Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնում երեկ ասուլիս էր հրավիրել կենտրոնի նորանշանակ տնօրեն, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Միրա Անտոնյանը: Տնօրենը ներկայացրեց, որ 1999 թ. ՀՕՖ-ի եւ ՀՀ ներքին գործերի նախարարության կնքած պայմանագրի համաձայն, կենտրոնը հանձն է առել մուրացիկ, թափառաշրջիկ, լքված, օրինախախտ եւ այլ դժվար պայմաններում հայտնված 3-18 տարեկան անչափահասներին ապաստանի տրամադրում, կարճաժամկետ աջակցության ցուցաբերում եւ հետագա կողմնորոշում: 2000 թ.-ից կենտրոնը ծառայություններ է մատուցել 913 երեխաների, որոնց մեծ մասին` մոտ 800 հոգու կողմնորոշել է դեպի իրենց ընտանիք: Տկն Անտոնյանի խոսքերով, բարեբախտաբար ներկայումս նման երեխաների քանակը զգալիորեն նվազել է` պայմանավորված մեր երկրի դրական տեղաշարժերով:
Նախորդ տարի Հայաստանի կառավարությունը մշակել է երեխայի պաշտպանության համակարգի բարեփոխումների ռազմավարություն մոտակա 10 տարիների համար, որը ենթադրում է պատասխանատու ատյանների ու կառույցների գործելաոճի փոփոխություն, մանկախնամ հաստատությունների` մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների բեռնաթափում եւ նոր` ընտանիքների վրա հիմնված այլընտրանքային ծառայությունների ստեղծում: Ծրագիրն իրականացվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Երեխայի պաշտպանության ծրագրերի եւ ՀՕՖ-ի հետ. ֆինանսական աջակցությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակինն է:
Ծրագիրը փորձնական է եւ տեւելու է 3 տարի: Այն ենթադրում է կենտրոնի նախկին գործառույթները` երեխաների ընդունումն ու կողմնորոշումը պահպանելով մշակել խնամատարության տեղական մոդել, որի հաջողության դեպքում այն շարունակաբար կգործի հետագա 10 տարիներին: Կենտրոնում կստեղծվեն 11 նոր աշխատատեղեր սոցիալական աշխատողների համար, որոնք կաշխատեն Երեւանում, Վանաձորում եւ Գավառում: Նրանք պետք է տեղում ծանոթանան այն ընտանիքների հետ, որոնք կցանկանան ընդունել թե՛ Կենտրոնի, թե՛ գիշերօթիկ դպրոցների եւ թե՛ մանկատների երեխաներին: Այսինքն` ծրագրի շեշտը դրվում է ընտանիքի վրա, որ երեխաները մեծանան ընտանիքում, նրանց մեջ փոքրուց դաստիարակվի ընտանեսիրություն, այլ կերպ ասած փորձ է արվում վերականգնել ընտանեկան խնամատարության ավանդույթները: Երեխաներին ընդունող ընտանիքները կստանան նաեւ որոշակի գումար: Ընդ որում, սա որդեգրում չէ, այլ զուտ խնամատարություն, թեպետ հետագայում որդեգրումը բացառված չէ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ