուլլերը, Վարդան Մաթեոսյանի խոսքը փոխանցեց Արծվի Բախչինյանը:
Համաժողովն աշխատանքները կշարունակի այսօրՙ Ծաղկաձորում:
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ