«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2005-10-22 | #192, 2005-10-25 | #193, 2005-10-26


ՄԻԿՐՈՎԱՐԿԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ

Գլխավոր նպատակն այստեղ կապիտալի ներհոսք ապահովելն է

Հայաստանի եւ Վրաստանի միկրոֆինանսավորող ձեռնարկություններին աջակցելու, կապիտալի ներհոսքին նպաստելու եւ դոնոր կազմակերպություններին այս ոլորտին ծանոթանալու հնարավորություն տալու նպատակ էր հետապնդում երեկ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հրավիրած համաժողովը: Մասնակիցների թվում էին 11 միկրոֆինանսավորող հաստատություններ, որոնցից 6-ը Հայաստանից, 5-ըՙ Վրաստանից, 6 ներդնող կազմակերպություններ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից, ինչպես նաեւ երեք հայտնի միջազգային կառուցներՙ Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Զարգացման գերմանական բանկը (KfW):

Բացելով Միկրոձեռնարկությունների զարգացման նախաձեռնության (MEDI) կազմակերպած միջազգային այս համաժողովը, կազմակերպության Հայաստանի խմբի ղեկավար Խրիզանտոս Միլիարասը նշեց, որ միկրոֆինանսավորման հիմնական նպատակն է օգնել ինքնազբաղվածներին եւ փոքր վարկերի կարիք ունեցողներին: Այս ոլորտը, նրա կարծիքով, այնքան է զարգացել Հայաստանում եւ Վրաստանում, որ բանկերն ու միկրոֆինանսավորող կազմակերպությունները (ՄՖԿ) մրցակցում են: Ներկայումս միկրովարկերի պահանջարկն ավելին է, քան առաջարկը, եւ գլխավոր նպատակը դեպի այդ երկրներ կապիտալի ներհոսք ապահովելն է: Իր ելույթում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը նմանապես այն կարծիքը հայտնեց, որ Հայաստանում եւ Վրաստանում ավելացել են ՄՖԿ-ների թիվն ու նրանց վարկային պորտֆելները:

Հայաստանում միկրոֆինանսավորման խնդիրներին անդրադարձավ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ միկրոֆինանսավորումն առավել անհրաժեշտ է այն երկրների համար, որոնք ունեն աղքատության կրճատման խնդիր: Միկրոֆինանսավորում իրականացնող կազմակերպությունները հայտնվում են հատկապես այն ոլորտներում, որտեղ բանկերը պատրաստ չեն գործելՙ բարձր ռիսկայնության եւ մի շարք այլ խնդիրների պատճառով: Ըստ ԿԲ նախագահի, հաղթահարելով ֆինանսական համակարգի կայացման առաջին փուլը, ԿԲ-ն այժմ նախաձեռնել է հաջորդ փուլը, ինչի համար անհրաժեշտ են օրենսդրական դաշտի փոփոխություններ: Այս ոլորտի կայացած լինելը փաստարկելով, Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանում ներկայումս գործում են 10 միկրոֆինանսավորող կազմակերպություններ, 21 բանկերՙ իրենց 250 մասնաճյուղերով:

Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, ապա նախատեսվում է ստեղծել միասնական վերահսկման դաշտ, որը կլինի թափանցիկ կազմակերպությունների սեփականատերերի, նրանց վերահսկող կառույցի եւ շահագրգիռ անձանց համար: Այդ փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվել է Կենտրոնական բանկի, «այդ թվում նաեւ» MEDI կազմակերպության անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում: Կենտրոնական բանկը, ըստ նրա նախագահի, էապես նվազեցրել է ՄՖԿ-ներին ներկայացվող պահանջները, բայց պահպանել է նվազագույն կապիտալի չափի պահանջը, որը պետք է լինի 50-150 մլն դրամ:

Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ միկրոֆինանսավորող կազմակերպությունները խիստ խայտաբղետ ենՙ տրվող վարկերի գումարների եւ տոկոսադրույքների չափով: Դրանք տատանվում են 1500 դոլարից մինչեւ 100 հազար դոլար եւ 12 տոկոսից մինչեւ 50 տոկոսի սահմաններում: Այդուհանդերձ, ԿԲ նախագահի հավաստմամբ, տրվող վարկերի ծավալները կտրուկ ավելացել են, մրցունակությունը բարձրացել, ինչի շնորհիվ վարկերը հասանելի կլինեն ավելի լայն խավերին: Տիգրան Սարգսյանը կոչ արեց դոնորներին վստահորեն ներդրումներ կատարել ԿԲ հսկողության ներքո գտնվող ՄՖԿ-ներում:

Համաժողովում քննարկվող հարցի վերաբերյալ իրենց մոտեցումները հայտնեցին նաեւ ԱՄՆ ՄԶԳ մասնագետները, Եվրոբանկի, KfW-ի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հայաստանի ներկայացուցիչները, միկրոֆինանսավորող կազմակերպությունների ղեկավարները:

Վերջում հարկ ենք համարում անդրադառնալ միջոցառման կազմակերպիչների թույլ տված բացթողմանը: Վրաստանից ժամանած համաժողովի մասնակիցները հայտնվել էին շատ անհարմար վիճակում, քանի որ ելույթները թարգմանվում էին հայերենից անգլերեն եւ անգլերենից հայերեն, մինչդեռ նրանց մեծ մասը չէր տիրապետում այդ լեզուներից ոչ մեկին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4