2006 թ. հունվարի 27-ին կկայանա ֆուտբոլի Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: Հիշեցնենք, որ եզրափակիչ մրցումները համատեղ կազմակերպելու են Ավստրիան ու Շվեյցարիան, ուստի այդ երկրների հավաքականներն առանց ընտրական մրցաշարի իրավունք են ստացել հանդես գալու առաջնությունում: Մյուս 14 մասնակիցները հայտնի կդառնան ընտրական մրցաշարի արդյունքներով: Վիճակահանությամբ եվրոպական 50 երկրների հավաքականները կբաժանվեն 7 խմբի (6 խմբերումՙ յոթական, մեկումՙ ութ թիմ): Խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները եզրափակիչի ուղեգիր կնվաճեն:
Մինչ վիճակահանությունը, մասնակիցները, հաշվի առնելով ընտրական նախորդ մրցաշարի արդյունքները, բաշխվել են 7 զամբյուղներում: Հայաստանի ազգային հավաքականը տեղ է զբաղեցրել նախավերջինՙ 6-րդ զամբյուղում Վրաստանի, Մակեդոնիայի, Բելառուսի, Հս. Իռլանդիայի, Կիպրոսի եւ Մոլդովայի ընտրանիների հետ: Այսինքն, այս հավաքականները չեն կարող մեր հավաքականի մրցակիցները լինել: Առաջին զամբյուղում ուժեղագույններն են, որոնք գլխավորելու են ընտրական խմբերը: Այստեղ են Եվրոպայի չեմպիոն Հունաստանի, Հոլանդիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Ֆրանսիայի եւ Շվեդիայի հավաքականները, որոնցից մեկը կլինի մեր հավաքականի մրցակիցը: Ամենաթույլ հավաքականների կազմում են Լիխտենշտեյնը, Ադրբեջանը, Անդորրան, Մալթան, Ֆարերները, Ղազախստանը, Լյուքսեմբուրգը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ