Եվրոմիության անդամակցությանը ձգտող Թուրքիան, ի դեմս Կիպրոսի Հանրապետության, համառում է ճանաչել միության մեկ այլ անդամի: Սակայն դա չխանգարեց, որ հոկտեմբերի 3-ին Լյուքսեմբուրգում ԵՄ-ի երկրների արտգործնախարարների արտակարգ հանդիպման արդյունքում ընդունվի Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները սկսելու որոշումը: Բանակցությունները ծավալվում են, այդ ընթացքում Թուրքիան պարտավորվում է մինչեւ դրանց ավարտը, որը շուրջ 10-15 տարի է ենթադրում, ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը:
Հարցը, սակայն, սոսկ Կիպրոսի Հանրապետության ճանաչումից Թուրքիայի հրաժարվելը չէ, այլ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» միջազգային մեկուսացվածությունը ճեղքելու թուրքական փորձերն են, որոնք վերջինի եթե ոչ ուղղակի, գոնե անուղղակի ճանաչումն ապահովելու նպատակ են հետապնդում, իսկ պաշտոնական Վաշինգտոնը նպաստում է դրա իրականացմանը:
Մեկուսացվածության ճեղքման պարագայում խոսքը վերաբերում է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» մասնակցությանն Իսլամական կոնֆերանս կազմակերպության միջոցառումներին, ինչպես նաեւ Բաքվի եւ Նիկոսիայի թուրքական հատվածում գտնվող «Էրջան» օդանավակայանների միջեւ ուղիղ չվերթերի կազմակերպմանը:
«Զաման» թերթը հոկտեմբերի 20-ի համարում տեղեկացնում է, որ Կիպրոսի թուրքական հատվածի մեկուսացվածությունը ճեղքելու առումով Ադրբեջանի օրինակին հետեւել է նաեւ Կիրգիզիան: Ճիշտ է, կիրգիզներն ուղիղ չվերթ դեռ չեն կազմակերպել, սակայն կիրգիզական խորհրդարանը, արձագանքելով «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» արտգործնախարար Սերդար Դենքթաշի հրավերին, Ստամբուլով թուրքական հատված է գործուղել 23 հոգանոց մի պատվիրակություն, որի կազմում են երեք փոխնախարարներ եւ 15 պատգամավորներ:
Հոկտեմբերի 19-ին եռօրյա այցով Հյուսիսային Կիպրոս ժամանած կիրգիզական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Արսլան Մալիեւը, ըստ «Զամանի», «Էրջան» օդանավակայանում հայտարարեց. «Ցանկանում ենք հարաբերություններ զարգացնել եղբայրական կիպրացի թուրքերի հետ եւ ուզում ենք, որ այդ մասին իմանա ողջ աշխարհը»: Նա միաժամանակ կոչ է արել վերացնելու թուրքական հատվածի մեկուսացվածությունըՙ գոհունակությամբ արձանագրելով Իսլամական կոնֆերանս կազմակերպության աշխատանքներին «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ներգրավվածությունը:
Ինչ վերաբերում է վերոհիշյալ հանրապետության անուղղակի ճանաչման Թուրքիայի նախաձեռնությանը պաշտոնական Վաշինգտոնի նպաստին, այս դեպքում էլ պետք է նկատի ունենալ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսիՙ ինքնակոչ այդ հանրապետության նախագահ Մեհմեդ Ալի Թալաթին ուղարկած հրավերը: Ըստ դրա նախատեսվում է, որ Թալաթը Վաշինգտոն կուղեւորվի հոկտեմբերի 28-ին: Նա այնտեղ կհանդիպի պետքարտուղար Ռայսի հետ, այնուհետեւ կանցնի Նյու Յորք, որտեղ նրան կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանը:
«Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» մեկուսացվածությունը ճեղքելու Ադրբեջանի եւ Կիրգիզիայի նախաձեռնությունների զուգադիպումը Կոնդոլիզա Ռայսի վերոհիշյալ հրավերի հետ պատահական լինել չի կարող: Հետեւաբար պետք է ենթադրել, որ Ադրբեջանի եւ Կիրգիզիայի այս նախաձեռնությունները Թուրքիայի հետ խրախուսում է նաեւ ԱՄՆ-ը:
Հ. ՉԱՔՐՅԱՆ