Առաջին մարդահամարը Ղարաբաղում անցկացվել է 1926 թվականին: Ըստ պաշտոնական տվյալներիՙ այն ժամանակ Ղարաբաղում բնակչության ընդհանուր թիվը կազմել է 125 հազար մարդ, որից 112 հազարը եղել են հայեր, շուրջ 12 հազարըՙ ադրբեջանցիներ, իսկ հազարըՙ այլ ազգության ներկայացուցիչներ:
1989 թվականին ԽՍՀՄ շրջանակում անցկացված մարդահամարի տվյալներովՙ 145.500-ը եղել են հայեր, իսկ 40700-ըՙ ադրբեջանցիներ, այսինքնՙ հայերի թիվը վեց տասնամյակում աճել է մոտ 30 տոկոսով, իսկ ադրբեջանցիներինըՙ ավելի քան երեք անգամ: Այս պարզ վիճակագրությունը եւս մեկ անգամ վկայում է Ղարաբաղում Ադրբեջանի վարած ազգայնական քաղաքականության մասին, քանի որ Բաքուն տարբեր միջոցներով արտագաղթի է մղել հայերին, իսկ ադրբեջանցիներինՙ քաջալերել բնակվելու Արցախում: Եթե չլիներ ղարաբաղյան ազատագրական շարժումը, ապա ժողովրդագրական համայնապատկերի այսօրինակ փոփոխության միտման տրամաբանությամբՙ մի քանի տասնյակ տարի հետո ադրբեջանցիները բացարձակ մեծամասնություն էին կազմելու Ղարաբաղում:
2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ըստ ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, Ղարաբաղում բնակվում է 145.600 մարդՙ հիմնականում հայեր: ԱՎԾ պետ Բենիկ Բաբայանը չի բացառում, որ այդ տվյալները կարող են փոքր-ինչ տարբերվել հանրապետությունում մշտական բնակվող բնակչության իրական թվից: Միեւնույն ժամանակ, Բ. Բաբայանի համոզմամբ, այս օրերին ԼՂՀ-ում ընթացող մարդահամարի ամփոփիչ արդյունքներից դրանք չնչին տարբերություն են տալու:
Մարդահամարը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 27-ը, որից հետո ստացված տվյալներն այդ գործընթացում ընդգրկված մասնագետները ստուգելու են ու նոյեմբերի 22-ին հանձնեն ազգային վիճակագրական ծառայություն: Գերատեսչության ղեկավարի հավաստմամբՙ մարդահամարի առաջին տվյալները հրապարակվելու են դեկտեմբերի սկզբին, իսկ վերջնական արդյունքներըՙ հաջորդ տարվա երկրորդ կիսամյակում:
Կառավարության կազմած հարցաշարում ընդգրկված են 32 անհատական հարցեր, իսկ տնտեսությանը վերաբերող հարցերը 15-ն են: Այս տեղեկությունների ճշտումը հետագայում սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակման ու դրանց կենսագործման համար հիմք դառնալու նպատակադրություն ունի: Փաստորեն մարդահամարը պետք է արտացոլի ԼՂՀ-ում բնակչության կենսամակարդակի իրական աստիճանը, որով էլ ճշտվելու են երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության բաղադրիչները:
Ազգային վիճակագրական ծառայության պետի խոսքերով, անցած օրերին 25 հազար տնային տնտեսությունում, ավելի քան 110 հազար մարդու ընդգրկմամբ, արդեն անցկացվել են հարցումներ: Մարդահամարի արդյունավետ անցկացման համար էական դժվարություններ չկան, եթե չհաշվենք Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում առկա դժվարություններըՙ կապված ընդարձակ տարածքի եւ նոսր բնակչության հետ:
Կիրակի օրը Արցախի հանրային հեռուստատեսության «7 օր» ծրագրին տված հարցազրույցում Բ. Բաբայանը համոզմունք է հայտնել, թե նախատեսված տասն օրվա փոխարեն մարդահամարը ԼՂՀ-ում կավարտվի 8-9 օրում: Նա նաեւ շեշտել է մարդահամարի քաղաքական նշանակությունըՙ ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը նպաստելու առումով:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ