Նա որոշել է հեռանալ Թուրքիայից, եթե չմաքրի այդ բիծը
Հոկտեմբերի 7-ին Ստամբուլի երկրորդ ատյանի դատարանը «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով 6-ամսյա պայմանական ազատազրկման էր դատապարտել «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին: Դատավճիռը բուռն արձագանք էր առաջ բերել ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Արձագանքներն առ այսօր շարունակվում են, պարզապես փոխվել է դրանց բնույթը:
Ինչո՞ւ: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ Դինքին դատապարտելիս դատարանը հիմք էր ընդունել նրա 2004 թ. սկզբներին «Ակօսում» լույս տեսած հոդվածաշարի 7-րդ հոդվածը, որտեղ նա «հայկական ինքնությունը թուրքի տիպարից ձերբազատելու» մղմամբ կոչ էր արել «թուրքին հանգիստ թողնել եւ զբաղվել Հայաստանով, որպեսզի հայի երակում թուրքի նկատմամբ թշնամանքով թունավորված արյան փոխարեն հոսի մաքուր արյուն»:
Այլ կերպ, Դինքի պարագայում «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մասին խոսք լինել չէր կարող: Թերեւս դա էր պատճառը, որ «Ենի շաֆաքի» հեղինակ Քյուրշաթ Բումինը դատարանի որոշումը համարել էր «տրագիկոմիկ» եւ ավելացրել, որ Դինքի պես «մարդասերին» ոչ թե դատապարտել է պետք, այլ պարգեւատրել «Պատվո լեգեոնի» նման շքանշանով, որովհետեւ նա հայկական սփյուռքում անգնահատելի ծառայություններ է մատուցում Թուրքիային: Բումինին լրացրել էր Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, մատնանշելով, որ Դինքը հոդվածում զգուշացնում է «սփյուռքի ծայրահեղ ազգայնամոլ տարրերին, հետեւաբար նրա հոդվածում չկա մեղադրանքի տեղիք տվող որեւէ հանգամանք»:
Ինչ վերաբերում է Դինքին, ապա նա դատարանի որոշման առնչությամբ խիստ վիրավորված սպառնացել էր, թե կթողնի, կհեռանա Թուրքիայիցՙ պատճառաբանելով. «Այս դատավճիռն ինձ համար ամոթանք է, տանջանք: Ես այս երկրում թուրքերի հետ ապրում եմ համատեղ: Հետեւաբար պետք է կարողանամ նրանց երեսին նայել առանց ամաչելու»:
Ըստ երեւույթին «երկիրը լքելու» Դինքի սպառնալիքն անխտիր լուրջ մտավախություն էր պատճառել թուրքական կենտրոնական բոլոր թերթերին, որ դրանք իրենց առաջնակարգ հեղինակների ստորագրությամբ «Դինք, մի գնա», «Մենք քեզ չենք թողնի», «Քո տեղը մեր կողքին է» եւ նման կարգի այլ վերնագրերով հրապարակեցին տասնյակ հոդվածներ:
Այսպիսով երկրում ստեղծվեց Դինքին Թուրքիայում պահելու նպատակով անօրինակ մի քարոզարշավ: Այս պայմաններում միանգամայն տրամաբանական էր, որ փոխվեին արձագանքների բնույթը, եւ թուրքական թերթերը դատարանի որոշումը դատապարտելու փոխարեն զբաղվեին Թուրքիան լքելու Դինքի որոշմամբ, որպեսզի հնարավոր լինի համոզել նրան:
Կհաջողվի՞ որոշումից հետ պահել Դինքին: Այս հարցը պարզաբանելու համար նրան է դիմել Նուրիյե Աքմանը, որի անցկացրած հարցազրույցը երկու առանձին մասով հրապարակվել է «Զամանի» հոկտեմբերի 16-ի եւ 17-ի համարներում: Հարցազրույցի առաջին մասում թղթակցուհին հարցնում է. «Դուք ձեր հոդվածում, դիմելով թուրքի նկատմամբ ատելությամբ թունավորված սփյուռքի հայերին, ասում եք. «Ով հայեր, դուք թոթափեք ձեր թշնամությունը եւ թուրքերով զբաղվելու փոխարեն ձեր էներգիան ուղղորդեք դեպի Հայաստան, որպեսզի ձեզ հետ առողջանանք նաեւ մենք», այդպես չէ՞:
Դինքը պատասխանում է. «Այո, հենց այդպես է»: Այնուհետեւ նա ավելացնում է, որ եթե նախապես իմանար, ապա վերոհիշյալ նախադասությունը այլ կերպ կձեւակերպեր, որովհետեւ կարդացողը հավանություն կտա դատարանի որոշմանը, մինչդեռ ինքն այս երկրում ապրելու զանազան պատճառներ ունի, Թուրքիայից եւ աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ մարդիկ դիմում են իրեն, «թողնել, գնալու հարցը» նրանց խիստ վշտացրել է:
Ընդհանուր առմամբ Դինքի պատասխանները չափազանց ուշագրավ են: Երբ թղթակցուհին նրան հարցնում է. «Դուք թողնել, գնալու մասին զայրույթով, ցավով եք ասել, ճի՞շտ է»: Դինքը, նկատի ունենալով դատավճիռը, պատասխանում է. «Զայրույթով չէ, բայց ցավը կարեւոր է: Չի կարելի արհամարհել մարդկանց զգացմունքները: Ես այդ բծով ապրել չեմ կարող: Եթե չկարողացա մաքրել այս բիծը, կգնամ, թեկուզ գիտեմ, որ գնալն ինձ համար մահ կլինի»:
«Եթե թուրքահայը գնա Հայաստան, երջանիկ կլինի՞, թե՞ ոչ» հարցի առնչությամբ Դինքն ասում է. «Ես կցանկանայի Թուրքիայում ապրել: Որտեղ էլ որ լինեմ, չեմ կարող մոռանալ, որ իմ արմատներն այստեղ են: Երեկ ինձ իսլամական ինքնությամբ աչքի ընկնող մի անձնավորություն էլեկտրոնային հաղորդագրություն էր ուղարկել: Այնպես էր աղոթումՙ ասելով. «Մի գնա, մնա: Այս երկրում թող միասին ապրենք»:
«Ի՞նչ պատասխան եք գրել նրան» հարցին ահա թե ինչ է ասում Հրանտ Դինքը. «Նրան պատասխանելիս գրեցի. «Աղոթեք, խնդրում եմ, որովհետեւ ձեր աղոթքին վստահում եմ եւ հավատում: Ես էլ էի աղոթում, որ չթողնեմ, գնամ: Սակայն ձեր հաղորդագրությունից հետո այլ կերպ եմ աղոթելուՙ խնդրելով Աստծուց հնարավորինս ուշացնել իմ գնալն այնքան, որ հարկադրված գնալու դեպքում գոնե ճանապարհին մեռնեմ եւ մարմինս մնա այս հողում: Գնալն ինձ հանկարծ չվիճակվի եւ ես թաղվեմ այստեղ»: Այս հողն իմն է, այստեղ է իմ հայրենիքը: Ես ծաղկամանի մեջ չեմ ապրի: Գուցե լավ խնամեն, սակայն միեւնույն է, դրսում որպես բույս երեսով շրջված կլինեմ դեպի Թուրքիա»:
Թղթակցուհին հավելում է. «Բազմաթիվ գիտաշխատողներ, գրողներ, հեղինակներ ձեզ հետ են, աջակցություն են ցուցաբերում», իսկ Հրանտ Դինքը շարունակում է. «Նրանց գոյությունն ու ստացածս հաղորդագրություններն ինձ համար հակաթույն են: Մահմեդական մի մայրիկ ինձ զանգահարեցՙ տեղեկացնելով. «Որդիս, առավոտյան նամազի ժամանակ աղոթեցի քեզ համար»: Աղոթում է նաեւ կինս: Հայերն էլ եկեղեցիներում են աղոթում: Իմանալով այս ամենի մասին, ասում եմՙ Տեր իմ Աստված, սա ինչ վեհություն է, ինչ վեհ կյանք»:
«Զամանի» թղթակից Աքմանին Դինքի պատասխանները մեկնաբանության կարիք չեն զգում: Բայց որ նա Թուրքիայից թողնել, գնալու իր իսկ որոշումից հետ կանգնելու համար ճանապարհին մեռնելու խնդրանքով Աստծուն դիմելիս կարեկցանք է առաջացնում, ակնհայտ է: Ըստ երեւույթին ինքն էլ կկարեկցի իր համար մահմեդական թե քրիստոնյա բոլոր աղոթողներին: Այս դեպքում նրանք Դինքին Թուրքիայում թողնելու համար Աստծուն աղոթելու փոխարեն կաղոթեն, որ նա սփյուռքում մաքրի հայի արյունը: Դրանով, թերեւս, իր արյունն էլ կմաքրվի:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ