«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2005-10-15 | #187, 2005-10-18 | #188, 2005-10-19


«ՍԵՐԸ ՀՐԱՇՔՆԵՐԻ ՄԻ ԱԼՔԻՄԻԱ Է, ՈՒՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՀՈԳԻՆԵՐԸ»

Արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսա Կիրակոսյանի այցը Հայաստան ոգեւորել է նրա երկրպագուներին եւ յուրաքանչյուր հանդիպում նրա հետ տոն է: «Ուրարտու» համալսարանի հիմնադրման 15-ամյակի առիթով երեկ գրողների միությունում համալսարանը հանդիպում էր կազմակերպել բանաստեղծուհու հետ, որը «բարձր պոեզիային առնչվելու հրաշալի առիթ էր»:

Գրականագետ Աբգար Ափինյանի ներկայացմամբ, հայ պոեզիայի մեջ մի ողջ պոետական դարաշրջան բացող բանաստեղծուհուն սիրում են բոլորը: Նա միակ ապրող բանաստեղծն է, որի գիրքը նկարազարդել է Պաբլո Պիկասոն, ինչպես նաեւ արժանացել է հանրահռչակ մարդկանց գովասանքին: 3 լեզուներով ստեղծագործող Ալիսա Կիրակոսյանը նշում է. «Երբ ինքնության փնտրտուքի մեջ էի, գրում էի իսպաներեն, երբ իմացա հայրենիքիս մասինՙ սկսեցի գրել հայերենով, իսկ հիմա գրում եմ նաեւ անգլերեն»: Հայրենիքի հետ խորապես կապված բանաստեղծուհին, որ երեկվա պոետական ժամերն ավարտեց «Նամակ Հայաստանին» հուզիչ բանաստեղծությամբ, հավատացած է. «Հայրենիքը ընտրության հարց չէ, այն արյան թելադրանք է»:

Ալիսա Կիրակոսյանը ներկաներին հուզեց ոչ միայն Աստծո, սիրո, հայրենիքի եւ մայրության մասին իր հրաշալի բանաստեղծություններով, այլեւ արտակարգ ասմունքով, որին ցերեկույթը վարողներից մեկն արձագանքեց. «Եթե բոլոր բանաստեղծներն իրենց գործերը այսպես լավ ներկայացնեին, ասմունքողները կդատապարտվեին գործազրկության»:

Հայրենիքում ջերմ ընդունելությունից խանդավառված բանաստեղծուհին նշեց, որ նման ջերմ հանդիպումները ապացույց են իր ու հայ ժողովրդի շարունակական զրույցի: Իսկ վերջում իր սիրելի ժողովրդին մաղթեց, որ նա մշակութային համաշխարհային քարտեզում տեղ գրավի:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4