«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2005-10-08 | #182, 2005-10-11 | #183, 2005-10-12


ՍԹԱՓԵՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀԵՏԻՈՏՆԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր ամսին Ստեփանակերտի փողոցներում առանձին ժամերի ոստիկանների առատությունը երեւի զարմացրել էր ոչ միայն դրսեկներին: Դա սակայն ինքնանպատակ չէր արվում. Ստեփանակերտը, հենց տեղացիների բնութագրմամբ, աշխարհի այն քիչ հանդիպող քաղաքներից է, որտեղ փողոցային անցումների նշագծերը էական նշանակություն չունեն, եւ հետիոտնը կարող է ցանկացած մասով հատել փողոցը: Գոնե, այդպես էր մեկ ամիս առաջ:

Անցած ամիս ոստիկանության եւ պետավտոտեսչության համատեղ կազմակերպած անվտանգ երթեւեկության միամսյակն արդեն ավարտվել է, եւ ԼՂՀ ՊԱՏ բաժնի ճանապարհային երթեւեկության հսկողության բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի հավաստմամբՙ միամսյակը 70 տոկոսով ծառայել է իր նպատակին: Ընդ որումՙ գործընթացը շաբաթն առնվազն մեկ անգամ շարունակվելու է նաեւ առաջիկայում:

Ստեփանակերտի գլխավոր ավտոտեսուչ Սամվել Պետրոսյանը միամսյակը համարում է սթափեցնող միջոցառում, որը թեեւ բնակչության մի զգալի հատվածի որոշակի կարգապահության է մղել, սակայն կան կարգազանց հետիոտներ, որոնց հետ դեռեւս շատ աշխատանք պիտի տարվի:

Իբրեւ հետիոտնին զննողական աջակցության միջոցՙ ԼՂՀ մայրաքաղաքի փողոցներում բազմապատկվել են գծանցումներըՙ մի ավելորդ գլխացավանք ստեղծելով վարորդների համար, որովհետեւ նրանք հիմա ստիպված են ամեն մի քանի հարյուր մետրի վրա արգելակել կամ նվազագույնի հասցնել մեքենայի արագությունը:

Հոռետեսները գտնում են, որ պետավտոտեսչության ձեռնարկումները շոշափելի արդյունք չեն տա, քանզի ստեփանակերտցիների անփույթ փողոցանցումները տասնյակ տարիներով են արմատավորված: Սակայն նման լայնածավալ ու երկարաժամկետ միջոցառում, երբ քաղաքի կենտրոնական փողոցների ողջ երկայնքով շարված կապույտ համազգեստավորները կարգի են հրավիրում կարգազանց հետիոտներին, առաջին անգամ էր կազմակերպվում Ստեփանակերտում:

Կ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4