Դա ոչ այնքան մեծ ծախսերի, որքան բարի կամքի հետ է կապված
Հաշմանդամ մարդկանց քաղաքաշինական իրավունքների պաշտպանմանն ուղղված «Երեւան` քաղաք բոլորի համար» ծրագիրը ներկայացնելու համար երեկ հանդիպում էր հրավիրել «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիան: Արդեն մեկնարկած ծրագիրը հաշմանդամներին հասարակությանը ինտեգրելու եւս մեկ քայլ է, որն իրականացվում է «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն» կազմակերպության գործընկերությամբ` պետության բյուջեից տրամադրված ավելի քան 2 մլն դրամ դրամաշնորհի շրջանակներում:
Հայաստանում բնակվում են 135 հազար հաշմանդամներ, որոնց կեսը` Երեւանում: «Երեւան` քաղաք բոլորի համար» ծրագիրը նախատեսում է հաշմանդամների հիմնախնդիրներին նվիրված քննարկումներ, շահագրգիռ կազմակերպությունների համախմբում, օրենսդրական դաշտի վերհանում, քաղաքաշինության, հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության օրենքների եւ մեխանիզմների կիրառում կոալիցիայի ընտրած 10 հասարակական նշանակության կառույցներում կամ նախագծերում: «Աստղիկ» միության նախագահ Լեւոն Ներսիսյանի խոսքերով, հաշմանդամներին հարմար շենքերը դեռ ընտրված չեն, բայց դրանք հիմնականում կլինեն վարչական, կրթական, առողջապահական եւ հասարակական մեծ օբյեկտներ: Իսկ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ հաշմանդամների տեղաշարժվելուն հարմար շենքերի կառուցումն այնքան էլ ծախսատար չէ. անգամ հնարավոր է արդեն կառուցված շենքերում հատուկ տեխնիկական վերափոխումների միջոցով հասնել հարմարավետության: «Հասարակությունը կայանում է այն ժամանակ, երբ բոլորի համար հավասար պայմաններ են ստեղծվում ե՛ւ ծրագրի բարձրացրած խնդիրը շատ կարեւոր է, որովհետեւ յուրաքանչյուրն իրավունք ունի ազատ տեղաշարժվելու», հավելեց ճարտարապետների միության նախագահը:
Խոսվեց նաեւ վերահսկման մասին. շահագործման հանձնված շենքերում պետք է ստուգել թեքահարթակների, հատուկ վերելակների եւ մյուս սարքերի առկայությունը: Այսինքն` ամեն բան պետք է անել հասարակական օբյեկտները հաշմանդամներին հարմարեցնելու, նրանց հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար, որն աշխարհում ընդունված կարգ է: Ի դեպ, թեպետ ծրագիրն իրականացվում է միայն Երեւանում, բայց կազմակերպիչների խոսքերով, ծրագրի շառավիղը կարող է մեծանալ` ընդգրկելով այլ բնակավայրեր:
«Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիայի նախագահը նշեց, որ 10-ամյա գործունեության ընթացքում միությունը մի շարք քայլեր է ձեռնարկել հաշմանդամների համար մատչելի միջավայր ստեղծելու, նրանց խնդիրը տեսանելի դարձնելու համար: 2000 թ. իրականացված «Անցում բոլորի համար» ծրագրով Երեւանի կենտրոնում 14 անցումներ վերակառուցվել են` հարմարեցվելով հաշմանդամների կարիքներին: Մայրաքաղաքի կենտրոնի վերակառուցման ժամանակ անցումներում թեքահարթակներ են կառուցվել: Կազմակերպության ջանքերով 2003 թ. «ՀՀ քաղաքաշինության մասին» օրենքում ամրագրվել է հաշմանդամների իրավունքների մասին դրույթը, հրատարակվել է «Քաղաքաշինությունը որպես հաշմանդամների ինտեգրման նախապայման» ուղեցույցը: Իսկ մինչեւ տարեվերջ «Առաջընթաց» ծրագրի շրջանակներում 40-ից ավելի նախագծողներ կվերապատրաստվեն` սովորելով նախագծման համակարգչային Auto CAD ծրագիրը, ծանոթանալով հաշմանդամների համար մատչելի միջավայրի նախագծման եւ օրենսդրական պահանջներին:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ