Ներկայացված էին նաեւ Յուրի Գեւորգյանի նամականիշները
Այս տարի աշխարհում նշվում է ՄԱԿ-ի 60-ամյակը: Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում ներկայացված էր ՄԱԿ-ի կողմից եւ ՄԱԿ-ի վերաբերյալ թողարկված նամականիշների ցուցահանդես, որը կազմակերպել էր Հայաստանի ֆիլատելիստների միությունըՙ ի դեմս Ժան Գյուլբենկյանի: Ներկայացնելով իր հավաքածուն, պրն Գյուլբենկյանը նշեց. «Ես ու ՄԱԿ-ը հասակակիցներ ենք: Անցյալ տարի մտածեցի, որ նման մի հավաքածու ցուցադրեմ, քանի որ հոբելյանները միասին ենք նշում»:
Ժան Գյուլբենկյանը հավաքածուն սկսել է հավաքել ոչ վաղուց, եւ քանի որ նյութերը շատ չէին, ցանկալի նամականիշները ձեռք են բերվել գործընկերների օգնությամբ, փոխանակմամբ, գնելով: Նման հավաքածուի ստեղծման գաղափարն այն էր, որ ցուցադրվի ՄԱԿ-ի լայնամասշտաբ գործունեությունը: «Մամուլից ՄԱԿ-ի գործուhfթյան մասին տեղեկություններն այնքան էլ լիարժեք չեն, մինչդեռ նամականիշներն արտացոլում են կազմակերպության իրագործած ծրագրերն ու գործունեությունըՙ մարդու իրավունքներից մինչեւ խաղաղության խնդիրներ»:
ՄԱԿ-ն առաջին նամականիշները թողարկել է 1991 թ.ՙ կապված փոստային կապով հաղորդակցվելու անհրաժեշտության հետ: Ըստ Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Տիգրան Լիլոյանի, ՄԱԿ-ի փոստային ծառայության բաժանմունքներ են գործում Նյու Յորքում, Ժնեւում եւ Վիեննայում, որոնք թողարկում են նամականիշներ Նյու Յորքումՙ անգլերեն, Ժնեւումՙ ֆրանսերեն եւ Վիեննայումՙ գերմաներեն:
Վերջին 5 տարվա կտրվածքով նշանակալի մեկ փաստ կաՙ կապված ՄԱԿ-ի փոստային ծառայության թողարկած նամականիշների հետ: 2000 թ. առաջին անգամ ՄԱԿ-ի փոստային վարչությունը նամականիշներ է պատվիրել հայ նկարիչՙ Յուրի Գեւորգյանին, երբ վերջինս նոր էր տեղափոխվել Մ. Նահանգներՙ բնակության: Յուրի Գեւորգյանի ստեղծած առաջին նամականիշները նվիրված էին փախստականների հարցերին: 2004 թ. իրեն հայաստանյան նկարիչ ներկայացնող Յուրի Գեւորգյանն ստացել է նամականիշների նոր պատվերՙ նվիրված մարդու իրավունքներին:
Այս իրադարձությունները կարեւոր են այնքանով, որ ՄԱԿ-ի փոստային ծառայությունը պատվերներ է տալիս միայն հայտնի նկարիչներին:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ