«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2005-10-19 | #189, 2005-10-20 | #190, 2005-10-21


ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՄՆՈՒՄ Է ԵՐԿՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

Ընդդիմության շարքերում պատրաստվելով ապագա ընտրություններին

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնանկությունից հետո Վրաստանի նոր արտգործնախարար է նշանակվել ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գելա Բեժուաշվիլին: Ինչ վերաբերում է Զուրաբիշվիլու պաշտոնանկությանը, ապա Վրաստանի խորհրդարանի մի քանի անդամներ օրերս արտգործնախարարին մեղադրել էին սեփական գործողությունները գաղտնի պահելու մեջ: BBC-ն նշում է, որ բուն ԱԳՆ-ում եւս նրան ուղղված քննադատություն էր հնչել: Զուրաբիշվիլու գործողությունները խիստ քննադատել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն: Մասնավորապես քննադատվել է Զուրաբիշվիլու այն արտահայտությունը, որ Վրաստանի խորհրդարանը պետք է ցրել:

Համաձայն վրացական լրատվամիջոցների հաղորդման, Բուրջանաձեն հայտարարել է. «Երբ իր ժամանակին Վրաստանի արտգործփոխնախարար Գեորգի Գոմյաշվիլուն խորհրդարանը մերժեց հաստատել Շվեյցարիայում Վրաստանի դեսպանի պաշտոնում, Գոմյաշվիլին հայտարարեց ընդդիմությանը միանալու մասին: Այժմ նման հայտարարություն է արել Սալոմե Զուրաբիշվիլին: Արդյոք դա նշանակո՞ւմ է, թե նրանց քաղաքական հայացքները կախված են նրանց զբաղեցրած պաշտոններից»:

«Սալոմե Զուրաբիշվիլու ղեկավարման ոճն անընդունելի է: Դեսպանությունների հետ եւ նախարարության ներսում կապերը խախտված են», Վրաստանի հեռուստատեսությամբ հայտարարել է ՄԱԿ-ում երկրի դեսպան Ռեւազ Ադամիան:

Զուրաբիշվիլին վրացի տարագիրների դուստր է, վրացերեն խոսում է ֆրանսիական ուժեղ շեշտադրությամբ, իսկ ռուսերենին առհասարակ չի տիրապետում: Անցյալ տարի արտգործնախարար նշանակվելուց առաջ նա Վրաստանում Ֆրանսիայի դեսպանն էր: Նախագահ Սաակաշվիլին անձամբ Ժակ Շիրակին խնդրեց թույլ տալ, որ Զուրաբիշվիլին մտնի Վրաստանի կառավարության մեջ:

Զուրաբիշվիլու նշանակումը ժամանակին ընկալվեց որպես Վրաստանի արեւմտամետ դիրքորոշման, ԵՄ անդամ դառնալու ձգտման վկայություն: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ նրա պաշտոնանկությունը բնավ էլ չի նշանակում Թբիլիսիի արտաքին քաղաքական գծի փոփոխություն: Մինչդեռ վրացական ընդդիմադիր «Նոր աջեր» կուսակցության նախագահ Դավիդ Գամկրելիձեն, ընդհակառակը, գտնում է, որ Վրաստանի արտաքին քաղաքական ուղղությունը տեղափոխվել է արեւմուտքից հյուսիս: «Ուղղության այս փոփոխությանը խանգարում էր Սալոմե Զուրաբիշվիլին որպես ԱԳՆ ղեկավարի, եւ նախագահ Սաակաշվիլին նրան զոհեց Մոսկվային», ասել է Գամկրելիձեն:

Ամեն դեպքում դեռեւս երեկ Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստվում էր նամակ հղել նախագահ Ժակ Շիրակին, որի թույլտվությամբ է ժամանակին հայտնվել արտգործնախարարի պաշտոնում: Համաձայն «Նովոստի Գրուզիի» գործակալության, Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել Ժակ Շիրակին Վրաստանում աշխատելու հնարավորություն ընձեռելու համար: Արդեն նախկին վրաց արտգործնախարարը նշել է, որ որոշել է մնալ երկրում որպես քաղաքական գործիչ:

Ավելինՙ Զուրաբիշվիլին արդեն սկսել է արտգործնախարարի պաշտոնից տարբեր քաղաքական գործունեություն, մասնավորապես երեկ արդեն Վրաստանում տեղի ունեցած դժգոհության ցույցի ժամանակ Զուրաբիշվիլին, դիմելով ներկաներին, հայտարարել է, թե տեղի ունեցողը նոր հեղափոխության կոչ չէ եւ պետք է ծույլ չլինել ու չվախենալ, քանի որ նոր ընտրություններ են գալիս: Ունենալով ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը, Զուրաբիշվիլին նշել է, թե իր պաշտոնանկության գործընթացը լավ ծրագրված էր եւ հարձակում էր «նեոկոմունիստների» կողմից: Թերեւս տեղին է հիշեցնել, որ Ուկրաինայում տեղի ունեցողը ներկայիս երկրի նախագահն ինքը հեղափոխություն չէր որակումՙ չխուսափելով իրականացնել նման մի բան: Նշենք նաեւ, որ ինչպես Զուրաբիշվիլին ամիսներ առաջ Ֆրանսիայից հայտնվեց Վրաստանումՙ ստանալով նախարարական պորտֆել, այդպես էլ իր ժամանակին Սաակաշվիլին Մ. Նահանգներից վերադարձավ Վրաստանՙ դառնալով արդարադատության նախարար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4