Դեռեւս սեպտեմբերին «Ալղուլի» հայրենակցական միությունը դիմում էր հղել ԼՂՀ իշխանություններին` կոչ անելով պետականորեն նշել 1905-1906 թվականների իրադարձությունների 100-ամյակը: Կոչին ի պատասխան` ստեղծվել է կառավարական հանձնաժողով, մշակվել համապատասխան ծրագիր: Մեկ շաբաթ առաջ Ալղուլի գյուղում տեղի ունեցավ հանրահավաք, տեղադրվեց հուշաքար, որի տեղում պետք է կառուցվի ջարդին զոհ գնացած ալղուլեցիների հիշատակը հավերժացնող կոթող:
Իբրեւ միջոցառումների ընդհանուր ծրագրի շարունակություն` հոկտեմբերի 15-ին Բերձորում տեղի ունեցավ գիտաժողով, որին մասնակցում էին ճանաչված գիտնականներ, պատմաբաններ, նախկին քաշաթաղցիների սերունդներ:
Գիտաժողովում հնչած զեկուցումները բովանդակում էին երեք թեմատիկ ուղղություններ: Առաջինը ներկայացնում էր Քաշաթաղի պատմական անցյալը միջնադարից մինչեւ 1900-ականների սկիզբը: Զեկուցումների մյուս մասը նվիրված էր 1905-1920 թվականների իրադարձություններին, դրանց դրդապատճառներին ու հետեւանքներին, այսինքն այն ժամանակահատվածին, երբ տեղի ունեցավ տարածքի վերջնական հայաթափումը: Զեկուցումների, այսպես կոչված, երրորդ խումբը նվիրված էր Քաշաթաղից հայերի բնաջնջմանն ուղղված քաղաքականությանը:
Գիտաժողովի մասնակիցները փորձեցին պատասխան գտնել մի շարք հարցերի` կապված Քաշաթաղ-Աղահեճքի պատմության տարբեր շրջափուլերի: Անուշադրության չմատնվեցին բոլոր ժամանակների քաղաքականության դրսեւորումները: Մեջբերվեցին հայկական, վրացական եւ ռուսական տարբեր աղբյուրների վկայությունները, որ Քաշաթաղը եղել է հայկական տարածք, եւ որի էթնիկ բնակչությունը` հայությունը, ստիպված է եղել տարագրվել` գոյատեւելու համար:
Զեկուցողների պնդմամբ` Քաշաթաղի տարածքը յուրացնելու նպատակով տարվել է հուշարձանների ոչնչացման, տեղանունների փոփոխման քաղաքականություն: Օրինակ, հնչեց այսպիսի վարկած, համաձայն որի` ադրբեջանցիները հայկական Աղահեճք-Լահեճքը անվանել են Լաչին:
1992-ին ազատագրված տարածքների վերադարձ լինել չի կարող, քանզի դա նշանակում է թուլացնել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը. սա գիտաժողովի մասնակիցների միասնական կարծիքն էր:
Գիտաժողովի ավարտից հետո մասնակիցներն այցելեցին Բերձորի հուշահամալիր, որտեղ տեղի ունեցավ հանրահավաք: Նրանք մեկ անգամ եւս ոչ ասացին դարասկզբին տեղի ունեցած ոճրագործությանը եւ կոչ արեցին դատապարտել մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունները:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ