«Ազգը» երեկ տեղեկացրել էր, որ Բուզանդի փողոցի 17 շենքի 5-րդ տան բնակիչ Հովհաննես Հովհաննիսյանը նախորդ օրը հրավիրվել էր ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Երեկ տեղեկացանք, որ նրան մի քանի ժամ այնտեղ պահելուց հետո երեկոյան բաց են թողել:
Երեկ, վաղ առավոտյան, կարմիր բերետավորներն ու ոստիկանները 2 կողմից փակել են փողոցն ու բանվորներին կարգադրել քանդել Բուզանդի 23 տունը, որի սեփականատերըՙ տիկին Անժելան հրաժարվել էր իրեն առաջարկվող գումարով փոխհատուցման պայմանագիր կնքելուց եւ արդեն երկար ժամանակ պայքարում էր տարածքը մաքրելու հրաման ստացած ոստիկանների եւ կարմիր բերետավորների դեմՙ իր կիսաքանդ տան տանիքը բարձրանալով ու նրանց կարգադրություններին չենթարկվելով: Այս անգամ նա չհասցրեց տանիք բարձրանալ ու լուսաբացը դիմավորեց իր ավերակ տան պատկերը տեսնելով սեփականության իրավունքից զրկվելով:
Բնակիչները ենթադրում են, որ այսուհետեւ ոստիկանությունը կգործի կամ գիշերով, կամ էլ վաղ առավոտյան, որպեսզի իրենք չկարողանան լրատվամիջոցների օգնությանը դիմել:
Ոստիկանությանը համառ դիմադրություն է սպասում հատկապես Բուզանդի 15 շենքում, որտեղ նրան կդիմավորեն այս փողոցի վերջին բնակիչները:
Ռ. Պ.