«Ազգը» նախորդ համարում նշել էր, որ հայտնի թուրք գրող Օրհան Փամուքին մրցանակ տալու խնդրում երկփեղկվել է Նոբելյան հանձնաժողովը: Թուրքական «Զաման» թերթն էլ հոկտեմբերի 10-ի համարում Փարիզից տեղեկացրել էր Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հայտարարության մասին, որտեղ նա ասել է, որ Փամուքը կշահի այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումների առնչությամբ իր դեմ հարուցված դատական գործը:
Գյուլն այդ հայտարարությունն արել է Փարիզումՙ ֆրանսիական հեռուստաընկերության հարցերին պատասխանելիս մասնավորապես ասելով. «Մեր երկրում համանման դատ հարուցվել է մինչ այդՙ մեկ ուրիշի դեմ նույն արտահայտությունների համար: Հետեւաբար չենք կասկածում, որ դատավարությունը կավարտվի հօգուտ Փամուքի»:
Հիշեցման կարգով նշենք, որ Օրհան Փամուքը շվեյցարացի լրագրողին տված հարցազրույցում ասել էր. «Այս հողերում 1 մլն հայ եւ 30 հազար թուրք է սպանվել»: Ի դեպ, Եվրոմիության ընդարձակման գծով Եվրոհանձնաժողովի հանձնակատար Օլի Ռենն անցյալ շաբաթվա վերջին Թուրքիայում էր եւ Օրհան Փամուքին այցելել է նրա տանը:
Հ. Չ.