Այս վերնագրով թուրքական «Միլլիեթ» թերթը հոկտեմբերի 19-ի համարում տեղեկացնում է, որ Դիարբեքիրի Քուլփ գավառի գյուղերից Արգունում պահպանման ենթակա հայկական եկեղեցին քանդվել է, որ տեղում մզկիթ կառուցվի: Մզկիթի կառուցումն առանձին քաղաքացիների բողոքի պատճառով կասեցված է: Ըստ «Միլլիեթի», նախ հանրապետական շրջանում հայերին պատկանող Արգուն գյուղի պատմական այս եկեղեցու քարերը նախապես քանդվել էինՙ տներ կառուցելու նպատակով, ինչի հետեւանքով եկեղեցին ավերվել էր եւ դառնալով ծիսակատարությունների համար ոչ պիտանիՙ լքվել:
Այնուամենայնիվ, մշակութային արժեքների եւ բնապահպանության խորհուրդը կիսավեր եկեղեցին եւ կից հայկական գերեզմանոցն ընդգրկել էր պահպանման ենթակա պատմական հուշարձանների ցանկում: Սակայն շինարար Քերեմ Էմրեն, որը նույն գյուղի բնակիչ է, համագյուղացիների հավանությամբ հիմնահատակ քանդում է եկեղեցին, ինչպես նաեւ գերեզմանոցի մի մասը եւ սկսում մզկիթ կառուցել: Եկեղեցու քարերն օգտագործվում են որպես մզկիթի հիմնաքար:
Մզկիթի շինարարությունն սկսվել է մայիսի 10-ին: Սակայն որոշ քաղաքացիների բողոքի հիման վրա Քուլփի քաղաքապետարանն ու Դիարբեքիրի թանգարանի քաղաքային վարչությունը միջամտել են, պարզելով, որ շինարարությունն ապօրինի է, եւ թեկուզ ուշացումով կասեցման որոշում ընդունել:
Գյուղապետ Սադըք Թուրանը մզկիթի ապօրինի շինարարության առնչությամբ «Միլլիեթին» ասել է. «Ես փորձեցի կանխել եկեղեցու տեղում մզկիթի կառուցումը: Մզկիթի համար այլ տեղ հատկացրի եւ ասացի, որ գյուղում արդեն գործող երկու մզկիթ կա: Դրանով հանդերձ, շինարար Էմրեն գյուղացիներին հավաքելով, ուղարկեց մեր տուն: Նրանք ինձ մեղադրեցին, թե ես մզկիթին դեմ եմ, հետեւաբար հայ պետք է լինեմ, որից հետո չկարողացա դիմադրել ճնշումներին եւ տեղի տվեցի»:
Օգտվելով առիթից նշենք, որ վերոհիշյալ Քուլփը հայկական Խուլփ բնակավայրն է, որը մինչեւ 1915 թ. վարչականորեն ենթակա էր Մուշ գավառին:
Հ. ՉԱՔՐՅԱՆ