Ստամբուլյան գիտաժողովում հայտարարում է զեկուցողներից Այշե Գյուլ Ալթընայը
Երկար քաշքշուկներից հետո սեպտեմբերի 24-25-ին Ստամբուլում հրավիրվեց «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում. գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության խնդիրներ» թեմայով գիտաժողովը, բայց ոչ թե ինչպես նախատեսված էր «Բոսֆորի», այլ «Բիլգի» համալսարանում եւ մեկ օր ուշացումով: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 22-ին Ստամբուլի վարչական 4-րդ ատյանի դատարանը գիտաժողովի կասեցման որոշում կայացնելիս կայացումն ապահովելու համար դատական գործ էր հարուցել դրա կազմակերպիչներից «Բոսֆորի» եւ «Սաբանջի» համալսարանների դեմ, մոռանալով «Բիլգի» համալսարանի մասին:
Դատարանի մոռացկոտությունը հնարավորություն էր տվել կազմկոմիտեին, որ գիտաժողովը հրավիրվի հենց «Բիլգի» համալսարանում: Դրանով, ըստ երեւույթին, պետականի կարգավիճակ ունեցող «Բոսֆորի» համալսարանը ձերբազատվել էր իր հովանու ներքո Հայոց ցեղասպանության խնդիրներին նվիրված գիտաժողով հրավիրելու պարտականությունից, միաժամանակ նախազգուշացվել էին ցեղասպանությունը ճանաչելու հակում ունեցող մասնակիցները, որպեսզի չհարեն Թաներ Աքչամին: Թերեւս այդ առումով պատահական չէր, որ գիտաժողովի ավարտին Աքչամը դարձավ քավության նոխազ:
Համենայն դեպս, Մեծ եղեռնի 90-րդ տարելիցին այսպիսի գիտաժողովի անցկացումը Ստամբուլում դրական քայլ էր: Դա նպաստեց Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի ակտիվ վերարծարծմանը: Պարզապես գիտաժողովը դռնփակ էր, ինչը հնարավորություն չի տալիս պատկերացում կազմելու դրա աշխատանքների մասին: Տվյալ դեպքում նկատի ունենք ինչպես Թաներ Աքչամի, այնպես էլ Հալիլ Բերքթայի, Մուրադ Բելգեի, Բասքըն Օրանի զեկուցումները: Հատկանշական է, որ թուրքական մամուլը դրանցից միայն Աքչամի զեկուցմանն է արձագանքել:
Այնուամենայնիվ, «Ազգին» հաջողվել է ձեռք բերել տկն Այշե Գյուլ Ալթընայի «Երկու գիրք, մեկ ցուցահանդես. Թուրքիայի հայերի վերահայտնաբերումը» թեմայով զեկուցումը, որն անուղղակիորեն նպաստելով Հայոց ցեղասպանության մասին թուրք հասարակության իրազեկմանը, միաժամանակ չափազանց ուշագրավ հետեւություններ է անում:
Տկն Ալթընայը զեկուցման սկզբում հակիրճ անդրադառնում է Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրս» գրքին, որը 2004 թ. նոյեմբերին հրատարակվել էր Ստամբուլում եւ մեծ աղմուկ էր բարձրացրել: Տկն Չեթինի «Մեծ մայրը» ցեղասպանությունը վերապրած Հրանուշն է, որը 1915 թ. ընտանիքով բռնագաղթի է ենթարկվել, ճակատագիրը նրան ստիպել է մահմեդականություն ընդունել, եւ նա իր գոյությունը շարունակել է Սեհեր անունով: Երկրորդ գիրքը, որին անդրադառնում է զեկուցողըՙ Թագուհի Թովմասյանի «Շեն լինի ձեր սեղանը» աշխատությունն է, որի առաջաբանում հեղինակը նշում է, որ ինքը գրքում նկարագրված բոլոր ճաշատեսակները սովորել է իր Ագապի եւ Թագուհի տատերից, որոնք 1915 թ. Չորլուից տարագրվել են Դեր Զորի անապատները: Այսինքնՙ գիրքը սոսկ հայկական ճաշատեսակների նկարագրություն չէ, այլեւ հայոց տարագրության պատմությունը:
Այնուհետեւ Ալթընայը տրամաբանական կապ է հաստատում այս երկու գրքերի եւ Ստամբուլում Օսման Քյոքերի «Սիրելի եղբայրս» ընդհանուր վերնագրով բացած ցուցահանդեսի միջեւ, որի նյութերը հետագայում «Հարյուր տարի առաջ հայերը Թուրքիայում» խորագրով իբրեւ ալբոմ հրատարակվել է, որպեսզի 750 բացիկների օգնությամբ ամբողջական պատկերացում տա 1900-1914 թթ. Թուրքիայով մեկ սփռված հայերի մասին:
Ինչ վերաբերում է տկն Ալթընայի հետեւություններին, ապա նա հիմք է ընդունում ինչպես գրքերի, այնպես էլ ցուցահանդեսի հասարակական հնչողությունը եւ առաջ քաշում հետեւյալ տեսակետները.
1. Հետաքրքրականություն. վերոհիշյալ գրքերն ու ցուցահանդեսն ընթերցողին եւ այցելուներին դրդում են նոր հարցադրումների, թե ի՞նչ է կատարվել 100 տարի առաջ ժամանակակից Թուրքիայի տարածքը մեծապես բնակեցրած հայերի հետ, ինչպիսի՞ ապրումներ են ունեցել պոլսահայերը, որոնք, մեր պատկերացմամբ, ենթակա չեն եղել 1915 թ. կոտորածներին:
2. Վերոհիշյալ պատմվածքների շնորհիվ հայերի եւ թուրքերի հաղթանակի ու պարտության տեսակետների վրա հիմնված հակասական թեզերը կառուցվածքային փոփոխություն են կրում եւ պարզվում է, որ հայերը բնակվում էին ոչ միայն երկրի արեւելյան նահանգներում, այլեւ ամենուրեք, եւ սպանվածների մեջ եղել են նաեւ կանայք ու երեխաներ, ո՞րն էր նրանց մեղքը:
3. Նշված գրքերն ու ցուցահանդեսը զուտ ազգային ըմբռնումներին հակադրում է խառնածին խոհանոցը, խառը բնակչությամբ քաղաքներն ու խառնածին ինքնությունները: Համերկրացիությունը վեր է կանգնում ազգայինից եւ խառնածին ինքնության գիտակցությամբ անհամեմատ դժվարանում է միմյանց նկատմամբ թշնամանքը:
4. Համանման աշխատություններն ու միջոցառումները, ինչպես այդ մասին իրենց զեկուցումներում ընդգծել են Էլիֆ Շաֆաքն ու Ֆեթհիյե Չեթինը, կարեւոր նշանակություն են ձեռք բերում փոխադարձ համակրանքի առաջացման եւ թուրք-հայկական կողմերի հաշտեցման ուղիների բացման համար:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ