«Նոր հարեւանություն» ծրագրի մաս կազմող Հայաստանը չի կարող հակադրվել դրանց ծավալմանը
Հոկտեմբերի 3-ին Լյուքսեմբուրգում Եվրոմիության անդամ երկրների արտգործնախարարների արտակարգ հանդիպմանը բուռն քննարկումներից հետո հաստատվեց բանակցային փաստաթղթերի վերջնական տեքստը, իսկ հոկտեմբերի 4-ի լույս գիշերը պաշտոնապես հայտարարվեց Թուրքիայի հետ բանակցությունների սկզբնավորման մասին: «Ազգը» դեռեւս հոկտեմբերի 5-ի համարում «ԵՄ-ի հետ բանակցությունների սկզբնավորումը Թուրքիայի հաղթանակն է, սակայն դրա արդյունքները պայմանավորված են լինելու փաստաթղթերում առկա հոդվածների մեկնաբանությամբ» վերնագրով անդրադարձել էր այդ տեքստին:
Ըստ տեքստի, ԵՄ-ը Թուրքիային որպես նախապայման առաջադրում է Կիպրոսի Հանրապետության եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը, բայց ոչ թե բանակցությունների, այլՙ անդամակցության համար, միաժամանակ պահանջում երկրում բավարարել ազգային փոքրամասնությունների իրավիճակը, թույլ տալ էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին օգտվելու սահմանադրական իրավունքներիցՙ աստիճանաբար ընդլայնելով դրանք եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարեւան երկրների հետ:
Ազգային փոքրամասնությունների պարագայում խնդրո առարկան Թուրքիայի հայ, հույն եւ հրեա համայնքներն են, որոնց փոքրամասնության կարգավիճակն ու իրավունքները դեռեւս 1923 թ. հուլիսի 24-ին ստորագրված Լոզանի պայմանագիրն էր սահմանել: Հետեւաբար հայերի, հույների եւ հրեաների իրավիճակի բարելավում ասելով պետք է հասկանալ նրանց ազգային փոքրամասնության կարգավիճակից բխող իրավունքների վերականգնումը հատկապես համայնքային կալվածքների եւ հոգեւոր ճեմարանների հարցերում, որովհետեւ այդ հարցերի վերաբերյալ կառավարական որոշումները խախտել են պայմանագրի դրույթները:
Ինչ վերաբերում է էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին, թեեւ նրանց մասին Լոզանի պայմանագրում չի հիշատակվում, այսինքնՙ նրանք պայմանագրով փոքրամասնության կարգավիճակ չեն ստացել, սակայն դա չի խանգարել, որ վերջիններս դառնան խտրականության թիրախ եւ թուրքական կառավարությունների ճնշումները պատճառ դառնան էթնիկ եւ կրոնական հիմունքներով երկրում նոր հարցերի առաջացմանը, որոնցից գլխավորը տասնամյակների վաղեմություն ունեցող քրդերի եւ ալավիների խնդիրներն են:
Այս խնդիրների կարգավորումն ու ազգային փոքրամասնությունների իրավիճակի բարելավումն, ինչ խոսք, դրականորեն կանդրադառնա Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրաՙ նպաստելով համերաշխության մթնոլորտի ստեղծմանը երկրում: Հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն էլ ինքնաբերաբար կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Հարկ է սակայն նշել, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը գալով իշխանության, զգալիորեն բարելավել է Թուրքիայի հարաբերություններն Իրանի, առավել եւս Սիրիայի հետ: Չնայած Կիպրոսի հարցում հակասությունների եւ Էգեյան խնդրի առկայությանը, Թուրքիան նորմալ հարաբերություններ է պահպանում Հունաստանի հետ:
Այլ կերպ նա, Հայաստանը չհաշված, հարեւանների հետ հարաբերությունների բարելավման խնդիր որպես այդպիսին չունի: Հետեւաբար, Թուրքիային հասցեագրված հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ԵՄ-ի պահանջն առաջին հերթին պետք է վերաբերի Հայաստանի հետ հարաբերություններին: Քանի որ շրջափակումն անհարիր է բարիդրացիության սկզբունքներին, ուստի Թուրքիան համանուն հարաբերությունների համար պետք է բացի նաեւ իր հայկական սահմանը:
Թե Թուրքիան ե՞րբ կբարելավի ազգային փոքրամասնությունների իրավիճակը երկրում եւ բարիդրացիական հարաբերություններ կհաստատի հարեւանների հետ, դժվար է ասել: Սակայն քանի դեռ նա անդամակցության բանակցություններ է ծավալում ԵՄ-ի հետ, չի կարող մերժել վերոհիշյալ պահանջները: Սա նշանակում է, որ բանակցությունները յուրատեսակ զսպաշապիկի դեր են կատարելու Թուրքիայի համար: Եթե նույնիսկ նա չբարելավի պոլսահայ համայնքի վիճակը եւ չվերացնի Հայաստանի շրջափակումը, այդ խնդիրները մշտապես լինելու են նրա օրակարգում, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման ԵՄ-ի նախապայմանը նպաստելու է, որ երկրում ակտիվորեն վերարծարծվի պատմական բեռից ձերբազատվելու խնդիրը:
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ պոլսահայ համայնքի համար նախընտրելին ԵՄ-Թուրքիա անդամակցության բանակցությունների ծավալումն է, քան դրանց խզումը: Ակնհայտ է, որ խզման դեպքում Թուրքիան կկանգնի Եվրոպայից օտարվելու սպառնալիքի առջեւ եւ ԵՄ-ի պահանջների հետ հաշվի նստելու հարկադրանքի տակ այլեւս չի լինի:
Չպետք է մոռանալ, որ Հայաստանը 2004 թ. հունիսի 14-ին Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միացել է ԵՄ-ի «Նոր հարեւանություն» ծրագրին: Քանի որ Անդրկովկասի աշխարհագրական դիրքն անմիջական հարեւանության հնարավորություն չի տալիս ԵՄ-ին, ուստի ծրագրի իրագործումն անխուսափելիորեն պայմանավորվում է Թուրքիայի միջոցով: Ստեղծված իրավիճակում հարկադրվել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ծավալմանը, Հայաստանի համար կնշանակի հանդես գալ ծրագրի տապալման նախաձեռնությամբ:
Մոտ ապագայում Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն չունի, ոչ էլ, ըստ երեւույթին, անդամակցության թեկնածու դառնալու: Սակայն եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ապա Հայաստանը սահմանակից կդառնա այդ կառույցին, այդ դեպքում հայ-թուրքական հարաբերությունները զգալիորեն կվերաճեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների, իսկ դա նախադրյալներ կստեղծի, որ մեր հանրապետությունը նպաստի «Նոր հարեւանություն» ծրագրի իրագործմանը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ