«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2005-10-19 | #189, 2005-10-20 | #190, 2005-10-21


ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԸ ԿՉԱՓՎԵՆ

Առանց չեզոքացուցիչների դրանք չեն կարող շահագործվել

Երեւանի օդային ավազանի պահպանմանն առնչվող կարեւոր որոշում է ընդունել երեկ Հայաստանի կառավարությունը: Խոսքը, համաձայն «Մթնոլորտային օդի պահպանման մասին» օրենքի, Հայաստանի տարածքում չափիչ կետերում ավտոտրանսպորտային միջոցներից արտանետվող նյութերի չափման կարգի եւ այդ նյութերի ցանկի մասին է: Որոշումը լրագրողներին ներկայացրեց բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Նա մասնավորապես նշեց, որ ավտոտրանսպորտի արտանետումների խնդիրը համամոլորակային է, իսկ Երեւանում կազմում է օդային ավազանն աղտոտող ընդհանուր արտանետումների 90 տոկոսը:

Չափիչ կետերում պետք է չափեն տրանսպորտային միջոցի արտանետումների չափը, գրանցեն, եւ եթե դրանք համապատասխանում են թույլատրելի նորմաներին, ապա տրամադրեն համապատասխան կտրոն: Առանց այդ կտրոնի տրանսպորտային միջոցը չի կարող անցնել տեխզննում: Չափվելու են ածխածնի, ածխաջրածնի եւ մեքենաների ծխայնության արտանետումները: Համապատասխան կտրոնը ստանալուց հետո, երեք ամսում, մեքենան պետք է անցնի տեխզննում: Բացի հասարակական տրանսպորտի միջոցներից, մյուս մեքենաների արտանետումները պետք է ստուգվեն տարեկան մեկ անգամ: Հասարակական տրանսպորտի միջոցներըՙ տարեկան երկու անգամ:

Բնապահպանության փոխնախարարը հայտնեց, որ որոշումը կսկսի գործել այն ժամանակ, երբ Երեւանում առնվազն 5 նման կետ կլինի, իսկ մարզերումՙ մեկական: Արտանետումները չափելու ցանկություն ունեցող իրավաբանական անձը պետք է դիմի բնապահպանության նախարարության ստեղծած համապատասխան հանձնաժողովինՙ լիցենզիա ստանալու համար: «Ազգի» այն հարցին, թե նկատի ունենալով այս գործունեության շահութաբերությունը, ի՞նչ երաշխիք կա, որ չի դառնա որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի մենաշնորհային բիզնեսը, Սիմոն Պապյանը պատասխանեց, որ դրա երաշխիքն ինքը չի կարող տալ, բայց կառավարության որոշմամբ դրված են այն հիմքերը, որոնք կկարգավորեն այդ հարցը:

Ներկաներին փոխնախարարը հիշեցրեց, որ սկսած 2006 թ.-ի հունվարի 1-ից արգելվելու է Հայաստան ներմուծել այն ավտոմեքենաները, որոնք չունեն չեզոքացուցիչներ: Կառավարության երեկվա որոշումն ընդունվել է ի լրումն օրենքով սահմանված վերոնշյալ դրույթի: Ինչ վերաբերում է ներկայումս շահագործվող մեքենաներին, ապա դրանք նույնպես պետք է տեղադրեն չեզոքացուցիչներ, ապա նոր միայն շահագործվեն:

Ավտոտրանսպորտային արտանետումների չափումը մասնավորին հանձնելու գաղափարն ինքնին ողջունելի է: Բարեբախտաբար, այն չի վերապահվել կոռուպցիայի մեջ թաղված պետավտոտեսչությանը: Սակայն, ինչպես ամեն մի լավ գաղափար, այս մեկն էլ կարելի է վարկաբեկել, դարձնելով մենաշնորհային բիզնես, ինչը «բարի» ավանդույթ է դարձել Հայաստանում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4