«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2005-10-12 | #184, 2005-10-13 | #185, 2005-10-14


ՄՈՍԿՎԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինչը Հայաստանում եւ Ղարաբաղում հակառուսական տրամադրությունների նախադրյալներ է ստեղծում

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հունիսին անցկացրած հանրային հարցումների (1500 քաղաքացիների շրջանում) համաձայն, Հայաստանի բնակչության ավելի քան 34 տոկոսը կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցությանը, մոտ 34 տոկոսը` դեմ, 31 տոկոսը դժվարացել է պատասխանել: ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությանը կողմ արտահայտվողների ավելի քան 43 տոկոսը հարցին, թե ինչո՞ւ պետք է երկիրը ինտեգրվի Հյուսիսատլանտյան դաշինքին, պատասխանել է, որ ՆԱՏՕ-ն անվտանգություն ապահովող ամենաարդյունավետ համակարգն է: Հյուսիսատլանտյան դաշինքին Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտվողների 53 տոկոսը կարծիք է հայտնել, որ հանրապետությունը «պետք է Ռուսաստանի հետ շարունակի մնալ ՀԱՊԿ անդամ եւ իր անվտանգությունը կապի Ռուսաստանի հետ»:

2004 թ. աշնանը Հայաստանի քաղաքացիների արտաքին քաղաքական կողմնորոշումները պարզելու նպատակով 1095 բնակիչների շրջանում սոցիոլոգիական հարցումներ անցկացրեց Vox populi կենտրոնը: Հարցվածների 18 տոկոսը կարծիք է հայտնել, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը պետք է մերձենա «բացառապես Ռուսաստանի հետ», 20 տոկոսը` «ավելի շուտ Ռուսաստանի, քան ՆԱՏՕ-ի», 29 տոկոսը` «հավասարապես Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի», 21 տոկոսը` «ավելի շուտ ՆԱՏՕ-ի, քան Ռուսաստանի» եւ 8 տոկոսը` «բացառապես ՆԱՏՕ-ի» հետ:

Չնայած հարցումներում հայ հասարակության` Մոսկվայի հանդեպ որոշակի թերահավատությանը, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ ռազմավարական հիմնական գործընկերը: Երեւանն ու Մոսկվան ռազմատեխնիկական ոլորտում սերտորեն համագործակցում են երկկողմ եւ ՀԱՊԿ շրջանակներում, Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը, հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանները համատեղ վերահսկում են հայ եւ ռուս սահմանապահ զորքերը:

Հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերը բավականաչափ ամուր են, թեեւ երկու երկրները չունեն ընդհանուր սահմաններ, եւ Հայաստանը Ռուսաստանի հետ կապվում է երրորդ երկրիՙ Վրաստանի տարածքով: Վերջինս ունի լուրջ տարաձայնություններ Մոսկվայի հետ, ինչն ուղղակիորեն անդրադառնում է հայ-ռուսական հարաբերությունների վրա: Բավական է հիշել անցած աշնանը տեղի ունեցած Վերին Լարսի դեպքերը, երբ ռուս-վրացական սահմանի շրջափակումը ուղղակիորեն հարվածեց Հայաստանին:

2004 թ. հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը կազմել է 208 մլն դոլար: Հայաստանի անկախացումից հետո Հայաստանի գլխավոր առեւտրատնտեսական գործընկերը եղել եւ մնում է Ռուսաստանը: Մյուս կողմից, տարեցտարի նվազում է Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ: Այսպես, եթե 2001 թ. տեսակարար կշիռը կազմել էր 19,2 տոկոս (234149.3 հազար դոլար), ապա 2002-ինՙ 17,4 (261274.7 հազար), 2003-ինՙ 15,2 (297792.3 հազար), 2004-ինՙ 12,9 (266197.2 հազար): 2004 թ. տվյալներով, Ռուսաստանին հետեւում են Բելգիան` 10,5, Իսրայելըՙ 9,6, ԱՄՆՙ 8,3, Գերմանիանՙ 7,6, Մեծ Բրիտանիանՙ 5,3, Իրանըՙ 4.9, Շվեյցարիանՙ 4,1, Վրաստանըՙ 3,8 տոկոս:

Հայաստանում գրանցված են ռուսական մասնակցությամբ մոտ 600 համատեղ ձեռնարկություններ, որոնցից շուրջ 300-ն արդյունավետ գործում են: ՌԱՕ ԵԷՍ-ը Հայաստանի բաշխիչ ցանցերի եւ «Սեւան-Հրազդան» կասկադի սեփականատերն է, ինչպես նաեւ Մեծամորի ատոմակայանի կառավարիչը: Ռուսաստանի կառավարության սեփականությունն է «Հրազդանի ՊՇԷԿ»-ը: Հայաստանը «երկնագույն վառելիքը» եւ ատոմակայանի համար ուրանը ստանում է բացառապես Ռուսաստանից: Ակնհայտ է Հայաստանի էներգետիկ, հետեւաբար նաեւ տնտեսական եւ քաղաքական կախվածությունը Ռուսաստանից:

Հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը, Հայաստանում ռուսաստանյան ներդրումների ծավալները կարող էին լինել ավելի լուրջ, եթե Մոսկվան գործի գցեր 2002 թ. «Գույք պարտքի դիմաց» ծրագրով ձեռք բերած հայկական ընկերությունները: Ռուսաստանը Հայաստանի պարտքի դիմաց ձեռք բերեց «Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը» (350 հազար դոլար), «Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ն» (2,75 մլն), «Կառավարման ավտոմատացված համակարգեր ԳՀԻ-ն» (3,37 մլն), «Մարս» գործարանը (56,29 մլն) եւ Հրազդանի ՋԷԿ-ը (31 մլն):

Հայկական ձեռնարկությունները ստանալուց հետո ռուսական կողմը լուրջ ներդրումներ չի կատարել, ինչն առաջացնում է հայկական կողմի դժգոհությունը: Ռուսաստանը ճանաչող քաղաքագետները նշում են, որ Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների նման ընկերությունները Ռուսաստանում փլուզվում են եւ պետք չէ ակնկալել, որ Մոսկվան կվերականգնի եւ լուրջ ներդրումներ կկատարի հայկական ձեռնարկություններում:

Իսկ երբ փետրվարին Երեւանում էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը, դժգոհեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Պատճառն այլ էր: Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանի հետ երկաթգծով կապվել Ադրբեջանի տարածքով, մինչդեռ Հայաստանի տարածքում գործում է երկաթգծային ենթակառուցվածք, որը կարող է կապել տարածաշրջանի բոլոր երկրները:

Իրապես, Հայաստանով են անցնում Կարս-Գյումրի-Թբիլիսի, Երեւան-Նախիջեւան-Ջուլֆա երկաթգծերը, սակայն դրանք տարիներ շարունակ պարապուրդի են ենթարկվել հայտնի պատճառներով: Այնպես որ, որքան էլ ցանկանանք, հյուսիս-հարավ, այսինքնՙ Ռուսաստանը Պարսից ծոցին կապող առանցքը առայժմ չի կարող անցնել Հայաստանով: Պետք է հաշվի առնել նաեւ, որ ռուս-վրացական հարաբերությունների չկարգավորվածությունը եւս անհրապույր է դարձնում Ռուսաստանը Ծոցին կապող առանցքի անցկացումը Հայաստանով:

Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող բոլոր երկաթգծերը շրջափակված են. Կարս-Գյումրին` Թուրքիայի կողմից, Երեւան-Ջուլֆա-Թեհրանը եւ Երեւան-Բաքուն` Ադրբեջանի, Երեւան-Թբիլիսի-Սոչին` Վրաստանի:

Թեքում դեպի ՆԱՏՕ, ԵՄ, եվրատլանտյան կառույցներ

Պաշտոնական Երեւանը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը համարում է Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկը: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը սխալ մոտեցում է համարում մամուլում հնչող տեսակետը, ըստ որի ռուսական ռազմակայանը պարտադրվել է Հայաստանին: «Դա բացարձակապես սխալ մոտեցում է. ռազմակայանը Հայաստանում տեղակայված է երկկողմ համաձայնագրերի հենքով եւ համապատասխանում է մեր շահերին», սեպտեմբերի 27-ին Ֆինլանդիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Քոչարյանը:

Հայաստանը վերջին տարիներին հաջողությամբ շարունակում է հարաբերությունները խորացնել ՆԱՏՕ-ի հետ: Այսպես, 2004 թ. ընթացքում Հայաստանը մասնակցել է դաշինքի 47 միջոցառումների եւ 5 զորավարժությունների, իսկ 2005 թ. հայկական զինուժը մասնակցելու է ՆԱՏՕ-ի հետ համատեղ 50 միջոցառումների եւ 8 զորավարժությունների:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուուփ Սխեֆերը անցյալ աշնանըՙ Երեւան այցի նախօրեին հայտարարեց. «Հայաստանն ապացուցում է, որ կարելի է սերտ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ եւ միաժամանակ լինել դաշինքի ակտիվ գործընկեր: Հայաստանն իսկապես լավ կապեր ունի Ռուսաստանի հետ, սակայն դա չպետք է որեւէ կերպ խոչընդոտի ՆԱՏՕ-ի հետ նրա հարաբերությունների զարգացմանը»:

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը վերջին տարիներին բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չափազանց կարեւոր է եւ համարում է Հայաստանի անվտանգության բաղկացուցիչ մասը: «Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ մենք շարժվելու ենք որդեգրած ուղղությամբ եւ շարունակաբար խորացնելու ենք մեր հարաբերությունները: Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերին, ապա ասեմ, որ մենք հնարավորությունների չափով աշխատելու ենք մասնակցել: Ավելին, եթե մենք չունենայինք չլուծված հակամարտություն, ապա հնարավորություն կունենայինք ավելի մեծ չափով մասնակցելու այդօրինակ ծրագրերին», ասել է Սարգսյանը:

Հայաստանի հետ հարաբերություններում կոստյումի փոխարեն խալաթ

Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են Ղարաբաղի եւ Հայաստանի հասցեին վիրավորական եւ անհասկանալի հայտարարություններ անում: Շատ դեպքերում Երեւանում դրանք արձագանք չեն գտնում, չեն արվում պատասխան հայտարարություններՙ հավանաբար հաշվի առնելով մեր երկրի փոքր լինելու եւ այլ հանգամանքներ: Վերջին մեկ տարում Կրեմլի եւ մերձկրեմլյան շրջանակների ոչ հայանպաստ ձեւակերպումները հաճախակի են դարձել: Օրինակ, մեկ տարի առաջ Բեսլանի մանկասպանության օրերին Վլադիմիր Պուտինը անհասկանալի եւ վիրավորական զուգահեռ անցկացրեց Չեչնիայի եւ Ղարաբաղի միջեւ: Մի քանի ամիս առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը դատապարտեց ԼՂ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որոնք ժողովրդավարական չափանիշներով թերեւս ավելի ազատ էին ու արդար, քան Վլադիմիր Վլադիմիրովիչի նախագահ դառնալու երկու ընտրությունները:

Մոսկվան ԼՂ հասցեին պարբերաբար ոչ հաճելի հայտարարություններով նախադրյալներ է ստեղծում Հայաստանում եւ Ղարաբաղում հակառուսական տրամադրություններ ձեւավորելու գործումՙ ընդսմին լուրջ վնաս հասցնելով հայ եւ ռուս ժողովուրդների ավանդական բարեկամությանը: Դրա արդյունքում ենթադրվում է, որ կաճեն ամերիկյան եւ եվրատլանտյան ազդեցությունն ու համակրանքն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում: Ի տարբերություն ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանի, որն ուղղակիորեն Երեւանին «խեղդում» էր 100 մլն դոլար պարտքի հարցում, Մ. Նահանգները տարեցտարի ավելացնում է օգնությունը ինչպես Հայաստանին, այնպես էլ միջազգային հանրության կողմից չճանաչված Ղարաբաղին:

Ռուսաստանը կարողացավ մոտ 100 մլն դոլար պարտքի դիմաց սեփականացնել հայկական ռազմավարական նշանակության մի քանի ձեռնարկություններ (դրանք այսօր ըստ էության չեն գործում եւ չկան նախանշաններ, որ ռուսները շահագրգիռ են ներդրումներ կատարելու), մինչդեռ Մոսկվան «դուրս գրեց» Ռուսաստանի համար ոչ այնքան ռազմավարական գործընկեր համարվող Սիրիայի մոտ 4 մլրդ դոլար պարտքը:

Կրեմլն ամեն առիթով հիշեցնում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի ընդունում ԼՂ դե ֆակտո ղեկավարությանը, սակայն ջանասիրությամբ պաշտպանում է Աբխազիային, Հարավային Օսիային եւ Մերձդնեստրին, ակնհայտորեն միջամտում է այնտեղ տեղի ունեցող ընտրություններին եւ ներքաղաքական գործընթացներին: Դժվար է հիշել դեպք, երբ Մոսկվան միջազգային համաժողովների շրջանակներում պաշտպանած լինի Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում:

Ռուս վերլուծաբանները հաճախ են կրկնում, որ այսօրվա Ռուսաստանն ունի երկու արտաքին քաղաքականությունՙ «կոստյումով» եւ «խալաթով»: Առաջինը ռուս դիվանագետները կրում են արտասահմանում, երկրորդըՙ ԱՊՀ տարածքում: Ռուս պաշտոնյաները Հայաստանի հետ բանակցություններում ակնհայտորեն նախընտրում են «խալաթը»: ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը Հայաստանը որակեց ընդամենը «ֆորպոստ», ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը Հայաստանի իշխանություններին հորդորեց «ըմբռնումով մոտենալ» ռուս-վրացական սահմանի շրջափակմանը (ինչի պատճառով մի քանի հարյուր Հայաստանի քաղաքացիներ անմարդկային պայմաններում շաբաթներ շարունակ մնացին Դարյալի կիրճում): Իսկ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինն իրեն Հայաստանում այնքան ազատ է զգում, որ նախորդ ասուլիսին ներկայացել էր հարբած եւ Ռոբերտ Քոչարյանին կոչեց «Երեւանի նախագահ»:

Հայաստանը վերջին տարիներին Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները սերտացնելու քայլեր է ձեռնարկում: Ոչ միայն կառավարության, այլեւ բնակչության արտաքին քաղաքական համակրանքները փոխվում են դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ, իրողություն, որն ընդամենը մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել: Հայաստանի բնակչության մի ստվար զանգված հանդես է գալիս ՆԱՏՕ-ին անդամակցելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերջինիս մասնակցության, ինչպես նաեւ Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու օգտին: Հունիսին Հայաստանը Բրյուսելում ներկայացրեց ՆԱՏՕ-ի հետ Անհատական համագործակցության փաստաթուղթը, մինչեւ տարվա վերջը կհաստատվի Գործողությունների ծրագիրը ԵՄ-ի հետ, երկու փաստաթղթերն էլ նոր որակ են համապատասխանաբար Հայաստան-ՆԱՏՕ եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Ակնհայտորեն, Մոսկվայում մի կողմից չեն ողջունում Հայաստանի արեւմտյան, եվրոպական թեքումը, մյուս կողմից` շարունակում են չարաշահել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Հայաստանը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, առայժմ այնքան էլ մեծ հնարավորություններ չունի մանեւրելու Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում: Ռազմաքաղաքական առումով Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը ամուր կմնա, քանի դեռ տարածաշրջանում լուրջ փոփոխություններ չեն լինի: Խոսքն առաջին հերթին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ սահմանի վերաբացման մասին է: Մոսկվան զուտ օբյեկտիվ պատճառներով, ակնհայտորեն, չի ցանկանա հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Հակառակ դեպքում ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում կդառնա ավելորդ եւ չարդարացված:

Անկախ ամեն ինչից, անցնող մեկուկես տասնամյակում Հայաստանի համար կարեւորագույն քաղաքական, ռազմական եւ տնտեսական գործընկերը եղել է հենց Ռուսաստանը: Որքան էլ մեր երկրի իշխանությունները պնդեն երկնիշ տնտեսական աճի մասին, ակնհայտ է, որ Հայաստանի հարյուր հազարավոր շարքային քաղաքացիների գոյատեւման հիմնական աղբյուրը տարիներ շարունակ հենց Ռուսաստանն է, ավելի ճիշտ` այնտեղից փոխանցվող գումարները, որոնք մոտավորապես կազմում են այնքան, որքան պետական բյուջեն է:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4