Իր կարծիքը հայտնեց քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը
5300-ից ավելի քաղաքացիներ են սպասարկվել մայրաքաղաքի պոլիկլինիկաներում շաբաթ օրը հայտարարված բաց դռների օրվա ընթացքում: Այդ այցելությունների թիվը նախորդ անգամվա համեմատ նվազել է 15-20 տոկոսով: Պատճառը, ինչպես երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովվածության վարչության պետ Արմեն Սողոյանը, այն է, որ մի շարք ծառայություններ ընդգրկվել են պետպատվերի շրջանակներում, եւ այդ ծառայությունների կարիքն ունեցողները կարող են անվճար դրանցից օգտվել նաեւ այլ օր: Նա հայտնեց նաեւ, որ բաց դռների օրվա անհրաժեշտություն եկող տարի ընդհանրապես չի լինի, քանի որ, ինչպես հայտնի է հունվարի 1-ից պոլիկլինիկաներում բուժսպասարկումն ամբողջությամբ պետք է լինի պետպատվերի շրջանակներումՙ անվճար:
Ինչպիսի՞ն կլինի անվճար բուժսպասարկման որակը, չե՞ն առաջանա կոռուպցիոն ռիսկեր, կբարձրացվե՞ն բուժանձնակազմի աշխատավարձերը, կապահովվե՞ն պոլիկլինիկաներն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Իրեն ուղղված այս հարցերին պատասխանելով, Երեւանի առողջապահության վարչության պետը հետեւյալն ասաց: Առողջապահական հաստատությունները պետական ընկերություններ են, աշխատավարձի չափը որոշում է տվյալ ընկերության տնօրենը: Ընդհանուր առմամբ այդ հաստատությունների բյուջեներն ավելանալու են, բայց հայտնի չէ, թե դրա հետեւանքով որքան կավելանա կոնկրետ պոլիկլինիկայի աշխատողի աշխատավարձը: Միաժամանակ Արմեն Սողոյանը կարծիք հայտնեց, որ աշխատավարձերի կտրուկ բարձրացումն այժմ հնարավոր չէ: Դա հնարավոր կլինի, եթե բուժանձնակազմի թիվը կրճատվի 30-50 տոկոսով: Սակայն այդ քայլին պետությունը չի գնում, քանի որ սոցիալական դժգոհություններ կլինեն: Բժիշկներն ու բուժքույրերը չեն կարող իրենց աշխատանքից բացի այլ աշխատանքի անցնել:
Անվճար բուժսպասարկման որակի առնչությամբ Արմեն Սողոյանը հայտնեց, որ որակի խնդիր կա եւ որակի չափանիշները նոր են մշակվել: Հայաստանում մեկ բնակչին բուժսպասարկման համար ընկնող գումարը կազմում է 10 հազար դրամ, մինչդեռ ԱՄՆ-ում այդ թիվը կազմում է 4 հազար դոլար, մերձբալթյան երկրներումՙ 2-3 հազար դոլար: Այս գումարի պայմաններում հասկանալի է, որ որակն էլ պետք է համապատասխան լինի: Այդ խնդիրը որոշակիորեն կարգավորելու համար առաջնայնությունը տրվում է հիվանդությունների ախտորոշմանը ու կանխարգելմանը գումարներ ուղղելուն: Իսկ առաջին անհրաժեշտության տեխնիկական սարքավորումների հետ կապված որեւէ խնդիր, վարչության պետի հավաստմամբ, պոլիկլինիկաները չունեն:
Արմեն Սողոյանը տեղեկացրեց նաեւ, որ տարեցտարի բյուջեից առողջապահությանը տրվող գումարներն ավելանում են: 2004 թ. կազմել է 24,9 մլրդ դրամ, 2005 թ.ՙ 32,6 մլրդ դրամ, 2006 թ. ակնկալվում է 39 մլրդ դրամ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ