«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2005-10-18 | #188, 2005-10-19 | #189, 2005-10-20


ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՌՈՒՍ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ

19-20-րդ դարերի ռուս կոմպոզիտորների` Շոստակովիչի, Գլինկայի, Գլիերի, Ալյաբեւի, Չայկովսկու, Գուրլիեւի եւ մյուս հանրահռչակ կոմպոզիտորների աշխատանքների, նոտաների, արիաների, օպերաների, երաժշտագիտական գրականության եւ հրապարակումների ընտրանին երեկ ներկայացվել էր ազգային գրադարանում: Միջոցառումը նվիրված էր Հայաստանում Ռուսաստանի տարվան:

Ռուս երաժշտության պատմությունը, որ Արմեն Տիգրանյանի խոսքերով, դարավոր պատմություն ունի, սկզբում արտահայտվել է բանահյուսության ձեւով: Գրադարանի նոտային երաժշտական բաժնի վարիչ Մարինա Սեմյոնովան ընդգծեց ռուսական երաժշտական արվեստի կարեւորությունն ու հոտաքրքրությունն այնքանով, որ ռուս կոմպոզիտորների յուրաքանչյուր ստեղծագործությունում պահպանվել են ազգային տարրերը: Նրա խոսքերով, ռուս բազմաժանր երաժշտության մեջ մեծ դեր է ունեցել նաեւ հայտնի հնգյակը` Բորոդինը, Մուսորգսկին, Բալակիրեւը, Կյուին եւ Կորսիկովը, որոնք թեպետ երաժիշտներ չեն եղել մասնագիտությամբ, բայց մեծ ներդրում են ունեցել երաժշտագիտական, կոմպոզիտորական արվեստում:

Ցերեկույթի երկրորդ հատվածում ներկայացվեց Սերգեյ Յակովենկոյի նոր գիրքը` նվիրված հանրահռչակ հայ երգչուհի Զառա Դոլուխանովային: Ինչպես նշված է գրքում, հրատարակությունը Դոլուխանովայի արվեստի վերլուծությունն է, նրա դպրոցի ներկայացումը, հեղինակի անձնական մտորումները, որոնք արդյունք են երգչուհու եւ հեղինակի երկարամյա ընկերության ու բարեկամության: Ժամանակին Մեծ թատրոն հրավիրված երգչուհին մերժել է առաջարկը` կամենալով ստեղծագործել կամերային երաժշտության բնագավառում: «Եվ այսօր մենք առաջվա պես շնչում ենք այն օդը, որը լի է այս ձայնի բուրմունքով` նուրբ, կրքոտ, գայթակղող, սիրտն ուրախությամբ լցնող եւ հոգին բարձունքներ տանող», գրել է Վլադիմիր Սպիվակովը Զառա Դոլուխանովայի մասին: Երգչուհու գեղանկարներով լի գրքին կից ձայնասկավառակում ֆրանսերեն, գերմաներեն օպերաների եւ արիաների հետ զետեղվել էին նաեւ 3 հայկական ստեղծագործություններ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4