Ընթերցասերները գերազանցապես կարդում են ռուսերեն
Պետպատվերով Հայաստանում տարեկան թարգմանվում է օտարալեզու 6 -7, առավելագույնը` 10 գեղարվեստական գիրք: Մշակույթի եւ երիտասարդական հարցերի նախարարության հրատարակչական գործի գործակալության հրատարակչական բաժնի պետ Սեյրանուհի Գեղամյանից տեղեկացանք, որ թարգմանությունների գերակշիռ մասը ռուսերենից է, հետո միայն գերմաներենից, ֆրանսերենից, իտալերենից: Անհամեմատ քիչ են անգլերեն թարգմանությունները:
«Նոյյան տապան» գրատան գրքերի բաժնի վարիչ Հայկ Մկրտչյանն իր ամենօրյա դիտարկումների հիման վրա նշում է, որ ռուսերեն գեղարվեստական գրքերն առ այսօր բավականին լավ են սպառվում: Ռուսերենին լավ տիրապետող մեր ընթերցող հասարակությանը մատչելի են հատկապես Պետերբուրգում հրատարկվող «Դասականների այբուբեն», «Ռուսական դասականներ», «Համաշխարհային դասականներ» մատենաշարերով հրատարակված գրքերը, որոնց գինը 1200 դրամից բարձր չէ: Հակառակ դրան, նկատելի դանդաղ, կամ առհասարակ չի վաճառվում հայատառ գրականությունը, որի պատճառը նա բացատրում է հրատարակիչների զգալի մասի գրական կյանքից եւ շուկայից հեռու լինելու հանգամանքով: Իսկ ի՞նչ պահանջարկ ունեն հայատառ թարգմանական գրքերը: «Թարգմանական գրականությունը կարելի է դասել քիչ թե շատ վաճառվողների շարքը, անշուշտ, մանկական գրականությունից հետո: Պետական պատվերով հրատարակված Դոստոեւսկու «Նամակներ մեռյալ տնից» գիրքըՙ Արմեն Հովհաննիսյանի թարգմանությամբ, կարելի է ասել, լավ վաճառվողների թվում է: Ընթերցասեր երիտասարդները շատ են հետաքրքրվում Մարկեսի գրքերով, նրա վերջին գրքերը թեեւ բնագրային թարգմանություններ չէին, սակայն վատ չէին սպառվում: Այսօր բարձրորակ թարգմանությունների մեծ պահանջարկ կա, բայց ցավալիորեն գրքի բնագավառ են ներթափանցել գրահրատարակչական գործում սիրողական մակարդակ ունեցող մարդիկ: Մինչդեռ դա լուրջ մասնագիտություն է, որը պահանջում է հմտություն եւ բազմակողմանի գիտելիքներ: Գրաքննության վերացումն, իհարկե, դրական երեւույթ էր, սակայն որոշակի վերահսկողություն անպայման պետք է լինի, այլապես դրամ ունեցող ամեն ոք այսօր գիրք է գրում ու հրատարակում թարգմանությունները: Եթե մենք իսկապես ուզում ենք բազմակողմանի զարգացած երիտասարդություն ունենալ, ուրեմն պետք է կարեւոր տեղ հատկացնենք նաեւ թարգմանական գրականությանը: Դրա համար պետք է մտածել պետական ու մասնավոր միջոցները ճիշտ օգտագործելու մասին, այլ ոչ թե զուտ ցուցադրական նպատակով Կոելյոյի կամ մեկ այլ գրողի հայտնի գործը ռուսերենից թարգմանելով ու հրատարակելով գործն ավարտված համարել: Անհրաժեշտ է հատուկ մատենաշարով հրատարակել համաշխարհային արդի գրականության լավագույն գործերըՙ դրանք ապահովելով բարձրորակ թարգմանությամբ ու մատչելի գներով: Ես հրատարակիչներին քանիցս հուշել եմ, որ տպագրական թղթին եւ այլ բաներին կարեւորություն տալով իրենք բարձրացնում են գրքի արժեքը ու մեր ընթերցասեր հասարակությանը զրկում հայատառ գիրք գնելու հաճույքից», ասում է Հայկ Մկրտչյանը: Թարգմանական գրականության պակասը, ըստ նրա, բարձրորակ թարգմանիչների պակասի հետեւանք է. այսօր գրքեր են թարգմանում օտար լեզուների միջին իմացությամբ թարգմանիչներ: Նա նաեւ նշում է, որ անհրաժեշտություն է առաջացել պետական աջակցությամբ հայ դասականների լավագույն գործերը հրատարակելու, որպեսզի այսօրվա ուսանողները բուհական եւ պետական քննությունների ժամանակ Սասունցի Դավթին չհամարեն Հայրենական պատերազմի հերոս: Հայ դասականների գրքերն արդեն դարձել են հնամաշ ու վաճառվում են միայն Վերնիսաժում:
«Գրքի նկատմամբ մեր հասարակության սերն իրականում չի նվազել, պարզապես գրքի շուկա ներխուժած փողատերերը գրքերի վրա սահմանել են իրենց գրպանին հարմար գներ ու դրանով ընթերցողին հեռացրել գրքից ու նվազեցրել գրախանութների թիվը», հավելում է նա:
Ֆրանսերենից ավելի քան 50 գիրք թարգմանած Ալեքսանդր Թոփչյանը նկատում է, որ մասնավոր հրատարակչությունների տպագրած թարգմանական գրականության ընտրությունը կատարվում է պատահական եւ աննպատակ, առանց հաշվի առնելու այդ գրքերի քաղաքական ու մշակութային նշանակությունը: «Ես դրական երեւույթ եմ համարում այն, որ այսօր շատ գրքեր են թարգմանվում, բայց կգերադասեի այդ քանակն առնվազն 50 տոկոսով կրճատված տեսնել, եւ ունենալ որակյալ թարգմանություններՙ հասցեագրված ներկայիս գրական պրոցեսին: Քանի որ չենք կարող ռուսների ու ամերիկացիների պես այսօր ողջ աշխարհի գրականությունը թարգմանել, ուրեմն ընտրությունը պետք է կատարենք խստիվ եւ հասցեագրված: Նախկինում ժամացույցի մեխանիզմի պես աշխատող այդ համակարգն ամբողջովին փլուզված է, որպեսզի դա ճիշտ աշխատի, պիտի իրենց տեղում լինեն հրատարակիչները, խմբագիրները, թարգմանիչները, քննադատները, որոնք կարողանան կապ հաստատել ընթերցողի հետ եւ նրանից հակադարձ ազդակներ ստանալ: Իսկ այսօրվա վիճակը նման է առանց սլաքների պտույտի աշխատող ժամացույցի: Չեմ ուզում վիճակն ամբողջությամբ սեւ ներկայացնել, այսօր կան ֆրանսերենի հրաշալի թարգմանիչներՙ Ամալյա Գաբրիելյան, Արուս Բոյաջյան, Աննա Հակոբյան եւ ուրիշներ: Բայց եթե թարգմանությունը չի դառնում ազգային մշակույթի մի նոր տեսակի զարգացման խթան, ուրեմն ինքնանպատակ աշխատանք է», ասում է Ալեքսանդր Թոփչյանը:
Հայաստանի գրողների միության «Արտասահմանյան գրականություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նույնանուն ամսագրի խմբագիր Սամվել Մկրտչյանը ներկայիս թարգմանական գրականության վիճակն աղետալի է համարում եւ ոչ մի նախադրյալ չի տեսնում դրա բարելավման համար: «Առանց պետական հոգածության այս ամսագիրը չի կարող գոյատեւել, պետությունը պետք է շահագրգռված լինի, որ թարգմանական գրականությունը ծաղկի, որովհետեւ դա օգտավետ կլինի մեր լեզվին ու գրականությանը, աճող սերնդին, աշխարհի հետ մեր հաղորդակցմանը:
Անցած տարվանից ես եմ ամսագրի խմբագիրը եւ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ շատ քիչ օժանդակություն եմ ստացել, ամսագիրը շարունակում է գոյատեւել թարգմանական արվեստի հանդեպ իմ մեծ սիրո շնորհիվ: Եթե վաղը ստիպված լինեմ թողնել ամսագիրը, ամենից շատ ցավում եմ այն երիտասարդ թարգմանիչների համար, որոնց հետ աշխատում եմ: Գրողների միությունն ամսագրին օգնել է մասնակի, վերջին համարն այժմ տպարանում է, եւ դրա համար միությունից ոչ մի գումար չեմ ստացել», ասում է Սամվել Մկրտչյանը: Ընթերցողին համաշխարհային ժամանակակից գրականությանը հաղորդակից դարձնելու նպատակով նա ստեղծել է մատենաշար եւ հրատարակել 4 գրքույկներ, որոնց գինը եղել է ընդամենը 100 դրամ: «Դա շատ հեռանկարային գործ էր, բայց դարձյալ մնաց պետական հովանավորությունից դուրս, եւ երկար չտեւեց: Կարելի է հրաշալի մատենաշարեր ստեղծել, սակայն պետք է լինի առանձին մի կառույց, ենթադրենք Գրողների միությունը, որը պետք է թարգմանական բաժնի համար հատուկ ֆինանսավորում ստանա: Սակայն այն մոտեցումը, որ մեզանում կա լուրջ հարցերի նկատմամբ, դժվար թե որեւէ տեղաշարժ լինի», հուսահատ նշում է Սամվել Մկրտչյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ