«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2005-10-13 | #185, 2005-10-14 | #186, 2005-10-15


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԻՍՏ ՆՎԱԶ Է

Վաճառվող տեղական եւ ներկրվող հավի միսը վտանգավոր չէ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանում թռչնագրիպի հավանականությունը խիստ նվազ է, գրեթե անհավանական: Այս մասին «Ազգին» հավաստիացրեց գյուղնախարարության անասնաբուժական վարչության պետ Գրիշա Բաղյանը: «Հանրապետության խանութներում եւ առեւտրի այլ կետերում վաճառվող տեղական եւ ներկրված հավի միսը ստուգված է, որեւէ վտանգ չկա օգտագործելուց: Թռչնագրիպի դեպքը Թուրքիայում հայտնաբերվել է հոկտեմբերի առաջին տասնօրյակում, իսկ այդ ընթացքում Հայաստան թռչնի միս չի ներմուծվել», ասաց նա:

Երեկ «Ռոյթեր» գործակալությունը հաղորդեց, որ Թուրքիայի արեւմտյան Թուրգութլու քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 9 քաղաքացիներ, որոնք կասկածվում են որպես թռչնագրիպի վիրուսակիրներ: Նրանք բոլորն էլ շփումներ են ունեցել աղավնիների հետ, որոնք հավանաբար վարակվել են թռչնագրիպով: Վերջին երկու շաբաթվա ընթացքում քաղաքում սատկել են 40 աղավնիներ: Նախորդ շաբաթվա վերջին Թուրքիայի արեւմուտքումՙ ֆերմաներից մեկում 2 հազար հավերի ոչնչացման պատճառը, ամենայն հավանականությամբ, թռչնային գրիպն է եղել: Հինգշաբթի օրը, ըստ BBC-ի, հաստատվել է, որ Թուրքիայում տարածվածը թռչնագրիպի H5N1 վիրուսն է, նույն վիրուսը, որից Ասիայում ավելի վաղ մահացել էր 60 մարդ:

Տեսականորեն թռչնագրիպի վիրուսի տարածումը Հայաստանում չի կարելի բացառել, քանի որ տարածվում է օդով, ջրով եւ ցամաքով, եւ ինչպես նշեց Հայաստանի գյուղնախարարության անասնաբուժական վարչության պետը, «մեր հանրապետությունը Թուրքիայի հետ շփվում է ե՛ւ օդով, ե՛ւ ջրով, ե՛ւ ցամաքով»: «Թռչնագրիպի դեպքերը գրանցվել են Թուրքիայի արեւմտյան շրջանում, հետեւաբար վիրուսի թափանցելը մեր հանրապետություն շատ քիչ է հավանական: Բացի այդ, անասնաբուժական տեսակետից Թուրքիայի հետ սահմանը խիստ հսկողության տակ է», ասաց Բաղյանը:

Հայաստանում թռչնագրիպի վիրուսի տարածման մեկ այլ վտանգ կա` չվող թռչունները: Տեսականորեն, ինչպես նշեց Բաղյանը, այս եղանակով վիրուսի տարածումը եւս նվազ հավանական է, քանի որ Հայաստանում մոտենում է ձմեռը, եւ թռչունները չվում են մեր հանրապետությունից ավելի տաք երկրներ, այլ ոչ թե հակառակը: Ամեն դեպքում, ցանկալի է, որ այս օրերին մեր որսորդները խուսափեն թռչունների որսից: Ի դեպ, Թուրքիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարի հրամանով արգելվել է վայրի թռչունների որսը Թուրքիայի տարածքում:

Երեկ Ադրբեջանի համաճարակաբանության կենտրոնի տնօրեն Սուլեյման Չաբարովը հայտարարել է, որ Նախիջեւանում հնարավոր են թռչնագրիպի դեպքեր թռչունների չվելու պատճառով: Նախիջեւանում, որը սահմանակից է ինչպես Թուրքիային, այնպես էլ Հայաստանին, կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում թռչնագրիպի տարածումը կանխարգելելու նպատակով: Լիովին արգելվել է թռչնի մսի ներկրումը Թուրքիայից:

Գրիշա Բաղյանն ասաց, որ գյուղնախարար Դավիթ Լոքյանի հրամանով արգելվել է հավի մսի ներկրումը բոլոր այն երկրներից` Թուրքիա, Ռուսաստան, Ռումինիա եւ այլն, որտեղ հայտնաբերվել է թռչնագրիպ: Կա վտանգ, որ վիրուսը կարող է Հայաստան անցնել Վրաստանից: Բաղյանի ասելով, վրացական իշխանությունները եւս արգելել են թռչնամսի ներմուծումը վարակակիր երկրներից: Երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ կառավարությունը կես միլիոն դոլար է հատկացրել թռչնագրիպի տարածումը կանխելու նպատակով:

«Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաներում, ինչպես նաեւ վայրի թռչունների շրջանում ինֆեկցիոն, վիրուսային տեսակետից անկումներ չկան: Հետեւաբար մեր հանրապետությունում հավի մսի օգտագործումը որեւէ վտանգ չի ներկայացնում», ասաց նա:

Թռչնագրիպի վիրուսն արդեն Թուրքիայից անցել է Ռումինիա: Եվրոհանձնաժողովն արգելել է հավի մսի ներմուծումը ԵՄ երկրներ Թուրքիայից եւ Ռումինիայից: ԵՄ արտգործնախարարները երեքշաբթի օրը Լյուքսեմբուրգում կքննարկեն թռչնագրիպի տարածման վտանգի հարցեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4