Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը սոցիալական քարտից հոգեւոր համոզմունքների հիման վրա հրաժարվելու պատճառով կենսաթոշակից զրկված Վանաձոր քաղաքի 3 բնակիչների գործը երեկ քննության էր նշանակել: Վանաձորի բնակիչներ Վերիչկա Մխիթարյանի, Վարդանուշ Մկոյանի եւ Սիրանուշ Մանուկյանի բողոքն ուղղված է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2005 թ. մայիսի 31-ի վճռի դեմ, որով մերժվել է նրանց կենսաթոշակի վճարման պահանջը:
Դատական առաջին նիստին ներկա էին հայցվոր կողմի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը, որը հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ) փոխնախագահն է, եւ պատասխանող կողմի ներկայացուցիչները` սոցիալական ապահովության պետական հիմնադրամից: Քաղաքացիների գործով առաջին դատական նիստը դատարանի որոշմամբ հանկարծ որոշվեց հետաձգել հարակից պատասխանող կողմի` «Հայփոստ» ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցչի բացակայության պատճառով: Նիստը հետաձգվեց, թեպետ կողմերից ոչ ոք չէր առարկել Վանաձորի ներկայացուցչի բացակայությանը:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը վրդովված նշեց, որ դատարանն իր այս քայլով թեպետ ակնհայտորեն պահպանեց քաղաքացիական դատավարության նորմերը, բայց մեկ տասնյակից ավելի նման գործեր լսվել են առանց հարակից պատասխանող կողմի ներկայության: «Նախորդ նիստերին էլ հարակից պատասխանող կողմից ներկայացուցիչներ չեն եղել, բայց որեւէ խնդիր չի եղել: Եթե միտում կար նիստը չկայացնելու, թող զգուշացնեին, մենք էլ Վանաձորից չգայինք», հավելեց ՀՍԻԿ-ի փոխնախագահը: Հարկ է նշել, որ թոշակառուների գործերը քննելիս նրանցից շատերը չեն կարողանում ներկայանալ դատարան, քանի որ, Արայիկ Պապիկյանի խոսքերով, նրանց մեջ կան հաշմանդամներ, Հայրենական պատերազմի մասնակիցներ եւ վատառողջ ու դժվար տեղաշարժվող տարեցներ: «Իսկ հաղթանակի 60-ամյակի առթիվ սոցապ նախարարությունը նրանց շնորհավորական բացիկներ է ուղարկել` մաղթելով առողջություն եւ բարեկեցություն: Ինչպե՞ս նրանք առողջ լինեն, երբ թոշակ չեն ստանում», ասաց հայցվոր կողմի ներկայացուցիչը:
Հայցվոր կողմի պահանջը մեկն է. «Որ թոշակները վճարեն պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքին համապատասխան, որը ոչ մի առնչություն չունի սոցիալական քարտերի ՀՀ օրենքի հետ»: Վերջում ՀՍԻԿ-ի փոխնախագահը հավելեց, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում կենսաթոշակից զրկված մոտ 20 քաղաքացիների գործեր են լսվել 6 տարբեր դատավորների մոտ, եւ բոլորն էլ մերժվել են: Նրա խոսքերով, վերաքննիչ դատարանում այժմ կան մոտ 14 գործեր, որոնցից 2-ը մերժվել եւ տեղափոխվել են վճռաբեկ դատարան:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ