«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2005-10-20 | #190, 2005-10-21 | #191, 2005-10-22


ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔԻՆ

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դիմաց կառուցվող զվարճանքի օբյեկտի շինարարությունը մտավորականների նախորդ բողոքի ցույցից հետո չի դադարեցվել, այլ շարունակվել է ավելի ուժգին թափով, ինչն աներկբայորեն ապացուցում է հետեւյալըՙ կամ հանրապետության նախագահի լծակները բավարար չեն առանձին մեծահարուստ պաշտոնյաների բարբարոսության դեմն առնելու, կամ էլ վերջիններս իրենց քաղաքակործան ծրագրերն իրականացնում են հենց նախագահի հովանավորությամբ եւ աջակցությամբ: Եվ սա հանգեցնում է այն բանին, որ Երեւանի այգիներն օր-օրի զավթվում են, դառնում մի խումբ օլիգարխիկների «փայլուն» երեւակայության զոհերը, որոնց հանդեպ անտարբեր դարձած հասարակությունը երկարատեւ թմբիրից հետո կարծես ուշքի գալու նշաններ է ցույց տալիս: Ստեղծվել է «SOS Երեւան» կոալիցիան, որում ընդգրկված են մի շարք հասարակական կազմակերպություններ, մտավորականներ ու երեւանցիներ: Նախորդ ցույցի համեմատ կամերայինի առջեւ երեկ ավելի շատ մարդիկ էին հավաքվել, հուսանք, նրանց թիվը հետզհետե կավելանա, եւ երեւանցիներն այլեւս չեն հանդուրժի մայրաքաղաքի այգիների եւ դրանցում գործող մշակութային օջախների ջարդը:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի դիտարկմամբ, վերջին տարիների բնապահպանական ավերածությունները խոսուն վկայությունն են ազգային այն ախտի, որ երբ հայերս հնարավորություն ենք ունենում արագորեն հարստանալու, ամբողջապես տրվում ենք կուտակելու մոլուցքինՙ մոռանալով ամեն ինչ, ընդհուպ մշակութային արժեքները:

«Մեզանում հիմա կարեւոր արժեքներ են կազինոները, ռեստորանները, ստրիպտիզ բարերը, «փլեյ սիթիները»: Մինչեւ ո՞ր աստիճանի կարող է իջնել մեր բարոյական անկումը: Արդեն իսկ գրավված է Թեքեյան մշակութային միության դիմացի կանաչ տարածքը, այն վերածվել է կառուցապատման հրապարակի: Արդեն մի քանի տարի միտումնաբար չորացվում են քաղաքի բոլոր կանաչ գոտիներն ու տեղում կառուցվում զվարճանքի օբյեկտներ: Երեք տարի բղավում եմ Սարյանի պուրակի անխնամ վիճակի մասին, համոզված եմ, որ մյուս տարի կառույցներ կհայտնվեն նաեւ այնտեղ: Քաղաքի կենտրոնի բուֆերային 2 գոտիներըՙ Գլխավոր պողոտան արդեն կորցնում ենք, իսկ Օղակաձեւ զբոսայգին վերածվել է օղակաձեւ ռեստորանների, սրճարանների, խաղ-քաղաքների», ասաց նա:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ մի քանի ամիս առաջ Օղակաձեւ զբոսայգին վերանվանվեց Երիտասարդական: «Ազգն» անդրադարձավ այդ որոշման սնանկությանը, միաժամանակ նշելով դրա տակ թաքնված գործելակերպը, որին հավանություն էին տվել ավելի քան 30 երիտասարդական կազմակերպություններ: Տարօրինակ է, որ վերջիններս իրենց առաջարկը բացատրել էին երիտասարդության միջազգային օրն այնտեղ նշելու եւ այգին խնամելու ցանկությամբ: Այդ դեպքում ո՞ւր էին երեկ նրանք, ո՞ւր էր փոխքաղաքապետ Արման Սահակյանը, որն իր բոլոր ծրագրերն իրականացնում է այդ կազմակերպություններին ապավինելով, իսկ վերջիններս էլՙ նրան:

Եթե այսօրվա երիտասարդական միությունները գործում են քաղաքապետարանի հետ, որն անգթորեն ոչնչացնում է քաղաքի կենտրոնի կանաչ գոտիները, ապա երիցս իրավացի են Երեւանի ու մյուս քաղաքների ապագան մռայլ կանխագուշակողները: Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը համոզված է, որ այսպես շարունակվելու դեպքում վաղը կունենանք ամայի ու փոշոտ երկիր, ինչի հետ հաշտվել չի կարելի: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամբողջ երկիրը աղբի մեջ կորած է», ասաց նա:

Ճարտարապետ Արմեն Հախնազարյանն ավելի քան 40 տարի ապրել է Գերմանիայում, Հայաստան է տեղափոխվել 90-ականների ծանր տարիներինՙ կարողությունների չափով օգտակար լինելու հայրենիքի զարգացմանը, բայցՙ «Ինձ այստեղ խանգարում է աճող անարդարությունը, որի պատճառները նաեւ ժողովրդի անտարբերությունն է: Իմ գործը քաղաքն է, քաղաքաշինությունը, եւ ես տեսնում եմ, որ Երեւանը մի քանի տարի հետո կդառնա մեծ գյուղ, լիքը ոչխարներով, մի քանիսըՙ շատ կերած-խմած»:

Բազմաթիվ երկրներում համերգներով հանդես եկած երգչուհի Արաքս Դավթյանի բնորոշմամբ, ամբողջ Հայաստանը դարձել է խորովածանոց: «Օպերայի հրապարակն այսօր իսկական խորովածանոց է, Օղակաձեւ այգու միջով անցնելիս նույնպես անշնորհք ու կեղտոտ հոտեր ենք զգում, հանգստի ոչ մի հնարավորություն չկա: 20 տարի առաջ այլ էր վիճակը, ազատ ժամերին արվեստագետները նստում էին Օպերայի պարտեզում, հանգստանում: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ կամերայինի առջեւի կառույցը քանդվի: Սա մեր տունն է եւ թույլ չենք տա նրա տարածքը եւս վերածել խորովածանոցի»:

Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը երկար տարիներ ապրել է Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Երկրորդ համաշխարհայինից հետո այդ քաղաքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է, հողին է հավասարեցվել նաեւ օպերայի շենքը: «Վախ, սարսափ, սով ապրած գերմանացի ժողովրդի առաջին գործը եղավ օպերայի քանդված շենքի մոտ հավաքվելն ու քարը քարի վրա դնելը: Նույն քարերով եւ հատակագծով վերակառուցվեցին նաեւ մյուս քաղաքների օպերայի շենքերը: Ահավասիկ քաղաքակրթություն: Իսկ հայերս խոսում ենք քաղաքակրթությունից եւ մշակութային վանդալիզմ իրականացնումՙ ոչնչացնելով ազգային սրբություն համարվող Կոմիտասի անունը կրող մշակութային օջախը: Սա հայի՞ դիմագիծ է, ո՞ւր ենք գնում: Եթե կամերայինի դիմացի շինարարությունը շարունակվի եւ ավարտվի, մայիսից համերգային դահլիճն այլեւս չի գործի, որովհետեւ այստեղ այլեւս հնարավոր չէ համերգներ տալ», ասաց նա:

Ճշմարիտ արվեստագետին հատուկ նրբազգացությամբ նա իր խոսքն ավարտեց լավատեսական հնչերանգով. Երեւանի քաղաքապետին նա առաջարկեց հանդիպել այս օրերին Հայաստանում գտնվող տաղանդավոր քանդակագործ Արտո Չաքմաջյանի հետ, բարի լիցքեր ստանալ նրանից, խնդրել նրա լավագույն գործերից մեկըՙ Կոմիտասի արձանը, տեղադրել կամերայինի առջեւ ու այգուն տալ նախկին կանաչ տեսքը:

Կարձագանքի՞ Երվանդ Զախարյանն այս խելամիտ առաջարկին:

Հ.Գ Նկատենք, որ ելույթ ունենալու ցանկություն էին հայտնում նաեւ մարդիկ, որոնք շեղվում էին ակցիայի բուն նպատակից եւ առիթն օգտագործում քաղաքական նկատառումներով, ինչը կարող է վնասել Երեւանի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող այս խնդրի լուծմանը: Երեկ, ավելի ուշ, հայտարարությամբ հանդես եկավ մարդու իրավունքների պաշտպանըՙ պետական մարմիններին խնդրելով կասեցնել ընթացող շինարարական աշխատանքները, որ հակասում են միջազգային կոնվենցիայով եւ դաշնագրով Հայաստանի 1993 թ. ստանձնած պարտավորություններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4