Այսպիսով, շախմատի միջազգային երկրորդ մրցաշարը Ստեփանակերտում կայացավ: Խաղերի ընթացքին համացանցի միջոցով հետեւում էր ավելի քան 70 հազար մարդ, ինչը վկայում է մրցաշարի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին: Անշուշտ, այս անգամ էլ Ադրբեջանը փորձեց խանգարել մրցաշարի անցկացմանըՙ համապատասխան խողովակներով իր դժգոհության ձայնը բարձրացնելով: Սակայն, ինչպես ասում են, շախմատը աշխարհագրական ու քաղաքական սահմաններ չի ճանաչում, եւ պետք է արժանին մատուցել բոլոր մասնակիցներին, ովքեր անտեսեցին քաղաքական տաբուները: Ավելինՙ բոլոր մասնակիցների տպավորությամբ մրցաշարը կազմակերպված էր բարձր մակարդակով, խաղացողների համար ստեղծված էին հրաշալի պայմաններ: Նրանց զարմացրել էր նաեւ ստեփանակերտցիների բուռն հետաքրքրությունը մրցախաղերի եւ առհասարակ շախմատի նկատմամբ, որովհետեւ նման մարզական ոգեւորությունը սովորաբար հատուկ է մեծ քաղաքներին, որտեղ մարզական ընդգրկումները համապատասխանում են նաեւ ծավալային հնարավորություններին: Յուրօրինակ Մարականաՙ շախմատային մեծ կրքերի համար. ահա ստեփանակերտյան մրցաշարի բովանդակային գնահատականը:
Իսկ մրցաշարի արդյունքները անսպասելի չէին, թեպետ մրցակիցների կազմում ահեղ հակառակորդների թիվը քիչ չէրՙ միջազգային գրոսմայստերներ Իվանչուկ, Սոկոլով, Դրեեւ, Մաչեյա, Բոլոգան, Արոնյան, Անաստասյան, Նակամուրա... Սա շախմատային աստղաբույլի ամփոփ կազմը չէ, հիշեցնենք, որ նման կարգի մրցաշար առաջին անգամ է կազմակերպվում ամբողջ Կովկասում:
Ինչպես մրցաշարի փակման արարողության ժամանակ որոշակի հումորով եւ ոչ առանց հպարտության նշել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, հայ գրոսմայստերներն ամենեւին էլ «հյուրընկալ» չգտնվեցին: «A» խմբում հաղթող ճանաչվեց Լեւոն Արոնյանը, իսկ «B» խմբումՙ Տիգրան Պետրոսյանը:
Մրցաշարի հանդիսավոր փակման ժամանակ գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը ելույթ ունենալովՙ գոհունակություն հայտնեց իրենց ընձեռված հրաշալի հնարավորությունների համար, չմոռանալով նշել մրցելույթներին դահլիճում մշտապես ներկա երկրպագուների ծայրահեղ ոգեւորությունը, որը նաեւ խանգարում էր խաղացողներին: Նրա խոսքովՙ առանձնապես խանգարիչ էին բջջային հեռախոսազանգերը դահլիճում: Մեծ շախմատիստը մրցաշարի ընթացքում հնարավորություն է ունեցել մոտիկից ծանոթանալու պատերազմից ապաքինվող Ղարաբաղին, եւ նրան հիացրել էր ղարաբաղցիների կենսահաստատությունն ու լավատեսությունը, իր իսկ ապագան սեփական ձեռքով կառուցելու նպատակամետությունը:
«A» խմբի գլխավոր մրցավար Յուրի Լոբանովի խոստովանությամբՙ դա իր կյանքի լավագույն մրցաշարն էր, որին ինքը երբեւէ մասնակցել է մրցավարի կարգավիճակով: Նրա դիտարկմամբՙ բոլոր խաղացողներն էլ ճաշակել են պարտության դառնությունը, իսկ խաղերն էլ եղել են տպավորիչ ու հագեցած:
Մրցաշարի ընթացքում հաճելի անակնկալ էր պատրաստել հյուրի կարգավիճակով Ստեփանակերտում գտնվող հանրաճանաչ շախմատիստ Լայոշ Պորտիշը: Նա Ստեփանակերտի շախմատասեր հասարակության համար համերգ էր կազմակերպելՙ իր բարձրարվեստ կատարումներով: Հանդիսավոր փակման ժամանակ հունգարացի գրոսմայստերը դարձյալ հանդես եկավ օպերային երգերի հրաշալի կատարումներով: ԼՂՀ պետական պարգեւիՙ «Երախտագիտություն» մեդալի արժանացած մեծանուն շախմատիստին մեդալը հանձնելիս ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ նման ջերմեռանդությամբ նա չի երգել աշխարհի ոչ մի բեմում: Ի դեպ, Ղարաբաղում շախմատի զարգացմանը նպաստելու համար նույնպես պետական պարգեւիՙ «Վաչագան Բարեպաշտ» մեդալի արժանացավ նաեւ մրցաշարի համակազմակերպիչ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Մեդալը անձամբ նրան հանձնեց ԼՂՀ նախագահը:
«Ղարաբաղ-2005» միջազգային մրցաշարի մասին արդեն ֆիլմ է պատրաստվել, որը ցուցադրվեց փակման ժամանակ, եւ որին հաջորդեց արցախյան բեմարվեստի վարպետների պատրաստած համերգը:
Մրցաշարի մասնակիցները մեկնեցին Ղարաբաղից ոչ միայն նվաճած մրցանակներով ու հուշանվերներով, այլեւ մրցաշարից քաղած համոզչականությամբՙ Արցախում շախմատի միջազգային մրցաշարերը ավանդական են լինելու, եւ իրենք դարձյալ դրանց մասնակիցն են դառնալու: Դա այդպես է լինելու, որովհետեւ շախմատը խաղաղության դեսպանն է, իսկ բազմաչարչար Ղարաբաղին հավերժական խաղաղություն է պետք:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ