Ֆրանկֆուրտում անցկացվող գրքի տոնավաճառին մասնակցած հայտնի թուրք գրող Օրհան Փամուքը արժանացել է Գերմանիայի գրքի առեւտրային միության շնորհած խաղաղության մրցանակին: Այդ առիթն օգտագործելով նա դարձյալ կրկնել է հայկական ջարդերի մասին իր արած հայտարարությունը, որի համար Թուրքիայում նրան սպառնում է 3 տարվա ազատազրկում:
Դեկտեմբերի 16-ին թուրքական դատարանի առջեւ նա պետք է պատասխան տա «թուրքական ինքնությունը վիրավորելու եւ նվաստացնելու» համար, քանի որ ճանաչում է 1915 թվականին օսմանյան Թուրքիայի իրականացրած հայկական ջարդերը:
«Ես կրկնում եմՙ ասել եմ բարձրաձայն ու հստակ, որ 1 մլն հայեր եւ 30 հազար քրդեր են սպանվել Թուրքիայում», ասել է Փամուքը:
Նա նաեւ նշել է, որ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցելու բանակցությունները ի հայտ են բերել «նոր ընդգրկումներ» զանգվածային ջարդերի վերաբերյալ, սակայն Անկարան հերքում է դրանք ճանաչել որպես ցեղասպանություն: «Այդ ընդգրկումները նշանակում ենՙ Թուրքիայում մտքի ազատությունը պետք է լինի նույնքան բնական, որքան մարդու իրավունքները: Ամեն ոք պետք է կարողանա ասել այն, ինչ մտածում է», ավելացրել է անվանի գրողը:
Նա նաեւ նշել է, որ ինքը լավատես է եւ հավատում է, որ Թուրքիան կարող է անդամակցել Եվրոմիությանը, ինչը կհարստացնի եվրոպական մշակույթը:
Ռ. Պ.