«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2005-10-13 | #185, 2005-10-14 | #186, 2005-10-15


«ՍԻՐՎԱԾ ԵՐԳԵՐ»

Երեւանում ծանոթներիցս մեկը, շատ լուրջ դեմքով նվիրելով մի ձայնասկավառակ, ասաց, որ օտար երկրում լսելով այդ երգերը, լրիվ կարելի է փարատել հայրենի երաժշտության կարոտը: Վերադառնալով Մոսկվա եւ խրվելով աշխատանքի մեջ, ես մոռացա ձայնապնակը եւ մի օր իրոք ներքին պահանջ զգալով ըմբոշխնելու հայ երգը, միացրի: Հնչեց երգը, ես տարակուսեցի. սա եւս տիպիկ արաբական երաժշտություն է... հետո հետեւեցին թուրքական մոտիվներ... եւ վերջապես լսվեց հայաբառ մի երգ, բայց անվանել հայկական... Ճիշտ է, երգը նվիրված էր մորը, բայց ուղեկցվում էր ականջ սղոցող թուրք-ադրբեջանական երկարաշունչ կլկլոցներով, մայրակարոտ տառապանքներն արտահայտվում էին մուղամատիպ ելեւէջումներով, մեղեդին միջարկվում էր կլառնետի, ակորդեոնի թե հարմոնի սրտակոտոր միջամտություններով եւ այլն: Դասական ռաբիս: Երկրորդ երգը նվիրված էր հորը, եւ ամեն ինչ կրկնվում էր նույն համաչափությամբ ու դինամիզմով: Հուսահատությունս կատարյալ էր, ուժ չմնաց լսելու մյուս «երգերը»: Հանում եմ սկավառակըՙ «Հայկո. Հայկ Ղեւոնդյան»: Եվ ամենահնչեղը... «Սիրված երգեր»: Մեղա՜ քեզ, տե՛ր Աստված, եւ այս ադրբեջանահաճ, իսկական հայ երգին խորթ այս բարբաջանքները համարվում են սիրվա՞ծ: Եթե միայն թուրքական աղտեղություններից հայ մեղեդին փրկած անմահ Կոմիտասը լսեր այս աղավաղումները...

Ապշեցնում է մի հանգամանք. արդյոք չի՞ կարելի երգել նորմալ հայկական հնչեղությամբՙ առանց այդ գարշելի կլկլոցների ու երկարաձգումների, առանց այդ կեղծ արեւելյան հավելումների: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Հայաստանի անկախացումից լիուլի շահել է միայն... ռաբիսը: Ազատվելով կոմունիստական կապանքներից, նա այսօր լայնորեն քայլում է Հայաստանի առեւտրակետերով, ի դեպ, իր շառավիղներով հասնելով նաեւ բովանդակ Ռուսաստան (չգիտեմ, թե ինչպիսին է իրավիճակը հեռավոր Ամերիկայում): Պարզվում է, որ ղարաբաղյան անողոք հակամարտությունն անգամ անզոր եղավ հայ երաժշտության նորաթուխ «աստղերի» մեջ մեռցնելու քստմնելի թուրքամոլ հակումները: Արդյոք այդ անձինք չե՞ն հասկանում, որ այդ բերանակոկորդային ծամածռությունները նսեմացնում են հայ մեղեդին: Գուցե իրավացի՞ են ադրբեջանցիները, երբ ամենուր տարփողում են, թե հայերը գողացել ու յուրացրել են իրենց երաժշտական կուլտուրան: Համենայն դեպս, Հայկոն կարող է հավակնել այդ դերին:

Չխոսենք ցենզուրայի մասին: Բայց մի՞թե Հայաստանում, թեկուզեւ մշակույթի նախարարությունում, կոմպոզիտորների միությունում չկան մարդիկ, որոնք իրենց հեղինակավոր խոսքով, խորհրդով, հանձնարարականով կանխեն կամ գոնե թուլացնեն ռաբիսի բարգավաճումը, պատնեշ կանգնեն ազգային երաժշտական մշակույթի այդ գորշ շոշափելի տարածման դեմ:

Թե՞ այս ասպարեզում էլ է անտերություն...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4