Հետագայում նույնպես դրանք կամ չեն փոփոխվի, կամ կփոփոխվեն չնչին չափով
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը մերժել է սեպտեմբերի 3-ին «Արմենտելի» ներկայացրած լարային կապի սակագների փոփոխության առաջարկը, համարելով, որ տնտեսագիտորեն հիմնավորված չէ եւ չի համապատասխանում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքին ու «Արմենտելի» մատուցած ծառայությունների որակին: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:
Ի՞նչ էր առաջարկել «Արմենտելը»: Ինչպես հայտնեց Անդրանիկ Մանուկյանը, «Արմենտելն» առաջարկել էր 360 րոպե անվճար խոսակցության ժամանակը մինչեւ 2009 թ. հասցնել 120 րոպեի, իսկ րոպեավճարըՙ 1 րոպեի համար 4 դրամից մինչեւ 12 դրամի: Մեկ այլ առաջարկով 750 դրամ բաժանորդավճարը (առանց ավելացված արժեքի հարկի) նախատեսվում էր դարձնել 1400 դրամ (դարձյալ առանց ԱԱՀ): 2250 րոպեից հետո 1 րոպեի դիմաց վճարվող 8 դրամ վճարը «Արմենտելն» առաջարկում էր կիրառել խոսակցության 1700 րոպեից հետո: Դա ընկերությունը պատճառաբանում է այն բանով, որ բաժանորդների 87 տոկոսը չի օգտվում 2250 րոպե խոսելու իրավունքից եւ խոսում է միջին հաշվով մոտ 1000 րոպե, իսկ 2250 եւ ավելի րոպե խոսում է բաժանորդների մնացած 13 տոկոսը, որոնք իրավաբանական անձինք են:
Ի՞նչ պետք է լինի հետագայում: Տրանսպորտի եւ կապի նախարարը տեղեկացրեց, որ ըստ թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի, այդ մերժմանը պետք է հաջորդի բանակցությունների 45-օրյա ժամկետ, որի ընթացքում նախարարությունը պետք է փորձի համոզել «Արմենտելին», որ սակագները չեն փոփոխվելու կամ փոփոխվելու են չնչին չափով: Եթե այդ 45 օրում էլ կողմերը համաձայնության չգան, ապա «Արմենտելի» մենաշնորհը լարային կապի ոլորտում 2009 թ.-ի փոխարեն պետք է երկարաձգվի մինչեւ 2012 թ.-ը: Սակայն, Անդրանիկ Մանուկյանի կարծիքով, այդ ծայրահեղությանն իրենք չեն հասնի:
«Ազգի» այն հարցին, թե «Արմենտելի» ներկայացրած բոլոր առաջարկնե՞րն էին, որ հիմնավորված չէին, նախարարը բացասաբար պատասխանեց, ասելով, որ, օրինակ, եթե ընկերությունը տեղեկություններ է ներկայացնում, որ բնակչության 87 տոկոսը չի խոսում մինչեւ 2250 րոպե, ապա բնական է, որ այդ ժամկետը կրճատելը հիմնավորված է: Սակայն եթե «Արմենտելը» պնդում է, որ թվային եւ ոչ թվային կայաններից օգտվողները պետք է վճարեն նույն գումարը, ապա դա հիմնավորված չէ:
Անդրանիկ Մանուկյանը նաեւ նշեց, որ ըստ լիցենզիայի փոփոխված տարբերակի մինչեւ այս տարեվերջ «Արմենտելը» պետք է հեռախոսաֆիկացնի ամբողջ Հայաստանի տարածքը, իսկ մինչեւ 2006 թ. վերջըՙ թվայնացնի: Ընտրվել է հեռախոսաֆիկացման եւ թվայնացմանՙ նախարարության առաջարկած տարբերակը, ըստ որի խոշոր բնակավայրերում եւ գյուղերում պետք է տեղադրվեն թվային կայաններ, իսկ մյուս գյուղերումՙ անալոգային կայաններ: Նոր ներդրումներ կատարելու անհրաժեշտությամբ էլ «Արմենտելը» բացատրում է սակագնային փոփոխությունների նոր առաջարկը: «Սակայն մենք ասում ենք, որ նախ ներդրումներ կատարեք, որակ ապահովեք, ապա նոր բարձրացրեք սակագները», նշեց նախարարը:
Անդրադառնալով բջջային կապին, Անդրանիկ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ «Վիվասելի» շուկա մուտք գործելուց հետո բջջային կապի սակագները ներկայումս դարձել են ամենացածրը տարածաշրջանում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ