«Ռայթ իրավաբանական խումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վահե Գրիգորյանին նախորդ գիշեր կալանավորելու լուրը ծայրահեղ հուսահատության եզրին է հասցրել Բուզանդի փողոցի բնակիչներին, հատկապես Սաֆյանների, Դանիելյանների, Գրիգորյանների եւ Վահանյանների ընտանիքներին, որոնց շահերն արդեն մեկ տարի նա պաշտպանում էր դատական ատյաններում: «Փաստաբան Վահե Գրիգորյանի հետ համատեղ դիմակայել ենք բոլոր դատական ատյաններում կատարվող ապօրինություններին, հակասահմանադրական ու հակամարդկային որոշումներին: Չենք ընկճվել ու շարունակել ենք մեր պայքարը բռնությամբ մեր տներից վտարվելուց հետո: Մեր դիրքորոշումը չի փոխվել, եւ արժանապատիվ ապրելու մեր համառությունը չի կոտրվելու: Անգամ փաստաբան Վահե Գրիգորյանին կալանքի միջոցով մեկուսացնելու ձեր «կագեբեական» մեթոդը չի հնազանդեցնի մեր կամքը պայքարելու ձեր նյութապաշտական ցանկությունների դեմ: Մենք պահանջում ենք ազատել փաստաբան Վահե Գրիգորյանին», ասված է նրանց երեկ տարածած հայտարարության մեջ: Ավերակ փողոցում երեկ հավաքված բնակիչներից ոմանք իսկապես մարտական կեցվածք ունեին, իսկ ոմանք դժվարանում էին խոսել, որովհետեւ նրանց խոսքը վերածվում էր լացի: «Հիմա ո՛չ տուն ունենք, ո՛չ փաստաբան, չգիտենք ի՞նչ ենք անելու, ո՞վ է մեզ օգնելու», ասում էին նրանք:
«Այս տարածքի սեփականատերերը բազմիցս ոտնահարել են բնակիչների տարրական իրավունքները: Վահե Գրիգորյանն այն եզակի փաստաբաններից է, որ մեր շահերը տարբեր ատյաններում պաշտպանել է օրենքի տառին համապատասխան: Մեր վրդովմունքը բնական է, քանի որ այսօր մենք զրկվել ենք մեր վերջին հույսից: Նա 4 ընտանիքների դատապաշտպանն էր եւ արդեն երրորդ գործն էր հասցրել Եվրոդատարան», ասաց Գոհար Գալստյանը:
Սաֆյանների ընտանիքի գործն առաջիններից է, որ փաստաբանն ուղարկել է Եվրոդատարան: «Մեր բոլոր լիազորությունները հանձնել էինք Վահե Գրիգորյանին, մեր վերջին հույսը կապելով նրա հետ: Մենք կասկածներ ունենք, որ մեր տների տեղում նոր շենքեր կառուցող «Գլենդեյլ հիլզի» ՍՊԸ-ի հետեւում կանգնած են բարձրաստիճան պետական գործիչներ, որոնք շահույթ են կորզում ուրիշների անվան տակ: Հիմա էլ նրանք ձերբակալել են մեր իրավաբանին», ասաց Սաշիկ Սաֆյանը:
Բնակիչները համոզված են, որ Վահե Գրիգորյանին ձերբակալելու գլխավոր պատճառներից մեկը Գլխավոր պողոտայի բնակիչների գործն էր, նրանք հիշեցին, թե ինչպես էին մի քանի ամիս առաջՙ մայիսին, Բուզանդի բնակիչներին վտարելու եկած դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները ծեծում բնակիչների շահերը պաշտպանող փաստաբանին:
«Ռայթ իրավաբանական խումբ» ՍՊԸ-ի իրավաբան Կարապետ Բադալյանը «Ազգի» հետ զրույցում նշեց, որ որեւէ փաստաբան այս պահին չի կարող փոխարինել Վահե Գրիգորյանին, քանի որ նա արդեն մեկ տարի բնակիչների կողքին էր եւ լավ գիտեր նրանց գործերի բոլոր մանրամասները: «Ռայթում» շատ են պետական մարմինների օրենքին հակասող ակտերը բողոքարկող գործերը: Համոզված եմ, որ Վահեին ձերբակալելու հիմնական պատճառը Գլխավոր պողոտայի բնակիչների գործն է», ասաց նա:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ