Բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովն արգենտինական Սան Լուիս քաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության նախավերջին տուրում ոչ-ոքի ավարտելով պարտիան ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Ռուստամ Կասիմջանովի հետ, վաստակեց 9,5 միավոր եւ դարձավ մրցաշարի հաղթող: Այսպիսով, Թոփալովը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսըՙ դառնալով շախմատի պատմության մեջ 18-րդ չեմպիոնը: Ընդ որում, Թոփալովն առաջին բուլղարացին է, որ ուժեղագույնն է ճանաչվում աշխարհում: Նրա հաջողությունն իրոք օրինաչափ է: Մրցաշարի մեկնարկում մեկը մյուսի հետեւից հաղթելով մրցակիցներին, բուլղարացի շախմատիստը միավորների զգալի պաշար կուտակեց եւ 2-րդ շրջանում պարտիաներն ավարտելով ոչ-ոքի, ժամկետից շուտ նվաճեց ուժեղագույնի կոչումը:
Բացի աշխարհի չեմպիոնի տիտղոսից, Թոփալովը որպես պարգեւ կստանա 300 հազար դոլար: 2-րդ տեղը զբաղեցրած մասնակցին կտրվի 200 հազար դոլար, 3-րդինՙ 140 հազար եւ այսպես շարունակ: Աղյուսակը եզրափակող շախմատիստը կստանա 50 հազար դոլար:
30-ամյա Թոփալովը 1999 թ. համարվում է Բուլղարիայի լավագույն շախմատիստը: 1996 թ. հունվարից սկսած նա ընդամենը երեք անգամ, այն էլ կարճ ժամանակով դուրս է մնացել ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի լավագույն տասնյակից:
13-րդ տուրի մյուս երեք պարտիաներում էլ գրանցվեց ոչ-ոքի: Խաղաղ դաշն կնքեցին Ադամսն ու Լեկոն, Անանդն ու Մորոզեւիչը, Պոլգարն ու Սվիդլերը: Չեմպիոնն արդեն հայտնի է, մնում է որոշել 2-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներին: Դրանց հավակնում են 8-ական միավոր ունեցող Վիշվանաթան Անանդն ու Պյոտր Սվիդլերը: Հենց նրանց միջեւ ավարտական տուրում կայանալիք պարտիան էլ կորոշի 2-րդ մրցանակակրին: Չորրորդ տեղում Մորոզեւիչն է (6,5 միավոր), որը խաղալու է Ադամսի հետ: 5,5-ական միավոր են վաստակել Լեկոն ու Կասիմջանովը, որոնց կես միավորով է զիջում Ադամսը: Աղյուսակը 4 միավորով եզրափակում է Հուդիթ Պոլգարը:
Աշխարհի բոլոր չեմպիոնները
1. Վիլհելմ Ստեյնից | 1886-1894 թթ. |
2. Էմանուել Լասկեր | 1894-1921 թթ. |
3. Խոսե Ռաուլ Կապաբլանկա | 1921-27 թթ. |
4. Ալեքսանդր Ալյոխին | 1927-35, 1937-46 թթ. |
5. Մաքս Էյվե | 1935-37 թթ. |
6. Միխայիլ Բոտվիննիկ | 1948-57, 1958-60, 1961-63 թթ. |
7. Վասիլի Սմիսլով | 1957 թ. |
8. Միխայիլ Տալ | 1960 թ. |
9. Տիգրան Պետրոսյան | 1963-69 թթ. |
10. Բորիս Սպասկի | 1969-72 թթ. |
11. Ռոբերտ Ֆիշեր | 1972-75 թթ. |
12. Անատոլի Կարպով | 1975-85, 1996-99 թթ. |
13. Գարի Կասպարով | 1985-96 թթ. |
14. Ալեքսանդր Խալիֆման | 1999-2000 թթ. |
15. Վիշվանաթան Անանդ | 2000-02 թթ. |
16. Ռուսլան Պոնոմարյով | 2002-03 թթ. |
17. Ռուստամ Կասիմջանով | 2003-05 թթ. |
18. Վեսելին Թոփալով | 2005 թ.-ից |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ