«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2005-10-18 | #188, 2005-10-19 | #189, 2005-10-20


ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Արդեն 4-րդ տարին անցկացվող «Առողջապահություն եւ դեղագործություն էքսպո-2005» հինգերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպել էր «Լոգոս էքսպո սենթր» ընկերությունը, մեկնարկեց երեկ առողջապահության ազգային ինստիտուտում եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 21-ը: Դեղագործության, ախտորոշման, ատամնաբուժության եւ բժշկագիտական տեխնոլոգիաների բնագավառների նոր նվաճումները ներկայացնող ցուցահանդեսին մասնակցող 27 ընկերությունները Հայաստանից, Ռուսաստանից ԱՄՆ-ից եւ Բելառուսից էին: Ցուցահանդեսի տաղավարներում ներկայացված էին կանխարգելման, կլինիկական բժշկության, ատամնաբուժության, դեղագործության, ախտորոշման, մայրության եւ մանկության, հիգիենայի եւ բժշկական սարքավորումների նմուշներ ու նորություններ էին: Բուժական, դեմքի մաշկի խնամքի եւ վիտամինային այլ միջոցներ ներկայացնող ամերիկյան «Նյու վեյս» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արիադնա Առաքելյանը նշեց, որ ցուցահանդեսը լավ առիթ է ժամանակակից բժշկական սարքավորումներին, կազմակերպություններին ծանոթանալու, փորձի փոխանակման համար:

Եթե ընկերության ներկայացուցիչը համոզված էր, որ ցուցահանդեսի մասնակիցների քիչ քանակը կապված է ֆինանսների հետ, ապա առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանն այլ մեկնաբանություն ուներ: Նրա կարծիքով, մասնակցության համար 180 հազար դրամը խնդիր չէ, պարզապես «այս օրերին տարբեր առիթներով մի քանի ցուցահանդեսներ արդեն եղել են, եւ շատ կազմակերպություններ այսօր չեն մասնակցում, սակայն ապագայում այդ աշխատանքն էլ պետք է համակարգել, որ բոլոր ընկերությունները միասին ներկայանան»: Նախորդ նմանատիպ ցուցահանդեսների արդյունքների մասին տնօրենը չխոսեց` նշելով. «արդյունքների մասին բուժհիմնարկներն ավելի լավ կիմանան»:

Ցուցահանդեսն անցկացվում է «Մարդու առողջությունը» 4-րդ ազգային գիտաբժշկական կոնֆերանսի շրջանակներում, որին մասնակցում են ավելի քան 500 մասնագետներ ոչ միայն հանրապետությունից, այլեւ արտերկրից: Կոնֆերանսի քննարկումները նվիրված են «Հանրային առողջություն եւ առողջապահության կազմակերպում», «Մարդու առողջությունը առանց ծխախոտի», «ԶԼՄ-ները եւ առողջությունը» եւ ոլորտին վերաբերող այլ թեմաներին: Գիտաժողովի բացմանը առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը կարեւորեց ներկա ժամանակներում անցկացվող տարատեսակ հանդիպումներն ու սեմինարները, որոնք նպաստում են առողջապահության եւ բժշկագիտության որակի բարձրացմանը: Նախարարն անդրադարձավ նաեւ ոլորտի խնդիրներին եւ ձեռքբերումներին: Մասնավորապես նշեց, որ առողջապահության ֆինանսավորումը պետբյուջեից կրում է շարունակական աճ. 2004 թ. 25 մլրդ դրամի փոխարեն այս տարի հատկացվել է 32,1 մլրդ դրամ, իսկ 2007 թ. կհասնի 50 մլրդ դրամի: Նախարարն ընդգծեց, որ մեծ ուշադրություն է դարձվում ամբուլատոր-պոլիկլինիկական բուժմանը, 2006 թ.-ից, բացի ատամնաբուժականից, անվճար բուժօգնություն կստանան բնակչության բոլոր խավերըՙ սոցիալապես անապահով խմբերը, տարեցները, մինչեւ 8 տարեկան երեխաները: Նախարարի հավաստմամբ, կբարձրանա նաեւ տեղամասային թերապեւտների, մանկաբույժների, ընտանեկան բժիշկների ամսական աշխատավարձը` հասնելով 58,4 հազար դրամի, իսկ նեղ մասնագետներինը` մինչեւ 50 հազար դրամի:

Պրն Դավիդյանի խոսքերով, շարունակվում է ընտանեկան բժշկության համակարգի ներդրումը` ստեղծվել են 2 ընտանեկան բժշկության ամբիոններ, 81 ընտանեկան բժշկության գրասենյակներ, որոնք կրթում են ընտանեկան բժիշկների եւ բուժքույրերի:

Նախարարի ներկայացմամբ, 2001 թ.-ից նկատվել է չարորակ նորագոյացություններով եւ սիրտանոթային համակարգի հիվանդությունների աճ, որն արդյունք է բնակչության դիմելիության: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, սիրտանոթային համակարգի հիվանդություններից մահացությունն առաջին տեղն է գրավում ընդհանուր մահացության ցուցանիշների շարքում` կազմելով 55 տոկոս: Նախարարը նշեց, որ նախատեսվում է ընթացիկ տարվանից նշված հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը ամբուլատոր-պոլիկլինիկաներում իրականացնել անվճար: Իրականացվում են նաեւ առանձին ծրագրեր տուբերկուլյոզի եւ ԴԱՎ-ի կանխարգելման համար: Կրճատվել են մանկական մահացության դեպքերը` հիմնականում շնչառական եւ փորլուծային հիվանդություններից, ընթացիկ ժամանակահատվածում հանրապետությունում հանգիստ է եղել համաճարակային իրավիճակը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4