Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմասնակցի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 11-ն Իսրայելի Բեեր Շեւա քաղաքում կայանալիք աշխարհի թիմային 6-րդ առաջնությանը: Առաջնության պարգեւների համար մեր շախմատիստները մրցավեճի կբռնվեն Չինաստանի տղամարդկանց եւ կանանց, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կուբայի, Հոլանդիայի, Իսրայելի, Ուկրաինայի եւ Վրաստանի հավաքականների հետ:
Մեր հավաքականի կազմում առաջին խաղատախտակի վրա կխաղա հայ շախմատիստներից ամենաբարձր անհատական վարկանիշ ունեցող Լեւոն Արոնյանը: Հիշեցնենք, որ Լեւոնը 2724 վարկանիշով ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակում եզրափակում է աշխարհի ուժեղագույն շախմատիստների լավագույն տասնյակը: Լեւոն Արոնյանն ընթացիկ մրցաշրջանում հաջող մրցելույթներ է ունենում: Մասնավորապես նա վերջերս «Տոմսկ-400» ռուսաստանյան թիմի կազմում դարձել էր Եվրոպայի ակումբային չեմպիոն, հաղթող ճանաչվել Ստեփանակերտում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում:
Մեր հավաքականի կազմում ընդգրկված են նաեւ Վլադիմիր Հակոբյանը (2707), Կարեն Ասրյանը (2645), Ռաֆայել Վահանյանը (2614), Սմբատ Լպուտյանը (2614) եւ Աշոտ Անաստասյանը (2596): Մեր հավաքականի մարզիչն է Տիգրան Նալբանդյանը:
Ինչ խոսք, աշխարհի թիմային առաջնությունում չափազանց համառ ու անզիջում պայքար է ընթանալու: Բոլոր թիմերն էլ մրցավայր են ժամանելու ուժեղագույն կազմերով: Ինչպես միշտ, բավական ուժեղ կազմ ունի Ռուսաստանի հավաքականը, որն, անշուշտ, չեմպիոնի տիտղոսի ամենառեալ հավակնորդն է: Ռուսաստանի հավաքականը գլխավորելու է Պյոտր Սվիդլերը (2740): Թիմի կազմում են նաեւ Ալեքսանդր Գրիշչուկը (2720), Ալեքսեյ Դրեեւը (2694), Ալեքսանդր Մորոզեւիչը (2707), Ալեքսանդր Մոտիլյովը (2632) եւ Եվգենի Բարեեւը (2675):
Մրցանակային տեղերի համար պայքարին, անշուշտ, կմասնակցի նաեւ Ուկրաինայի ընտրանին: Առաջին խաղատախտակին հանդես կգա Վասիլի Իվանչուկը (2748): Նրա թիմակիցներն են Ռուսլան Պոնոմարյովը (2704), Անդրեյ Վոլոտկինը (2666), Ալեքսանդր Մոիսեենկոն (2663), Պավել Էլյանովն (2663) ու Սերգեյ Կարյակինը (2658): Իսրայելի հավաքականը գլխավորում է Բորիս Գելֆանդը (2717), Վրաստանինըՙ Զուրաբ Ազմայփարաշվիլին (2658):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ