«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2005-10-13 | #185, 2005-10-14 | #186, 2005-10-15


ԱՆԱՅԳԱԲԱՑ ԱՄՌԱՆ ՏԱԳՆԱՊՆԵՐՆ ԱՇԽԱՐՀԻՆ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հակոբ Խաչիկյան, Ժան-Իվ Սուսի «Ամառ առանց այգաբացի», Երեւան, 2005, ՀԳՄ հրատարակչություն, «Սարգիս Խաչենց» տպագրատուն: Ֆրանսերեն բնագրից հայերեն թարգմանությունը Ամալյա Շահումյանի:

Երբ 1991 թ. Մոնրեալում ֆրանսերենով լույս տեսավ Հակոբ Խաչիկյանի «Ամառ առանց այգաբացի» վեպը, օտար մամուլը հեղեղվեց արձագանքներով, իսկ «British Empire and Royal Academy»-ի անդամ Մորիս Ֆարհին գրեց. «Վերջապես լույս տեսավ մի վեպ, որ գերազանցում է Ֆրանց Վերֆելի հանրածանոթ «Մուսա լեռան 40 օրը» գործը: Հակոբ Խաչիկյանի եւ Ժան-Իվ Սուսի վեպըՙ «Ամառ առանց այգաբացի», հոմերական հղացում է, արդարեւ Հոմերոսի «Ոդիսականի» նման անքակտելի սիրո կրքոտ պատմություն, որ նաեւ արտահայտում է ահավոր տառապանքի հանդեպ ցուցաբերած տոկունության այդչափ ուժը»:

Վեպն արագորեն գրավեց հրատարակիչների ուշադրությունը. երկրորդ հրատարակությունը կատարեց Փարիզի «Presses de la Cite՛»-ն: Գիրքը թարգմանվեց գերմաներենով, անգլերենով, իսպաներենով: Գերմանիայում լույս տեսավ երկու անգամ (1995, 1997), ապա Իսպանիայում, Լոնդոնում, Տորոնտոյում եւ կրկինՙ Մոնրեալում: Գիրքը համարվեց բեստսելլեր, ունեցավ աննախադեպ ընթերցողական հաջողություն, սպառվեց ավելի քան քառորդ միլիոն տպաքանակով: Այժմ պատրաստվում է գրքի նաեւ թուրքերեն թարգմանությունը: Հայերեն թարգմանությունը Կարպիս Մուշիկյանի եւ Նազարյան ընտանիքի մեկենասությամբ լույս տեսավ օրերս:

Գեղարվեստական արձակ մեծածավալ կտավի վրա կառուցված վեպն առաջին աշխարհամարտի տարիներին Անատոլիայումՙ Սեբաստիայում ապրող մի հայ ընտանիքի տարագիր ճակատագրի մասին է: Վեպի հենքը պատմական իրողություններ են եւ ստուգապես վավերական: Այն սկսվում է Առաջին աշխարհամարտի գործողություններիՙ Փարիզի մերձակա Նեվիլ Սենտ-Վաաստի մոտՙ գերմանացիների հակահարձակման նկարագրությամբ. «Այս պատերազմը մարդիկ սկսել էին երգը շուրթերին: Սակայն ցեխոտ խրամատներում անցկացրած մեկ ձմեռը ոգեշնչումը ընդարմացման էր վերածել: Սա անծանոթ մի բան էր, երբեւէ եղած ամենաանմարդկային պատերազմը»: Այդ պատերազմն էր, որ «հնարավորություն» տվեց թուրքական կառավարությանն իրագործելու մարդկության պատմության մեջ առաջին ամենասոսկալի ոճիրըՙ 1,5 մլն հայերի ցեղասպանությունը: 1915-ի ողբերգական իրողությունները վիպական միջավայրում այնպես են ներհյուսվում մարդկային կյանքի ընթացքին ու եղելություններին, որ այդ պատմական ճշմարտությունները, շնորհիվ գեղարվեստական խոսքի վարպետության, բնավ սոսկական նկարագրության չեն վերածվում. դա կյանք էՙ ապրող ճակատագրերի մարդկային տրոփյունով ու բաբախով:

Սվասում բնակվող Վարդան եւ Մարո Պալյանների եւ նրանց վեցամյա որդուՙ Թովմասի տարագիր ճակատագրերի միջոցով 1915-ի պատմական իրողությունները սոսկալի տեսարանների ու մարդկային ավերված հոգեբանությունների աշխարհագրությամբ նոր արտահայտություն են ստանումՙ գեղարվեստական միջավայրումՙ շատ ավելի ազդեցիկ ու ներգործուն:

Ընթերցանության գայթակղությունը (գրքի 250.000 տպաքանակի սպառումը) պայմանավորված է ոչ միայն վիպական սյուժետիկ զարգացման խիստ հետաքրքրականությամբ, այլեւ նախեւառաջ լեզվաոճական առանձնահատկություններով, որով պատումին հաղորդված է դինամիզմ ու դրամատիզմՙ ստեղծված հոգեբանական իրական միջավայրի շնորհիվ:

Վիպական գործողությունների կենտրոնում նախկին պատգամավոր, օսմանյան բանակի սպա Վարդանն է: Երբ իթթիհատականների Թալեաթ-Էնվեր-Ջեմալ եռապետության քաղաքականությանը հետեւում են հայերի ջարդերն ու տեղահանությունները, կախաղանի դատապարտված Վարդանը մի թուրք բարեկամի օգնությամբ կարողանում է խույս տալ եւ ընտանիքի հետ աքսորվում է Այնթապ, որտեղից սկսվում է նրանց կյանքի մռայլ ոդիսականը: Հայկական այս ջերմ ընտանիքը դեպքերի բերումով բաժանվում է, կինը երեխայի հետ թուրք գավառապետ Ռըզա բեյի միջամտությամբ մահից փրկվելովՙ պատսպարվում-պատանդվում է իր մոտ: Պարտադրված հարաբերությունները կյանքի օրենքների հունի մեջ մտնելովՙ հոգեբանորեն համոզիչ ընթացք են ստանում:

Օրերի բնականոն ռիթմի խախտված իրականության մեջ կյանքն ու մահը, սերն ու ատելությունը, չարն ու բարին խաչաձեւվում-ագուցվում են միմյանցՙ իրական ապրում հաղորդելով ընթերցումին, նաեւ վիպական գործողությունների հանդեպ անմիջական մասնակցի զգացողություններ արթնացնում: Հայերի զանգվածային տեղահանությունների ու ջարդերի նկարագրությունների մեջ զգայացունց տարրերի բացակայությամբ սակայն, ստեղծված է ողբերգական այնպիսի վիճակներ, որոնցում մարդը շփոթված է կյանքի շրջադարձից, իրերի անսպասելի ընթացքից: Ազդեցիկ է հայերի զանգվածային տեղահանության պատկերումը 6-ամյա երեխայիՙ Թովմասի աչքերով: «...Իրենից առաջ մինչեւ հորիզոն ձգվում էր մի շարասյուն, որի երկայնքով գնում եւ գալիս էին ձիավորները: Երեխան երբեք այդքան մարդ չէր տեսել: Նրանք բազում էին եւ նրանց սայլերը փոշի էին բարձրացնում, որը կախված էր մնում անշարժ օդում: Նա հետ նայեց եւ տեսավ, թե ինչպես էր քաղաքից դուրս հոսում մարդկային անսպառ գետը»:

Դրամատիկ ու հուզիչ են կառափնարանի դատապարտված հայերի հոգեբանական վիճակների, Ռըզա բեյի հետ Մարոյի պարտադրված հարաբերությունների նկարագրությունները. թուրք գավառապետից հղիացած Մարոյի հոգեկան տվայտանքներըՙ երեխայից ազատվելու անհաջող ճիգերով, ապա ծնված երեխայից բաժանման պարտադրանքով:

Ծավալվող իրադարձությունները հանգում են անսպասելի ընթացքների. Մարոյից տարիների բաժանումից հետո, Ռըզա բեյին առեւանգած Վարդանը պատանդների փոխանակում է կատարումՙ թուրք գավառապետին իր կնոջ հետ: Շիշլիի գերեզմանատանը Մարոյի եւ Վարդանի հանդիպումը կին-տղամարդ հոգեբանական երեւույթների շատ հետաքրքրական ու նուրբ ասպեկտներ է ի հայտ բերում...

Պատերազմական տագնապների, թալանների ու տեղահանությունների, ջարդերի անլուր տառապանքների իրականությունը հոգեբանության, մտայնությունների, աշխարհըմբռնումի նոր երանգներ է ծնում: Հայ մարդու ներքին աշխարհում նոր ճեղքեր են գոյանում, անդունդներ: Սակայն հենց այդ անդունդի պռնկին է, որ կյանքը հասնում է գերագույն արժեքի, ֆիզիկական մաքառումը, ապրելու ամեն ճիգը հավասարվում է հերոսականության:

Ֆիզիկական գոյամարտը ցեղապաշտության իմաստավորում է ստանում, որովհետեւ իր մեջ կրում է ապագա կյանքի ավիշը, որ հետագայում վերածվելու էր հայի լինելիությանՙ այս անգամ արդեն ի սփյուռս աշխարհի: Ու սա գուցե մեկ այլ խորհուրդ էր ունենալու: Այդ փրկյալները, որ ընդամենը ֆիզիկական գոյություններ էին, վերափոխումի պոռթկումով վերածվելու էին հոգեւոր նոր օրգանիզմիՙ հայկական ոգու տարբեր արտահայտություններով: ... Դա եղավ, որ հեռավոր ամերիկյան մայր ցավաքում մի հանճարեղ Արշիլ Գորկի ասեր. «Ես իմ վրձնով կվերակենդանացնեմ Հայաստանն ամբողջ աշխարհի համար»: Ու շարունակվեց այդ ոգին:

20-րդ դադրասկզբի պատերազմական, ազգային ու հեղափոխական շարժումների տենդով բռնկված, այլազան գաղափարական ու գեղագիտական հոսանքներից շիկացած ժամանակի մարդը, որքան ստեղծարար ու նորարար, նույնքան անպաշտպան ու թույլ էրՙ խճճված իր իսկ ձեռքով սարքած դավերի ու որոգայթների մեջ: Այս պատմական իրողությունների ֆոնին մարդկային կյանքի դրաման վավերական արժեքի ուժ է ստացել Հ. Խաչիկյանի պատումի առարկայական մոտեցմամբ, առանց սեփական ցավի ֆետիշացման եւ ավելորդ զգայականության: Այս հանգամանքի վրա իր դրական ազդեցությունն է ունեցել նաեւ ֆրանսիացի հեղինակ Ժան-Իվ Սուսիի ստեղծագործական մասնակցությունը: Ցեղասպանության երեւույթը հայկական, ազգային շրջանակներից դուրս բերելը եւ այն իբրեւ համամարդկային ողբերգություն ներկայացնելն է նաեւ վեպին հաղորդել ազդեցիկության ուժ, ապահովել գրքի բազմալեզվյան հրատարակությունները եւ ընթերցողական լայն հետաքրքրությունները:

Հակոբ Խաչիկյանի վեպը գեղարվեստական իր աներկբա արժեքով անկասկած ազդեցիկ նշանակություն է ունեցել եւ ունենալու է Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու մեր համազգային ճիգերում. սա ասվում էՙ մարդկային գիտակցության վրա արվեստի եւ գրականության հզոր ներազդեցությունների հազարամյակների փորձը նկատի առնելով:

- «Ամառ առանց այգաբացի» վեպը լայն ու բովանդակալից ստեղծագործություն է, ինչպես նաեւ ուժգին սաստում ցեղային ատելությունը քաջալերող հավիտենական տխմարության» (Անաբել Լայըն «National Post»):

- «Հակոբ Խաչիկյանի ուշագրավ վեպըՙ «Ամառ առանց այգաբացի»-ն հայկական մի դյուցազներգություն է, ոչ միայն հետաքրքրական կարդալու համար, այլ նաեւ արթնանալու կոչ էՙ ճանաչելու համար ճշմարտությունըՙ 20-րդ դարի առաջին ցեղային մաքրագործման մասին» (Մերիլին Վանդերսթեյ, «The Examiner»):

Օտարագիր հայ գրողների առաջին հավաքին հրավիրված կանադահայ անգլիագիր հեղինակիՙ Հակոբ Խաչիկյանի հետ «Ազգի» խմբագրատանն ունեցանք հանդիպում: Շնորհավորելով վեպի հայերեն թարգմանության, ինչպես նաեւ Մոնրեալում վերջերս լույս տեսած «Հայ գրականության ժառանգությունը» անգլերենով ստվարածավալ անթոլոգիայի 3-րդ հատորի առիթով, խնդրեցինք նրան ներկայացնել իր մոտեցումներն եւ զգացումները:

- Եթե հայ գրող մըն ես, միշտ կուզես, որ գիրքդ հայերենի թարգմանվի: Այդ 4-5 լեզուներեն ետքը ինծի համար շատ հուզիչ է տեսնել հայերեն գիրքը: Երբ կկարդամ, կզարմանամ, թե ես գրած եմ: Եվ ես ուզեցի, որ արեւելահայերեն թարգմանվի, քանի որ հոս կգտնվի հայերեն ընթերցողը:

- Ինչպե՞ս եք վերաբերում օտարագիր մեր գրողներիՙ հայ գրականության պատկանելության խնդրին:

- Եթե հայ գրող է եւ օտար լեզու կօգտագործե, որքանո՞վ ան կկազմե հայ գրականության մաս: Հարց մըն է: Կան անձինք, որ հայ են, սակայն բառ մը հայերեն չեն գրեր, գրածնին կապակցություն չունի որեւէ տեսակետով Հայ դատի, ոգիի կամ հայ պատմության հետ: Այդ անձը որքա՞ն հայ գրող է: Ռ. Հատտեճյանը կպնդե «եթե հայ գրողը հայերեն չի գրեր, հայ գրող չէ» տեսակետին վրա, որ շատ ընդունելի չէ: Կան անձեր, ինչպես Մկրտիչ Մարկոսյան, որ թուրքերեն կգրե, սակայն ամբողջ հայ կյանքն է Անատոլիո մեջ, Սարոյանը ինչ որ կգրեր, մեջը հայ ոգի կար, իր տիպարները հայեր ալ չըլլալով հանդերձ, մոտեցումը հայկական է: Ուրիշ մոտեցում ալ կա: Այն գրողը, որ հայկական ծագում ունի, սակայն հայերեն չի գիտեր, Հայաստան գալով եւ իր գործերը հայերենի թարգմանելով, թերեւս օր մը հայկական թեմայով գրե:

Սակայն կկարծեմ անպայման հայկական թեմա գրելը պայման չէ: Հայկական տիպարներ չըլլալով հանդերձ կրնաս մեկ-երկու տողով հայտնել հայկականությունդ, եթե այդ ոգին հոն է: Ինչ ալ որ կգրե գրողը ինքնակենսագրական է, անցյալը մեջն է, եւ այդ հայկականությունը ձեւով մը կարտահայտվի:

- «Ամառ առանց այգաբացի» վեպի օտարազգի ընթերցողների մեջ արդյոք եղա՞ն գրքի տպավորությամբ 1915-ի պատմական եղելություններով հետաքրքրվողներ:

- Այո, այո, շատ հեռաձայններ կստանայի, որ զիս կհրավիրեին զրույցի ու բոլորն ալ օտարներ: Իհարկե, հարցը ինչպես կներկայացնես, ատկե կախում ունի: Վեպին մեջ ներկայացվածը միայն ողբերգություն չէ: Մեջը սիրային պատմություն ալ կա եւ ատիկա շերտ մըն է կյանքին: Ցեղասպանության թեման տիեզերական, համամարդկային պիտի ըլլա, որուն մեջ օտարն ալ բան գտնե: Հայ պատմությունը պիտի ներկայացնել համամարդկային ձեւի տակ, որ հրապուրե, հետաքրքրե ուրիշը: Պատմության բերմամբ մարդը կստիպվի կարդալ մինչեւ վերջին էջը գիրքին: Եթե իրապես կհետաքրքրվի, անկե ետքը կսկսի փնտրել դոկումանները: Այդ է առավելությունը գեղարվեստական վեպին:

Վեպին շարունակությունըՙ առանձին գիրքովՙ «Ճակատագրի ափերը», սփյուռքի պատմությունն է, նոր տիպարներ կան: Կուզեի գրել, որ տարբերությունը ցույց տամՙ ինչ էր կացությունը իրենց երկրին մեջ եւ ինչ եղավ, երբ գացին նոր ափեր: «Ճակատագրի ափերը» սփյուռքյան վեպ է: Հիմա կաշխատիմ «Թովմասի օրագրություններուն» վրա, որ քրոնիկի ձեւով կգրվի: Հայ գաղութը, որ ունեցած ենք 1940-70-ականներուն Պոլսո մեջ, որեւէ մեկը չէ ներկայացուցած: Պոլսո հայ գաղութը (ունեւորության տուրքը, մեծ սեպտեմբերը) կներկայացնեմ այդ տղուն հուշերուն ընդմեջեն եւ մեջն ալ բավականին հումոր կա...

Հ. Խաչիկյանի գրեթե բոլոր գործերում հանդիպում է Թովմաս անունով հերոսը: Թերեւս դա պայմանավորված է իր առաջինՙ «Թովմաս» վեպի նույնանուն հերոսի նկարագրի հարազատությամբ. օտար միջավայրում նրա հայկական ինքնության գիտակցությունը ներքին երկվության հոգեկան դրամա է ապրում: Հ. Խաչիկյանի անդրանիկ վեպի առաջաբանը հեղինակել է Ու. Սարոյանը: Ահա թե ինչ է նա գրում.

«Նախՙ դա մի օրիգինալ անգլերեն գրվածք է: Երկրորդՙ այն ազդարարում է, որ ասպարեզ է իջել մի նոր իրական գրող: Երրորդ, ցուցադրում է ներկայիս նոր գրողի մեջ նստած ավելի հին գրողին` իր մտահորիզոնով, որակով, բազմազանությամբ եւ ոճով: «Թովմասը» թույլ է տալիս կռահել երիտասարդ Խաչիկյանի հաջորդ ստեղծագործությունը: Նախ, լեզուն հիանալի կլինի, գրեթե ամենալավ իմաստով բանաստեղծական, այն իմաստով, որ բառերը պատահականորեն չեն օգտագործվի, այլ զգուշորեն ընտրված կամ ընդունված, որովհետեւ դրանք ճիշտ են եւ գոհացուցիչ: Լեզվից անդին հայտնաբերվող ստեղծագործության «հոգու կամ գլխավոր հերոսի» մարդկային փորձը ներկայացվում է որպես զգայական ջերմության եւ պրակտիկ մտքի նուրբ համաձուլվածք: Հերոսը սիրում է մարդկային ցեղը ոչ թե անօգնական վիճակից դրդված, այլ իր ընտրությամբ: Հակոբ Խաչիկյանը հին ցեղի, հին աշխարհի ներկայացուցիչ է եւ հենց դա է պատճառը, թե ինչու են նրա ստեղծագործությունները այդքան կենսունակ, հարուստ, համակրանքով եւ հումորով լի, գթառատ եւ վերջապես այդքան լի իրական ինքնությամբ, կամ իրական խորհրդավորությամբ, այն իմաստով, որ երբեք վերջնական հաշիվ չի տրվում որեւէ մարդու ով լինելու համար կամ որեւէ գրվածքի ինչ լինելու համար: «Թովմասը» առաջին հարուստ եւ գեղեցիկ վեպն է: Հետեւաբար Խաչիկյանը գրգիռներ առաջացնող նոր գրող է, որին պետք է ողջունել ջերմությամբ եւ մեծ հարգանքով»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4