Բրյուսելում նախագահ Քոչարյանը բարձր մակարդակի հանդիպումներ է ունենում ԵՄ պաշտոնյաների եւ Բելգիայի իշխանությունների հետ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Բրյուսել
Եվրոխորհրդարանի (ԵՄ օրենսդիր մարմինն է) նախագահ Յոզեպ Բորել-Ֆոնտելսը երեկ Հայաստանի նախագահի հետ բանակցությունների ավարտին հայտարարեց, որ ԵԽ-ն կանի հնարավորը, որպեսզի Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի հետ Գործողությունների ծրագրի բանակցությունները սկսվեն անհապաղ եւ չկապվեն այլ երկրների միջեւ առկա խնդիրների հետ: «Բանակցությունները պետք է անհապաղ վերսկսեն եւ չպետք է դադարեցվեն Ադրբեջանի եւ Կիպրոսի Հանրապետության հարաբերություններում ծագած խնդրի պատճառով, որն առաջացել է Բաքվի եւ Հյուսիսային Կիպրոսի միջեւ չվերթերի պատճառով», ասաց ԵԽ նախագահը Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
2004 թ. հունիսին անդրկովկասյան երեք հանրապետությունները միացել են ԵՄ հարեւանության քաղաքականության նախաձեռնությանը, որը ենթադրում է հարաբերությունների նոր մակարդակ ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ: Արդեն այս տարվա հուլիսին նախատեսված էին Գործողությունների ծրագրի բանակցությունները, սակայն դրանք հետաձգվեցին, երբ Բաքվի եւ Լեւկոշայի միջեւ հաստատվեց օդային ուղիղ կապ: Կիպրոսի Հանրապետությունը, որը ԵՄ 10 նոր անդամներից է, վետո դրեց Ադրբեջանի հետ բանակցություններն սկսվելու վրա, ինչի պատճառով տուժում են Հայաստանն ու Վրաստանը:
«Հայաստանը չպետք է այլ երկրի անզգույշ, չհաշվարկված քայլերի համար գին վճարի, հուսով ենք, որ այս ուշացումը ժամանակավոր է եւ մինչեւ տարեվերջ Գործողությունների ծրագիրը կսկսվի», ասաց Հայաստանի նախագահը: Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ պաշտոնական Երեւանը լուրջ է տրամադրված եվրոինտեգրմանը, իսկ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը դիտում է Հայաստանի եվրոինտեգրման ճանապարհին նոր հնարավորություն:
Բորել-Ֆոնտելսի եւ Քոչարյանի հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, անդրադարձ է եղել Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին: Մասնավորապես ԵԽ նախագահը նշեց, որ հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հարցը պետք է քննարկվի Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության բանակցությունների ընթացքում: Բորել-Ֆոնտելսը հիշեցրեց, որ վերջերս ընդունած բանաձեւով Եվրոխորհրդարանը Թուրքիային հորդորել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ապաշրջափակել Հայաստանի հետ սահմանը: «Եվրոխորհրդարանը վճռականորեն եւ համառորեն հայտարարել է Թուրքիայի` Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը», ընդգծեց նա: Անդրադառնալով ԼՂ խնդրին` Բորել-Ֆոնտելսն ասաց. «Մեր կարծիքով ստատուս-քվոյի պահպանումը ամենալավ ընտրությունը չէ»:
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Ռոբերտ Քոչարյանը երեկ բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ Եվրոմիությունում եւ Բելգիայի գործադիր ու օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Եվրոմիության բարձրագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի եւ Հայաստանի նախագահի հանդիպման ընթացքում քննարկվել է հիմնականում երկու հարց` Երեւան-Բրյուսել հարաբերություններ եւ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկար: Նախագահ Քոչարյանը կարեւորեց ԵՄ դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում եւ հատկապես` «հաջող բանակցությունների ավարտից հետո գործնական քայլերի կիրառման ժամանակ»:
Խավիեր Սոլանային հարց ուղղվեց` արդարացվա՞ծ է հարյուր միլիոնավոր դոլարների ծախսը Կարս-Ախալքալաք- Թբիլիսի երկաթգծի կառուցման վրա, երբ կա Կարս-Գյումրին, որը չի գործում Թուրքիայի` Հայաստանի շրջափակման պատճառով: Սոլանան նկատեց, որ հայ-թուրքական սահմանի վերաբացման դեպքում, բնականաբար, ավելի շահավետ է եւ նպատակահարմար շահագործել Կարս-Գյումրի երկաթգիծը: Մյուս կողմից, արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Եվրոմիության բարձրագույն հանձնակատարը նշեց, որ հայ-թուրքական սահմանի վերաբացումը պահանջում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Թուրքիայի ջանքերի գործադրում:
Բելգիական իշխանություններից Հայաստանի նախագահը հանդիպումներ ունեցավ այդ երկրի վարչապետի եւ Սենատի նախագահի հետ: Բելգիայի կառավարության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնականում տնտեսական հարցեր: ԵՄ երկրներից հենց Բելգիան է, որ Հայաստանի հետ ունի ամենամեծ ապրանքաշրջանառությունը: Հաջորդ տարի ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու է Բելգիան, եւ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը, ընդհանրապես տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես հայ-թուրքական հարաբերություններին:
Երեկ երեկոյան Բրյուսելում տեղի ունեցավ Բելգիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը: Նախորդ 13 տարիներին Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը տեղավորվել էր տեղի համայնքին պատկանող շենքում` «Հայ տանը»: Դեսպանության նոր շենքը Բրյուսելի եվրոպական թաղամասում է: Այն գնվել է կառավարության տրամադրած 280 հազար եվրոյով, իսկ գումարի մյուս մասը` 500 հազար եվրոն վարկով վերցվել է բելգիական բանկերից մեկից 15 տարի մարման ժամկետով:
Դեսպանության նոր շենքի բացման արարողությանը ներկա էին նախագահ Քոչարյանը, Բելգիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր վարչության տնօրենը, Եվրոպայում կաթողիկոսական պատվիրակ Գյուտ արք. Նագգաշյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
«Չեմ կասկածում, որ գալու է օրը, երբ Հայաստանը դառնալու է ԵՄ անդամ», դեսպանատան բացման իր ելույթում ասաց արտգործնախարար Վարդան Օսկանյանը: