«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2005-10-12 | #184, 2005-10-13 | #185, 2005-10-14


ՖՐԱՆՍԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԱՍԱՏՈՒՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ֆրանսահայ նկարիչ Ասատուր Պզտիկյանն այսօր փնտրված արվեստագետներից մեկն է աշխարհումՙ էսթետիկայի, գեղանկարչության հանդեպ ունեցած վերաբերմունքի խիստ ինքնատիպությամբ, արվեստագետի ներքին կառուցվածքով, մարդկային իդեալների նախնական անաղարտությամբ եւ առհասարակ իր անհատականության շեշտվածությամբ:

Տարիներ է արդեն, որ նրա արվեստի հանդեպ աշխարհում հետաքրքրությունների լայն շրջանակ է գծագրվել: Փարիզում բնակվող նկարիչը բազմաթիվ անհատական եւ հավաքական ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում, Ամստերդամում, Գերմանիայում, Լոզանում, Հռոմում, Վիչենզայում, Տոկիոյում, Լիմայում (Պերու), Թայվանում, տասնյակ անգամներ իր ծննդավայրումՙ Բեյրութում եւ այլուր:

Վերջերս Փարիզում լույս տեսավ Ասատուրի գեղանկարների ալբոմըՙ արվեստի հայտնի եվրոպական տեսաբանների ծավալուն եւ բազմաբնույթ ուսումնասիրություններով: «Գաղտնագրության իշխանը», «արթնացած երազողը» արվեստաբանների այս բնութագրումները կարելի է վերագրել Ասատուրի արվեստի խորհրդավորությանը, որն ասես վերադարձ է հին աշխարհի մարդուն ու նրա ստեղծած արխայիկ արվեստին, երբ մարդն իր նախնական վիճակների տպավորություններն աշխարհի մասին արտահայտում էր պարզ թվացող պատկերագրերովՙ ժայռերին ու քարայրներինՙ խորհրդավորության հանելուկը թողնելով սերունդներին:

«Ծագումով կիլիկեցի, Ասատուրն ամենից առաջ միջերկրացի է, ծովային ինչ-որ բան կա նրա մեջ, գոյության էպիկուրյան զգացողություն, կարգուկանոնի եւ էականի ճաշակ, նախընտրություն բեկված գույների, զոհաբերման լույսի նկատմամբ, որի վրա հանգչում են հանգիստ պարզությունը եւ հարաշարժ ուշիմությունը. եւ այս ամենը պարփակված անհանգիստ ձգողականությամբ»:

Առաջին անգամ Ասատուր Պզտիկյանը Երեւանում էր, 2 օր առաջ վերադարձավ Փարիզ: Մեր հրավերով աշխարհահռչակ նկարիչն այցելեց խմբագրություն եւ զրույց ունեցավ: Որքան էլ իր առաջին այցին մամուլում հանդես գալը գեղանկարիչը համարում էր անպատեհ, այնուամենայնիվ, ընդունեց մեր հարցազրույցի հրավերը: Նկարչության, իր զգացողությունների, հետաքրքրությունների մի անսովոր աշխարհ է բացում Ասատուրը, որի հետ ընթերցողը կարող է ծանոթանալՙ հետեւելով «Ազգի» հաջորդ մշակութային ներդիրի էջերին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4