Համաներում անհատ ձեռներեցների համար
Երեկ Ազգային ժողովի լիագումար նիստում սոցիալական ենթատեքստ ունեցող օրինագծերի փաթեթում քննարկվում էին մի շարք նախագծեր, որոնց արդյունքում գումարներ կգոյանան կենսաթոշակների` եկող տարի նախատեսված բարձրացումներն ապահովելով: Ըստ հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի` մինչեւ այժմ 5 հազար դրամ նվազագույն աշխատավարձ ունեինք, եւ սոցիալական ապահովագրության վճարն էլ ամեն հաստիքի դիմաց 5 հազար դրամ էր: Նոր առաջարկով սոցվճարը կազմելու է 7 հազար դրամ: Պարտադիր սոցիալական վճարներն, ինչպես հայտնի է, վճարում են գործատուները: Մի ուրիշ առաջարկով համաներում է խոստացվում Հայաստանի 47 հազար այն անհատ ձեռնարկատերերին, ովքեր վերջին 4 տարիներին սոցապահովագրության գումարներ չեն վճարել:
Հայաստանի անհատ ձեռներեցների թիվն ընդհանրապես 67 հազար է, փաստորեն նրանց 2/3-ը սոցապահովագրության վճարների գծով իր հարկային պարտավորությունը չի կատարել (տարեկան յուրաքանչյուր ձեռներեց պետք է վճարի 60 հազար դրամ): Ըստ Ա. Ալավերդյանի` չվճարման պատճառները տարբեր են. մի մասը բացակայում է Հայաստանից կամ մի ուրիշ օբյեկտիվ պատճառով գործունեություն չի ծավալել եւ այդ պատճառով հնարավորություն չի ունեցել վճարելու, մի մասն էլ պարզապես ցանկություն չի ունեցել վճարելու: «Եկել է ժամանակն ամփոփելու 4 տարվա փորձը եւ առաջարկելու մեր ձեռնարկատերերին. կամ վճարեք` ձեր կարգավիճակը պահելով, կամ էլ կլուծարվեք 2006 թվականի առաջին կիսամյակի ընթացքում», ներկայացվող առաջարկների տրամաբանությունը ներկայացրեց Ա. Ալավերդյանը: Քննարկումների ընթացքում հնչող թվերը նոր չէին, բայց միատեղ հնչելով` սթափեցնում էին. Հայաստանում կենսաթոշակառուների թիվը (475 հազար) գերազանցում է զբաղված բնակչության (430 հազար) թվին, ունենք 230 հազար բյուջետային աշխատողներ, եւ անհրաժեշտ է գործատուների եկամուտների հաշվին ապահովել կենսաթոշակների նոր բարձրացումները: Իսկ 47 հազար ձեռներեցից որքա՞նը կվերագրանցվեն, որքանի՞ց հնարավոր կլինի անցած 4 տարվա սոցվճարի 30 տոկոսը (որը նույնպես 60 հազար դրամ է կազմում) ստանալ. Ա. Ալավերդյանը հույս ուներ, որ վճարողների թիվը կարող է մոտենալ 10 հազարի: Թվաբանական գործողությունները թողնում ենք ընթերցողին: Այս փոփոխությունները, կողմնակիցների հետ մեկտեղ, ընդդիմախոսներ էլ ունեցան. օրինակ, ըստ «Արդարությունից» Վիկտոր Դալլաքյանի` այս փոփոխությունները հետեւյալ վտանգներն են պարունակում` զբաղվածության կրճատում, թաքնված զբաղվածության մեծացում: Իսկ նորաստեղծ աշխատանքի տեսչության համար էլ կաշառակերության դուռ կբացվի: Նա առաջարկեց թոշակները բարձրացնել ստվերային դաշտը հարկելով, օրինակ` բենզինի ներկրումից տարեկան չհարկվող 55 մլն դոլարից (Համաշխարհային բանկի տվյալներն են): Իսկ այդքան քիչ բարձրացվող թոշակների գումարները` 2 հազար դրամ, կփոշիանան հենց թեկուզ նավթի ու բենզինի համաշխարհային գների բարձրացման արդյունքում, բոլոր ապրանքների գների թանկացումից: Այսպես թե այնպես` այդ փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական խմբակցություններն իրենց կարծիքը կարտահայտեն այսօր:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ